ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին է փոխանցվել Գուգարք համայնքի ղեկավարի կողմից համայնքին պատճառված 12մլն. դրամը

Հեղինակ MediaLab

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2005 թվականի հոկտեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձ վճարելու պատրաստակամության մասին, նպատակադրվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը և լրացուցիչ եկամուտներ ապահովելուն:

Այդ նպատակով նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցույթ անցկացնելու համար հիմքեր ստեղծելու նպատակով պահանջել է, որպեսզի իր կինը նշված հողատարածքը վարձակալելու մտադրության մասին համապատասխան դիմում ներկայացնի համայնքապետարան:

Այնուհետև, անձամբ նախաձեռնելով հողատարածքի հատակագծման աշխատանքները, ստեղծելով և ղեկավարելով մրցութային հանձնաժողովը, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող իր կինը, ում հետ 2007 թվականի հունիսին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով և տարեկան 2000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրել վերջինիս։

Համայնքի ղեկավարը կնոջ հետ հողամասի վարձակալության պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007 թվականի հուլիսին, վերջինիս միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1․020․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել  է հեռահաղորդակցության աշխատանքներով զբաղվող ՓԲ ընկերությանը, որի արդյունքում, մինչև 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ստացել է ընդհանուր 12․489.500 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ այդ  կերպ էական վնաս պատճառելով Գուգարք համայնքի իրավունքներին և օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12.489.500 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու և հողամասն իր նպատակային ու գործառնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից։

Բացի այդ, համայնքի ղեկավարը, նույն ժամանակահատվածում խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հիշյալ հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ինքնակամ ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մասին, տևական ժամանակ՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ համայնքի սեփականություն հանդիսացող նշված հողամասի ինքնակամ զավթումը, դրա վրա առանց թույլտվության շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու, ինչպես նաև՝ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած  անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուգարք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն չարաշահելը) 2-րդ մասով և 315.2-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն):

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին փոխանցելով 12.494.000 ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն: