Ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում․ Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները չեն շարունակվում՝ մասնավորապես սահմանային վերջին միջադեպերից ի վեր: «Արմենպրես»ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, որը հայկական կողմից գլխավորում է աշխատանքային խումբը:

«Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում: Բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն մի դեպքում, եթե ֆոնը և ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Այս իրավիճակում և սահմանում այս իրադրությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են այդ հարթակի մասով»,-ասաց Գրիգորյանը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: 

Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ն:ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը   Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: