Պատանիները պարտադիր գրականությունը մերժում են՝ ծանր աշխատանք համարելով, դրա հետևանքով աղքատանում է բառապաշարը․ Դավիթ Սամվելյան

Լուսանկարը՝ Երվանդ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր, արձակագիր Դավիթ Սամվելյանը

– Պարո՛ն Սամվելյան, տարեցտարի ընդունելության քննությունների արդյունքները ցույց են տալիս, որ շրջանավարտները բավարար չափով չեն տիրապետում մայրենի լեզվին։ Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ է պայմանավորված հայոց լեզվի իմացության մակարդակի անկումը։

– Պատճառները մի քանիսն են, բայց, իմ կարծիքով, առաջնայինն այն է, որ այսօր համացանցում դեռ շարունակում են լատինատառ գրել, առօրյա շփման մեջ գոնե, հրապարակումներն աշխատում են հայատառ գրել, թե ինչքանով է դա գրագետ հայերեն, հարցի մյուս կողմն է: Համարում են, որ լատինատառ գրելն արագ է, բայց դրանով քողարկում են հայերենի իրենց չիմացությունը:

Սա, բնականաբար, քիչ ընթերցելու հետևանք է, ոչ միայն դասերը լավ չսովորելու, այլև՝ առհասարակ գիրք չկարդալու: Քիչ ընթերցելու հետևանքով բառապաշարն է աղքատիկանում, բառերի ճիշտ կիրառության հմտությունն է նվազում, էլ չեմ ասում, որ պարզ ուղղագրությունը մարդիկ չեն իմանում: 

Մյուս պատճառը, ես կարծում եմ, այս ռոբոտացումն է, այսինքն՝ քննությունները դեռ շարունակում են մնալ թեստային տարբերակով, ինչը մարդու ուղեղին չի ստիպում վերլուծական աշխատանք տանել, թեստային տարբերակը ավելի շատ հիշողության վրա է հիմնված: Իհարկե օբյեկտիվ լինելու համար պետք է ասեմ, որ այսօր ավելի շատ են կարդում, քան մի հինգ տարի առաջ, բայց, ամեն դեպքում, այն, ինչը կարող է զարգացնել մարդու մտածողությունը, ամրապնդել մայրենի լեզվի իմացությունը, չկա: Խոսքը պարտադիր ընթերցանության գրքերի մասին է, պատանիներն այս գրականությունը մերժում են, որովհետև ծանր աշխատանք են համարում:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է կարդան դպրոցականները, որպեսզի մայրենի լեզվի իմացությունն ամրապնդվի։

– Ընդհանրական այդպիսի ցանկ չկա, բայց դա կարող է լինել իրենց ծրագրային հեղինակները, այսինքն՝ այն գրողները, որ աշակերտներն անցնում են դպրոցում, գոնե ամառային արձակուրդին կարդան այդ գրողների գործերը: Ամառը պետք է օգտագործել կարդալու համար: 

– Տոկոսային տվյալներ կա՞ն, թե որքան է ավելացել ընթերցողների թվաքանակը ձեր ասած նախորդ հինգ տարիների համեմատ:

– Այդպիսի վիճակագրություն գոյություն չունի, դա կարող ես ունենալ՝ ելնելով վաճառքներից, բայց դա էլ է հարաբերական: Եթե այսօր միայն «Երևանյան բեսթսելլերն» է արվում «Արմենպրեսի» կողմից, բնականաբար, դա ողջ հանրապետության պատկերը չի ներկայացնում, ընդ որում՝ Երևանյանն էլ հիմնվում է խոշոր գրախանութների վրա, բայց այսօր նույնիսկ սուպերմարկետներում գիրք են վաճառում, հետևաբար դա էլ ամբողջական պատկերը չի արտացոլում: 

Բայց այսօր այն, ինչ կարդում են, այսինքն՝ գրքերի անվանացանկը, շատ խորքային ու երկարատև ազդեցություն թողնող գրքեր չեն, նման գրքերի ընթերցանությունը այդքան շատ չէ, ավելի շատ կարդում են այն գրքերը, որոնց մասին շատ է խոսվում, իսկ դրանք հիմնականում թեթև ընթերցանության գրքեր են: Ամռանը հատկապես բոլոր տեղերում ընդունված է, որ թեթև գրականություն կարդան. մարդը ծովափ է գնում, թեթև, սիրային գիրք է նախընտրում, արագ ընթերցվող գրքեր են նախընտրում, սա նորմալ պրակտիկա է: 

