«Չգիտեմ՝ ինչու Հայկ Մարությանը չի աջակցել իշխանությանը, բայց ես գիտեմ, տեսնում եմ, որ նա քրտնաջան աշխատում է». Լիլիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը

– Իշխանությունները նեղացել են Երևանի քաղաքապետից, որ ընտրությունների ժամանակ չի աջակցել «Քաղաքացիական պայմանագրին»: Դուք ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետի աշխատանքը:

– Ես նրա աշխատանքը լավ եմ գնահատում, նա լավ է աշխատել, մնացածի մասին ոչինչ ասել չեմ կարող:

– Վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում համատարած ապօրինի շինություններ են քանդվում: Ինչո՞վ է սա պայմանավորված, սա ավելի վաղ չպե՞տք է արվեր:

-Ուղղակի ավագանու վերջին նիստի ժամանակ ավագանու մեր անդամներից մեկը շատ սուր էր դրել այդ հարցը: Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչու հիմա սկսվեց, ենթադրություններ էլ անել չեմ կարող: Առաջներում ասվում էր, որ քանդող տեխնիկա չկա:

-Մենք հիշում ենք, որ Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելուց հետո Օպերայի հարակից տարածքներում սկսեցին սրճարանները ակտիվորեն քանդել, բայց այդ գործընթացը կիսատ մնաց, և տևական ժամանակ որևէ ձայն չկար:

-Կիսատ չմնաց, ուղղակի ես գիտեմ, որ երկար ժամանակ դատեր էին ընթանում: Այդտեղ խոշոր սրճարանատերերից մեկը դատը շահել է, և քաղաքապետարանը երկրորդ շարքի սրճարանները վերացնելու հարցում օբյեկտիվ դժվարություններ ուներ, ոչ թե անուշադրության է մատնել: Օբյեկտիվորեն ինքը չունեցավ երկրորդ շարքն էլ լրիվ հանելու հնարավորություն:

-Հայկ Մարությանի շուրջ այս քննադատությունները, ձեր կարծիքով՝ քաղաքական նպատակնե՞ր են հետապնդում, որովհետև նշվում է, որ նա որևէ աջակցություն այս ընտրությունների ժամանակ չի ցուցաբերել իշխանությանը, մինչդեռ խոսնակն ասում է, որ զբաղված է եղել իր պաշտոնեական պարտականությունների կատարմամբ և բնավ չպետք է խառնվեր նախընտրական գործընթացներին:

-Ես ոչ մի նորմալ պատասխան չեմ կարող տալ, ես չեմ կարող մտնել Մարությանի ուղեղի մեջ, հասկանալ՝ այնտեղ ինչ է կատարվում: Ես չգիտեմ՝ ինչու նա չի աջակցել, ես գիտեմ, որ նա քրտնաջան աշխատում է, ես տեսնում եմ դա: Մնացածը ես չգիտեմ:

Աջակցել է, թե չի աջակցել, ինչու չի աջակցել, ինչ ունեին կիսելու, կոնֆլիկտի էությունն ինչն է՝ դա էլ չգիտեմ: Ես միայն ենթադրություններ կարող եմ անել, ինչը չեմ ուզում անել: Հայկ Մարությանը որպես մարդ հաստատ ազնիվ է, ես դա տեսնում եմ, նաև տեսնում եմ, որ նա օրուգիշեր քաղաքապետարանում է և աշխատում է:

-Իսկ ավագանու աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ է հաջողվել անել այս ընթացքում, որքանո՞վ է ավագանին կարողացել ազդեցություն ունենալ որոշումների կայացման հարցում:

– Ավագանու ինստիտուտը վերանայման կարիք ունի: Ավագանին՝ որպես երևույթ, շատ անհասկանալի, շատ քիչ լիազորություններ ունի:

Իրականում ինչքան ես կարողացա հասկանալ այս ընթացքում, ավագանին ստեղծված է որպես մի մարմին, որը հանում է պատասխանատվությունը քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների վրայից, և այդ պատասխանատվությունը բաշխում է 50-60 հոգու միջև, որպեսզի ոչ ոք պատասխանատվություն չկրի:

Ավագանին շատ քիչ լիազորություններ ունի, ինչքան մենք փորձեցինք ինչ-որ բաներ անել, օրինակ՝ աղմուկի դեմ պայքարել, որ օրենք փոխվի, որ Օպերայի հարակից սրճարաններից եկող աղմուկի դեմ քայլ արվի, չհաջողվեց:

Ավագանին ինչ-որ իմաստով ֆիկտիվ բնույթ է կրում, և նրա լիազորությունները պետք է վերանայվեն, որպեսզի այն դառնա իսկապես լիարժեք գործող քաղաքային իշխանություն: Անունը քաղաքային իշխանություն է, բայց իրականում այնքան էլ իշխանություն չէ: Ավագանին լուրջ բարեփոխումների կարիք ունի:

-Իսկ օրենսդիր մարմնին փորձե՞լ եք դիմել այդ հարցով:

-Իհարկե փորձել ենք, առաջարկներ ենք արել, բայց՝ անարդյունք: Ավագանին արդյունավետ չի գործում, որովհետև լիազորությունները շատ սահմանափակ են:

Մենք չենք կարողանում անել այն գործը, որն ուզում ենք, լիազորությունները թույլ չեն տալիս:

Ըստ էության, ավագանին ստեղծվել է նրա համար, որ արդեն կայացված որոշումները, որոնք գալիս են գերատեսչություններից, վավերացնենք: Եթե որոշումն արդեն կայացված է, ինչո՞ւ պետք է ավագանին վավերացնի: Եվ եթե անգամ մենք դեմ ենք քվեարկում, միևնույն է՝ այդ որոշումներն անցնում են:

-Բացի այդ ամենից, ավագանու անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով:

-Այո, հասարակական հիմունքներով է, և մենք բոլորս ունենք մեր հիմնական աշխատանքը: Ավագանու անդամի աշխատանքը նույնը չէ, ինչ Ազգային ժողովի պատգամավորի աշխատանքը, բոլորովին տարբեր է: Ես քաղաքի կյանքի վերաբերյալ շատ ակտիվ վերաբերմունք ունեի, ուզում էի ինչ-որ բան փոխել, բայց կյանքը ցույց է տալիս, որ համարյա չեմ կարողանում որևէ բան փոխել:

Մանե Հարությունյան

MediaLab.am