Ճիշտ է՝ դրական միտում կա, բայց չի կարելի ասել՝ հաղթել ենք կորոնավիրուսին և եկեք վերադառնանք մեր նախկին կյանքին․ համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցազրույցը ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ

Տիկին Տեր-Ստեփանյան, կառավարությունն այսօր որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը, իհարկե որոշ մեղմացումներով, որոշ սահմանափակումներ վերացնելով։ Ի՞նչ եք կարծում դրա համար կային հիմքեր։

-Արտակարգ դրության իմաստն այն է, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը խիստ վերահսկվի։ Իսկ այն, որ կանոնների պահպանումը հիվանդացության դեպքերի նվազումը չի բացառում, դա միանշանակ է։

Այն, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների մեղմացումներ են կատարվում, դա չի նշանակում, թե պետք է թուլանանք, դիմակները հանենք ու չհետևենք կանոններին։

Եթե արտակարգ դրությունը օգնելու է, որ կանոնների վերահսկումը լինի ավելի նպատակաուղղված, ուրեմն արտակարգ դրության երկարաձգումը հիմնավորված է։

Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է համաճարակային վիճակը, որպես մասնագետ նվազում դուք տեսնո՞ւմ եք։

-Միանշանակ, նվազում իհարկե, կա։ Կա նաև դրական թեստերի մասնաբաժնի նվազում, իսկ դա խոսում է այն մասին, որ վարակի աղբյուրները մեծ մասամբ հայտնաբերված են և հսկողության տակ են։

Իսկ դա ենթադրում է, որ համաճարակային պրոցեսի շարունակությունը ընդհատվելու է, որովհետև եթե վերահսկվում է վարակի աղբյուրը, ուրեմն համաճարակային պրոցեսը ընդհատվում է, չի շարունակվում։

Այս առումով, մենք իհարկե, ունենք դրական միտում։ Բայց սա չի կարելի վերջնական հաղթանակ համարել, տոնել ու ասել՝ COVID-19-ը հաղթահարել ենք, եկեք վերադառնանք մեր նախկին ապրելակերպին։

Ի՞նչ պետք է անել։

-Պետք է խստագույնս հետևել հակահամաճարակային կանոններին։ Այսօր մեր ունեցած միակ զենքը կանոններին հետևելն է, շարունակական հետևելը և դա վարքագիծ դարձնելը։ Առայժմ այդպես պետք է ապրել կորոնավիրուսի հետ, մինչև պատվաստանյութը կհայտնաբերվի, որը կկանխի վարակը։

Տիկին Տեր-Ստեփանյան, հայտարարվեց, որ սեպտեմբերի 15-ից դպրոցները կվերաբացվեն։ Դա ռիսկային չէ՞ ըստ Ձեզ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այդ ժամանակաշրջանում սուր շնչառական վիրուսն է գլուխ բարձրացնում, տարածվում։

Այո, որովհետև ինչքան շատ է շփումը, այնքան վարակի տարածման հավանականությունը մեծանում է։

Բայց ինչքանով ես տեղեկացված եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առողջապահության նախարարության հետ միասին մշակում է կանոնակարգ դպրոցների վերաբացման համար՝ պահպանելու կանոնները, դասարաններում փոքրացնելու աշակերտների թիվը, դասաժամի տևողությունը։

Այդ կանոնների պահպանումը կունենա դրական արդյունքներ։ Բայց երեխաները ամեն դեպքում պետք է շարունակեն իրենց կյանքը ու հետ չմնան ուսումնական պրոցեսներից։ 

Իսկ ի՞նչ եք կարծում դասարաններում ինչ-որ հատուկ սարքեր անհրաժե՞շտ են միմյանցից հեռավորություն պահպանելու համար։ Մենք նման միջոցներ տեսնում ենք արտերկրի շատ դպրոցներում, որ կիրառվում են։

Այո, սոցիալական հեռավորության պահպանումը միանշանակ անհրաժեշտ է, ձեռքերի հիգիենան պետք է պահպանվի, դիմակները երեխաների շրջանում ևս, կարծում եմ, պետք է լինեն։ Այսինքն՝ այն երեք կանոնները, որոնց մասին մենք արդեն յոթ ամիս է, ինչ մշտապես խոսում ենք, պետք է խստորեն պահպանվեն, պրոյեկտվեն նաև դպրոցի վրա, որպեսզի նրանք ևս ապրեն այդ ռեժիմում։

Պարբերաբար ջերմաչափումներո՞վ․․․

-Այո, պարտադիր, վարակի հավանական հայտնաբերում, մեկուսացում։ Բոլոր կանոները, ինչքանով տեղյակ եմ, արդեն փաստաթղթի ձևով մշակված են և կծանոթանանք շուտով դրանց։

Իհարկե, հակահամաճարակային կանոնները պահպանելով են դպրոցները վերաբացվելու։ Ես կարծում եմ՝ մեր բնակչությունը պետք է մի քիչ հանդուրժող լինի, որովհետև գնալով դառնում են անհանդուրժող հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։ Դիմակներ կրելը դարձել է ազգի թշնամու պես մի բան։ Իհարկե, պարզ է, որ շոգ է, դժվար է, բայց դա մեր միակ ելքն է։

Զուտ համաճարակաբանի տեսնակյունից, ի՞նչ եք կարծում, աշնանը կարո՞ղ ենք երկրորդ փուլի սպասել։

-Չի բացառվում։ Երբեք չի բացառվում, որովհետև մեզ պետք է պոպուլացիոն իմունիտետ, իսկ դա կարող է լինել կամ բնական ճանապարհով՝ մարդը վարակվեց, առողջացավ, ձեռք է բերում իմունիտետ, կամ պատվաստանյութի միջոցով ձեռք բերված իմունիտետ։

Քանի դեռ մենք չունենք պատվաստում, մենք պետք է ունենանք բնական, պոպուլյացիոն իմունիտետ՝ գոնե պոպուլացիայի 60 տոկոսի շրջանում։ Իսկ մեր վարակված դեպքերի թվով 60 տոկոսին դեռ չենք հասել։ Այսինքն՝ խոցելի խումբ միանշանակ դեռ ունենք, որոնք չվարակվածներն են։ Սակայն չի բացառվում, որ վարակվածների մոտ ևս վարակը կրկնվի։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am