Արտակ Բեգլարյանը համոզված է, որ ռուս խաղաղապահները երկար ժամանակով են գտնվելու Արցախում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Արցախից արտագաղթը կանխելու համար երկու հիմնական քայլ է տեսնում` երկարաժամկետ անվտանգության ապահովում և բնակարանային հարցերի հնարավորինս արագ և արդյունավետ լուծում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արտակ Բեգլարյանն այդ մասին ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Արցախի կառավարությունը ի՞նչ ծրագրեր է մշակում արտագաղթը վերացնելու համար:

«Իհարկե, անվտանգությունը գլխավորն է. մարդիկ պետք է զգան, որ այստեղ անվտանգ է և իրենց երկարաժամկետ կյանքը պլանավորեն: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական շրջանի` 2020 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվարի ամիսների, արդեն մեզ համար և ժողովրդի համար էլ ակնհայտ է, որ անվտանգության  պայմաններն ավելի արդյունավետ են, քան շատերը սպասում էին: Մեր ակնկալիքները ավելի վատ էին և բացասական, քան իրականությունը եղավ: Սա լրացուցիչ դրական միտումներ է տալիս և դրական հույս տալիս մեր հասարակությանը, որ կարող է երկարաժամկետ կյանք պլանավորել այստեղ»,- ընդգծեց Բեգլարյանը:

Պետնախարարն անդրադարձավ նաև այն մտահոգություններին, թե ի՞նչ է լինելու հինգ տարի հետո, երբ ռուս խաղաղապահների` Արցախում մնալու ժամկետը ավարտվի: Բեգլարյանը միանշանակ կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հինգ տարով չէ սահմանափակված:

«Թե լուծումները ինչպիսի կլինեն, ժամանակը ցույց կտա, նաև գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան, բայց ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք ունենալու ենք այստեղ ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե, մեր Պաշտպանության բանակը իր մասով երաշխավորում է անվտանգությունը և ժամանակի ընթացքում, կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու: Մեր օրակարգը խաղաղ բանակցային գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»,- եզրափակեց Բեգլարյանը: