ՀՀ դեսպանն ու Հունաստանի բնապահպանության և էներգետիկայի հարցերով նախարարը քննարկել են ոլորտում նախատեսվող ծրագրերը

Փետրվարի 21-ին Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի բնապահպանության և էներգետիկայի հարցերով նախարար Կոստաս Սկրեկասի հետ: Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացրեց նախարարին Հայաստանի բնապահպանական և էներգետիկ ոլորտների ծրագրերի հեռանկարների և կարգավիճակի մասին: Այդ համատեքստում կարևորվեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող բնապահպանության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերը:

Զրուցակիցները համաձայնեցին, որ այդ ոլորտներում հնարավոր են ծրագրեր իրականացնել նաև երկկողմ ձևաչափով, հատկապես այլընտրանքային էներգիայի աղբյուրների, անտառային և խոտածածկ տարածքների անտառային հրդեհների կանխարգելման ուղղություններով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: