Շոյգուն խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների մասին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է բարդ առաջադրանքներ՝ պատերազմող կողմերին բաժանելու հարցում և ներկայում լուծում է տարածաշրջանում պլանային խնդիրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտպանական գերատեսչությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մեր խաղաղապահ ուժերի ներդրմամբ մենք կարողացանք հանգստացնել իրավիճակն այնտեղ, իսկ հետո պլանային աշխատանքի կատարման քայլեր են իրականացվում։ Հիմա դրանք արդեն կարելի է անվանել պլանային։ Աստիճանաբար կյանքը վերադառնում է այդ տարածաշրջան։ Այնտեղ ավելի ու ավելի շատ խաղաղություն և հանգստություն կա»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ դրանում մեծ է բոլոր նրանց վաստակը, որոնք զբաղվել են բժշկական, հումանիտար օգնության ցուցաբերմամբ։ «Եվ, իհարկե, բոլոր նրանց, որոնք շուրջօրյա կանգնած են խաղաղապահների դիրքերում»,- ասել է Շոյգուն։

Նա երախտագիտություն է հայտնել «բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքայիններին, սերժանտներին, որոնք այդ ամբողջ ընթացքում ծառայում են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և արտերկրի մյուս բազաներում»։

Աղբյուր՝ Factor.am