Անհարմար անկախությունն ու «սերվանդի» միջի պետությունը

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Վարչապետը ճիշտ է։ Անկախությունն իրոք ամենօրյա հանրաքվե է։ Ամեն օր բոլորս արթնանում ենք և մեր վարքով ևս մեկ անգամ դեմ կամ կողմ ենք քվեարկում անկախությանը։ Բայց մեր իշխանությունները սխալվում են անկախության հիմքում դրված ամենակարևոր, բուն իմաստի վերաբերյալ։ Անկախությունը յոգուրտ չէ, որ ուզենք կամ ոչ։ Անկախությունը քվեաթերթիկ չէ, որի դիմաց թռչնակ ենք նկարում կամ ոչ։ 

Զգացեք տարբերությունը։ Պետական անկախությունը կարգավիճակ է, որը թույլ է տալիս պետությանը կայացնել ինքնուրույն որոշումներ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ առանց այլ պետությունների կամ արտաքին ուժերի ուղղակի միջամտության կամ վերահսկողության։ Այսպիսի անկախություն տեսականորեն կարող է ստանալ նաև ստրկատիրական պետությունը։ Այս տեսանկյունից Ալիևի Ադրբեջանն ավելի անկախ է, քան մենք։ 

Մինչդեռ ազգային պետության անկախությունը նշանակում է ոչ միայն վերը նշվածը, այլ նաև նպատակ՝ անկախությունը պետք է ծառայի ի բարօրություն այն քաղաքական խմբին, ազգին, որը այս անկախության կրողն է։ Պետք է ծառայի նրա ապրելու իրավունքի, մշակույթի, ինքնության պահպանմանը, զարգացմանն ու բարեկեցությանը։ Կոպիտ ասած՝ անկախ պետությունը կարող է նաև միապետություն լինել, և էլիտան թքած ունենա բոլոր հպատակների վրա, իսկ անկախ ազգային պետությունը պետք է ծառայի պետականակիր քաղաքացիներին։ 

Ես գաղափար չունեմ, թե ինչ է կատարվում մեր իշխանավորների գլխում, բայց վերջին քսան տարիերինն մենք տեսել և տեսնում ենք նույն բանը։ Հանրությանը պետությունը ներկայացվում է որպես երկնքից ընկած նվեր, «սերվանդի ռոկոկո», որին պետք է փայփայել և վրայից փոշիները վերցնել։ 

Ըստ վարչապետի գրածի՝ անկախությանը ամեն օր կողմ է քվեարկում օրենքով սահմանված հարկերը մուծողը։ 

Լավ։ 

Իսկ հարկերն ինչի՞ համար են։ Անվտանգության բարձրացման, ենթակառուցվածքների զարգացման, համակարգի աշխատանքի, առողջապահության՝ ի վերջո։ Պասպորտ սեղաններից մինչև հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանք, երևանյան ջրհեղեղներից մինչև պարբերական հոսանքազրկումներ։ Ամեն քայլափոխին քաղաքացին բախվում է պետական ենթակառուցվածքների վատ աշխատանքի, մուննաթի և հերթերի։ Բայց, դե, իր քրտինքով վաստակած եկամտի գրեթե կեսն էլ պիտի տա, չի հասկանում, թե ում և ինչու։ Բայց հստակ տեսնում է այդ անարդյունավետ աշխատանքը համակարգողների աշխատավարձերի չափը, սեփական և պետական մեքենաների գինը, և վերջում, երբ նայում է սահմաններին ու չի տեսնում անվտանգություն, մտածում է՝ կարո՞ղ է ինձ խաբում են։ 

Վարչապետը ճիշտ է, երբ ասում է, որ ազնվորեն աշխատող և կաշառք չվերցնող պաշտոնյան ասում է «այո» անկախությանը։ Սա անհերքելի է։ Բայց հետաքրքիր է, հեչ փորձե՞լ են պաշտոնների նշանակել ոչ թե հավատարիմներին, այլ մասնագետների։ 

Վարչապետը ճիշտ է, որ աշխատող և աշխատանքը հարգող յուրաքանչյուր անձ ասում է «այո» անկախությանը։ 

Բայց հետաքրքիր է, մեր իշխանությունները հեչ մտածե՞լ են, թե ինչու է «օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց» սկսել համարվել։ Հարցրեք մասնագետներին, նրանք ձեզ կպատասխանեն, որ այն հասարակության մեջ, որտեղ հանրությունը չի կարծում, որ օրենքը բխում է իր շահերից, որ ինքը օրենքի մի մասն է, որ ինքը հասարակական համաձայնության անդամ է, հակված է շրջանցել այդ օրենքը բոլոր հնարավոր ձևերով։ 

Որպեսզի նշված բոլոր կետերին հանրության մեծամասնությունը «այո» ասի, հարկավոր է, որ այն նախ դիտարկի իրեն պետության մաս, ոչ թե ստորադաս։ Այդ պատճառով «ազգային» բառը խոսույթ վերադարձնել է պետք։ Ազգայինը էթնիկը չէ։ Դա «նացիոնալ» բառն է, որի հիմքում ընկած է քաղաքական հանրույթը՝ տարբեր էթնիկ բաղադրիչներով։ 

Նաև պետք է օրենքներ նկարելիս ի վերջո հաշվի առնել այն բոլոր խմբերի շահերը, որոնք այս կամ այլ կերպ առնչվելու են այդ օրենքներին։ Եթե անկախ եք, օրենքներ նկարելիս պետք չէ անընդհատ հղում տալ այլ չարաբաստիկ միջազգային փորձին։ Տեղում անցկացրեք հետազոտություններ, պարզեք, թե մեր հանրությանն ինչ է պետք։

Կոռուպցիան վերացնելու համար մարդկանց դատելը շատ չի աշխատում։ Կարդացեք ի վերջո լուրջ հետազոտություններ այս հարցով։ Համակարգ ներառելն ու ԽԾԲ-ով ամեն անգրագետի գործի մեջ չխցկելն է օգնում։ 

Եվ, ի վերջո, օրը քսան ժամ աշխատեք անվտանգության հարցերի լուծման համար։ Ազգային պետության իշխանություն լինելը ամենաբարձր պատասխանատվությունն է։ Հասկացեք ի վերջո, որ դուք այլևս ընդդիմություն չեք, և սեփական սխալ հաշվարկների պատճառով թափված և թափվելիք արյան համար ներողություն ասելը քիչ է։ Դա այդպես չի աշխատում։ 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am