Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, կրկին ընդգծել է, որ Հայաստանի արագ ռազմականացումը և ռևանշիստական ձգտումները խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտներն են։
Ինչպես հաղորդում է AzerTac պետական լրատվական գործակալությունը, Բայրամովը նշել է, որ Ղազախստանի կողմից Ադրբեջանին և Հայաստանին բանակցությունների հարթակ տրամադրելը 2024 թվականի մայիսին վկայում է այդ երկրի կարևոր դերի մասին խաղաղ գործընթացում։
«Չնայած Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլեր են ձեռնարկել միջպետական հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները, երկրի ռազմականացման արագ տեմպերը և ռևանշիստական ձգտումները մնում են խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտները»,- ասել է Բայրամովը։



















