Ոսկեզօծ զուգարանակոնքը՝ որպես «ճաշակների պատերազմի» խորհրդանշան

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան մասին հրապարակումը, որն ուղեկցվում էր ոսկեզօծ նկարներով, բուռն կրքեր է բորբոքել: Հետաքրքիր է, սակայն, որ ֆեյսբուքահայությունը, թալանից բացի, ակտիվորեն քննարկում է տան ինտերիերի ճաշակը: «Ինչպե՞ս կարելի է նման միջավայրում ապրել»,- աղաղակում են շատերը մեկնաբանություններում: 

Հանուն արդարության պետք է ասել, որ սա առաջին նման քննարկումը չէ: Ճաշակի հարցը հաճախ է դուրս պրծնում, երբ խոսք է գնում անկախության տարիներին հարստացած անձանց մասին: Հագուկապը, վարքուբարքը, խոսքը, նախընտրած երաժշտությունը և, իհարկե, տան ինտերիերը պարբերաբար քննարկվել են հասարակության շրջանում: Բայց գոնե իմ զգացողությամբ այս անգամ այս ամենը մի նոր թափ է ստացել: Ինչո՞ւ: Սա հետաքրքիր հարց է, որի պատասխանը, կարծում եմ, չի տեղավորվում միայն «չտես և ոչ չտես» բանաձևում: 

Այս խնդիրը միայն հայաստանյան չէ: Ռուսական հանրահայտ «Քամեդի քլաբ» շոուն մի հումոր ունի, որտեղ իբր իտալացի վարպետը, նայելով ռուս չինովնիկի ոսկեզօծ զուգարանակոնքին, ասում է. «Այնպիսի տպավորություն է, ասես մարդիկ, որոնք խոնարհվում են կղանքի առջև, նրա համար տաճար են կառուցել»: 

Ինչո՞ւ է այսպես…

Երբևիցե զգացե՞լ եք, որ ամբողջ աշխարհում լայն զանգվածներն անճաշակ են համարվում: Նրանք ամենուր սպառում են ցածրաճաշակ համարվող երաժշտությունը, շոուները, գույները, շորերը և այլն, և այլն: Իսկ նկատե՞լ եք, որ իրենց բարձր ճաշակով, որպես կանոն, առանձնանում են էլիտաները, կամ նրանք, ովքեր բարձր ճաշակի ներկայացուցիչ են, գոնե էսթետիկայի դաշտում իրենց էլիտա են համարում: 

Եթե պարզեցնենք, այս գործընթացը հետևյալ հերթականությունն ունի. սկզբում ինչ-որ բան դառնում է զանգվածային, բոլորը դա հավանում են, հետո մարդկանց մի խումբ, որը ձգտում է առավելագույնս տարբերվել լայն հանրությունից, քանի որ նա է ձգտում էլիտա դառնալ կամ մնալ, սկսում է այդ լայն տարածում ունեցող ճաշակից բառի բուն իմաստով զզվել, հանդես գալ իր «կոնտրճաշակով»: 

Կոմունիզմը հեղափոխությամբ գահընկեց արեց ոչ միայն ռուս ցարին, այլ նաև ցարական Ռուսաստանի արքունիքի ամբողջ էսթետիկան և ճաշակը: Ստալինը խորհրդային զուսպ, ասկետիկ ճաշակի երևի թե ամենացայտուն կրողն էր: Հիրավի նոր երկրի խորհրդանշան: 

Հետո եկան խորհրդային նոր իշխանավորներ, որոնք Ստալին չէին և ուզում էին դա ընդգծել: Եվ չնայած արտաքին տեսքից կարող է նույն կոստյումով լինել, բոլորը գիտեին, որ խորհրդային էլիտան, անկախ նրանից, դա կլիներ սոցիալական բուրգի վերևում գտնվող չինովնիկ թե ռեժիսոր, իր կյանքը և շրջապատը փորձում էր ձևել հակառակ ստալինյան ասկետիզմի: 

Արքունական Ռուսաստանի ճաշակից կտորներ էին մնացել, քանի որ այդ արժեքները կրողներն այլևս չկային, դրա համար նրանք զարդարում էին և ձևավորում էին իրենց ճաշակը ըստ ձեռքի տակ եղած կիսատ-պռատ ինֆորմացիայի: Ինչպես դա հաճախ է լինում, էլիտայից այս ճաշակը կամաց-կամաց իջավ լայն հասարակության գիրկը: Արդյունքում՝ մեզնից երևի թե յուրաքանչյուրը կհիշի տատիկի կամ մայրիկի հյուրասենյակում խնամքով պահված ռոկոկո սպասքը: 

Հետաքրքիր է, որ այս ամենի արդյունքում Խորհրդային Միության դեմ պայքարողները 80-ականների վերջին դարձան նույն ստալինյան ասկետիզմի, զուսպ ճաշակի կրողը, այս անգամ, սակայն, ազգային երգ ու պարի կամ ռոք երաժշտության ռիթմերի ներքո: 

Այդուհանդերձ, իրավիճակն այնպես փոխվեց, որ հետխորհրդային շատ երկրներում իրադարձություններն այնպես զարգացան, որ հիմնականում հարստություն կարողացան դիզել կամ նախկին կուսակցականները և իրենց ընտանիքի անդամները, կամ նախկինում այսպես կոչված լայն զանգվածների ներկայացուցիչները:

Իսկ նրանք հենց այն ճաշակի ներկայացուցիչներն էին, որոնց տանը ռոկոկո սպասքը, անկախ դրա առկայությունից, խոսում էր սոցիալական դիրքի մասին: Արդյոք արժի՞ զարմանալ, որ գումար ունենալու դեպքում այս մարդիկ պետք է ձգտեին ավելացնել ռոկոկոյի քանակը: Մարդկանց այս խմբի մտածելակերպում քանակը որոշիչ է: Ինչպես փողի քանակն է որոշում սոցիալական դիրքի բարձրությունը, այնպես էլ ոսկեզօծ զարդանախշերն են հուշում, որ գործ ունեք էլիտայի հետ: 

Ճաշակը սոցիալական հստակ ցուցիչ է: Ճաշակը խոսում է այն մասին, թե սոցիալական որ խմբի ներկայացուցիչ եք դուք: Մարդիկ իրենց վատ են զգում, երբ ստիպված են լինում լսել, իրենց կարծիքով՝ անճաշակ երաժշտություն կամ գտնվել անճաշակ վայրում: Եվ եթե մեր հասարակությունը սկսել է ավելի ու ավելի ակտիվ քննարկել խորհրդային «ռոկոկո» ճաշակը, սա նաև ցուցիչ է, որ ժամանակներն իսկապես փոխվում են:

Սա իշխանափոխության հետ կապ չունի: Սա շատ ավելի ֆունդամենտալ գործընթաց է, որը երեկ չի սկսվել և հաստատ վաղը չի ավարտվելու: 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am