Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ահմեդովը խորհրդարանի հատուկ նիստում, որը նվիրված էր «Վաշինգտոնի համաձայնագրեր. խաղաղ դիվանագիտության և խոհեմ առաջնորդության հաղթանակ» թեմային, հանդես է եկել հայտարարություններով։
Նրա խոսքով՝ ներկայումս «ստեղծվում է ժամանակակից նոր պատմություն», և այդ գործընթացում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «գրում է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի պատմությունը»։ Ահմեդովը ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի ուժը պայմանավորված է տնտեսությամբ, բանակով և դիվանագիտությամբ, և անկախության տարիներին Ադրբեջանը բոլոր երեք ոլորտներում նշանակալի առաջընթաց է արձանագրել։
«2020-ին՝ վերականգնելով տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը ցուցադրեց իր ռազմական ուժը։ Դիվանագիտական ոլորտում էլ վերջին տարիներին հաջողություններ են գրանցվել, որոնց գագաթնակետը Վաշինգտոնի գագաթնաժողովն էր։ Այս հաջողությունները կապված են Իլհամ Ալիևի անձի և առաջնորդության հետ։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո տարբեր երկրների ղեկավարների ուղերձները նրա միջազգային հեղինակության վկայությունն են»,- ադրբեջանական լրատվամիջոնցերի հաղորդմամբ ասել է Ահմեդովը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև նոր կապերի հաստատումը կարևոր քայլ է միջազգային ինտեգրման ընդլայնման և, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար։
Ահմեդովը նաև առաջարկել է Զանգեզուրի միջանցքին տալ Իլհամ Ալիևի անունը։ «Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կրում է Հեյդար Ալիևի անունը, այնպես էլ Զանգեզուրի միջանցքը պետք է կրի Իլհամ Ալիևի անունը»,- նշել է նա։



















