Ի՞նչ է ակնարկում Ֆրանսիայի դեսպանը՝ հրապարակելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լուսանկարը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել Ֆրանսիայի քաղաքացիներին վերադառնալ Ֆրանսիա։ 

Մեկնաբանություններից մեկում ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ֆրանսիայում ավելի ապահո՞վ է, նա պատասխանել է, որ բժշկական ենթակառուցվածքների առումով՝ այո։ 

Այնուհետև մեկ այլ մեկնաբանությունում դեսպանը գրել է․ «Դուք, իհարկե, ազատ եք նախընտրել Նորքի հիվանդանոցը»` կցելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ցուցանակը։ 

Այնուհետև, ի պատասխան մեկ այլ մեկնաբանության, որում դեսպանին մեղադրել են Հայաստանի հանդեպ քամահրանքի համար, նա նշել է, որ ոչ մի արհամարհանք չկա նրանում, որ խրախուսում են ոչ ռեզիդենտ ֆրանսիացիներին հեռանալ Հայաստանից, որպեսզի «անհրաժեշտության դեպքում ծանրաբեռնված չլինի տեղական հիվանդանոցային համակարգը, որի փխրունությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ»:

«Միևնույն ժամանակ, ամեն տարի հազարավոր հայեր են գալիս Ֆրանսիա՝ բուժում ստանալու համար, և մենք չենք կարող նրանց մեղադրել (նույնիսկ եթե նրանք իրենց հետևից թողնում են զգալի պարտքեր հիվանդանոցներում)»,-հիշեցրել է դեսպանը մեկ այլ մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազարի, արձանագրվել է մահվան 372 դեպք:

Ֆրանսիայում աննախադեպ իրավիճակ է: Հայտարարվել է Արտակարգ իրավիճակ, որն ուղեկցվում է պարետային ժամով: Քաղաքացիների շարժը հասցված է նվազագույնի: Խանութ կամ դեղատուն գնալու համար, քաղաքացիները ստիպված են իրենք իրենց տեղեկանք տալ, որտեղ «երդվում են», որ դուրս են եկել փողոց հենց այդ նպատակով: