Աղավնոյից ու Բերձորից 20 ընտանիք հաստատվել է Սյունիքի մարզում

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ ունեին իրենց բնակավայրերից դուրս գալու համար, քանի որ այդ բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ պայմանավորված Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի գործարկմամբ:

Այս օրերին բնակիչները վերջին իրերն են դուրս բերել տներից, տարհանվում են մշակութային կոթողները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը, անդրադառնալով Բերձորից և Աղավնոյից տարհանված բնակչության տեղավորման հարցին, նշեց, որ այդ բնակավայրերի բնակիչների մեծամասնությունը ցանկություն է հայտնել հաստատվել Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում:

«Արցախում հաստատվող ընտանիքների թիվը դեռ հստակ չէ։ Օգոստոսի վերջին պատրաստ կլինեն տարհանված ընտանիքների բնակարանների ձեռքբերման համար նախատեսվող սերտիֆիկատները: Ըստ այդմ՝ նրանք կհաստատվեն այն բնակավայրերում, որտեղ իրենք ցանկություն կունենան»,-մանրամասնեց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակը։

Բերձորի,Աղավնոյի բնակիչներից շատերը իրենց ապաստանն են գտել Հայաստանի Սյունիքի մարզում, մյուսները տեղափոխվել են այն բնակավայրեր,որտեղ հարազատներ ունեն: Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը տեղեկացրեց, որ Բերձորից և Աղավնոյից իրենց մոտ բնակություն հաստատելու ցանկություն է հայտնել 20 ընտանիք:

«Վերջին ընտանիքը երեկ արդեն տեղափոխվել է մարզ: Մինչ այժմ Սյունիքի մարզպետարանն աջակցել է բեռնափոխադրումների հարցում,օգնել ենք կացարան գտնել: Հիմնականում իրենք տեղափոխվել են Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններ: Վաղվանից մարզպետարանի աշխատակիցները շրջայց կկատարեն տներով՝ կարիքները գնահատելու և հասկանալու համար, թե ով ինչպես է տեղավորվել»,-նշեց նա՝ հավելելով, որ մարզպետարանը մշտական ուշադրության կենտրոնում է պահելու այդ ընտանիքների խնդիրները՝ փորձելով դրանց համապատասխան լուծում տալ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կոնկրետ Աղավնոյի և Բերձորի հետ կապված սոցիալական առանձին ծրագրեր չկան, սակայն Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների համար բնակարանային ապահովության պետական աջակցության հիփոթեքային ծրագիր է գործում: «Եթե իրենք համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, դիմեն ըստ ընթացակարգի, ինչպես մյուս շահառուները,կարող են ևս օգտվել ծրագրից»,-ասաց նա:

Մեր հարցմանը, թե Աղավնոյից ու Բերձորից եղել ե՞ն ընտանիքներ, որոնք դիմել են Երևանում բնակություն հաստատելու համար, Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ոչ ոք այդ հարցով չի դիմել։