– Պարո՛ն Սամվելյան, մոտիվացնող գրականությունը շարունակո՞ւմ է պահանջված մնալ:

– Որոշակի չափով կա, բայց մի քանի անուն գրքեր կան, որոնք մշտապես պահանջարկ ունեն, դրանցից մեկը, օրինակ՝ «Ատոմային սովորություններ» գիրքն է, որն այդ ժանրի՝ մոտիվացնող չասենք, ավելի շատ ինքնազարգացմանն է նպաստում: Բայց գեղարվեստական գրականության ընթերցանությունն ավելի շատացել է, բնականաբար, կյանքն արագ է ընթանում, ու այսօր մարդիկ ուզում են հարցերի պատասխանները շուտ ստանալ, չծանրաբեռնել ուղեղը, բայց այն մարդիկ, որոնք հեռուն են նայում ու արագ արդյունք չեն ուզում, կարդում են գեղարվեստական գրականություն ու տարիներ հետո կզգան իրենց վրա այդ հիմնավոր դրական ազդեցությունը:

– Ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ դպրոցական երեխաներին, որ նաև նպաստի հայոց լեզվի իմացությանը, ամրապնդմանը,:

– Դրա համար շատ կարևոր է, որ թարգմանությունները լավը լինեն, որովհետև այսօր լայն պահանջարկ ունի թարգմանական գրականությունը, քան հայ հեղինակները: Պետք է նայել թարգմանությանը առաջին հերթին, որովհետև թարգմանությունը պետք է ընկալելի ու ճիշտ հայերեն լինի: Կառաջարկեմ «Քաղցած խաղեր» գիրքը, որն անտիուտոպիա է համարվում, որի թարգմանությունը հրաշալի է, «Փոքրիկ կանայք» վեպն է լույս տեսել, որի թարգմանությունը ևս շատ լավն է ու շատ ուսուցողական գիրք է՝ հատկապես դեռահաս աղջիկների համար, որը սովորեցնում է ընտանեկան հարաբերություններ, դժվարությունների հաղթահարում: 

Տղաներին խորհուրդ կտամ տղամարդ ու երկրի լավ քաղաքացի դառնալու համար կարդալ հույն գրող Քսենոֆոնի «Կյուրոպեդիան»: Մի քիչ շատ կարդացած ու ժամանակակից հայ գրականություն սիրող մարդկանց, նորագույն ժամանակների նկատի ունեմ, խորհուրդ կտամ կարդալ Հրանտ Մաթևոսյան ու Վանո Սիրադեղյան, ընթերցողն այս հեղինակների միջոցով կծանոթանա նոր, լավ հայերենին:

– Ի՞նչը կարող է մարդկանց մոտ ընթերցելու ցանկություն առաջացնել:

– Դա ընդհանուր շղթա է, նախ դա գալիս է ընտանիքից, ծնողները պետք է  ընթերցեն, որ երեխան այդ օրինակը տեսնի, երկրորդը՝ գրադարանավարների ու գրախանութում աշխատողների գործոնն է, նրանք պետք է մաքսիմալ լավ խորհրդատու լինեն, այնպիսի խորհուրդ չտան,որ  ընթերցողը հիասթափվի գրքից: 

Այս երեք օղակները շատ կարևոր են, բայց ամենակարևորը դպրոցում հայոց լեզվի ու գրականության ուսուցչի դերն է: Մարդկանց պետք է բացատրել, որ ժամանակատար գործ է գիրք կարդալը, այո՛, բայց դու դրանով դառնում ես խելացի, խելացի մարդ, որն ունի երևակայություն, ինչն այսօր մարդկանց մեջ պակասում  է, դրա համար էլ զրույցներն այսօր շատ կարճ են տևում, մարդիկ սահմանափակ բառապաշարով են: Մարդը պետք է հետաքրքիր լինի, իսկ դրա նախապայմաններից մեկը ընթերցանությունն է: Գրականությունն օգնում է, որ մարդկանց ու շրջապատող աշխարհին ավելի խոր ծանոթանաս:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am