Ազգային ժողովի սեպտեմբերյան նոր նստաշրջանը բացվեց հերթական սկանդալով: Վիճաբանեցին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Թովմասյանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը նախքան խորհրդարանի շենք մտնելը կազմակերպի Հովհաննիսյանի՝ թմրամիջոցների ամենօրյա թեստավորում և հրապարակի արդյունքները, Հովհաննիսյանը Թովմասյանին առաջարկել է սեռավարակի թեստ հանձնել: Նա նշել է, որ տիկին Թովմասյանը, լինելով լրագրող, չէր կարող իր աշխատավարձով գնել չորս բնակարան։ (Այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովհաննիսյանին, որն առնվազն բարձրաձայնեց մեդիայի աշխատողների ծանր ֆինանսական դրության մասին: Հաճելի է նկատել, որ վերևներում մեզ ոչ միայն չեն սիրում, այլ նաև մեր վիճակի մասին տեղյակ են։)
Հասարակական վրդովմունքից խուսափելու համար Արթուր Հովհաննիսյանին ընդամենը պետք էր տիկին Թովմասյանին պատասխանելու ընթացքում խուսափել նրա սեռական կյանքը թիրախավորելուց: Բայց քանի որ մեր հասարակության մեջ կնոջը հենց սեռական վարքի հետ կապված անբարոյական պահվածքի մեջ մեղադրելն է ամենաստորացուցիչը, պարոն Հովհաննիսյանը որոշեց դիմել հենց այս «հնարքին»:
Հետաքրքրական է նաև, որ ի պատասխան հասարակական վրդովմունքի՝ Արթուր Հովհաննիսյանն ասել է. «Թող իրեն կնոջ պես պահի, թե չէ սեռային պատկանելության մասին թեստն էլ կասկածի տակ կդնեմ»: Անկեղծ ասած՝ սպասում էի նման արտահայտության, քանի որ սրանով կրկին մեղքը բարդվեց կնոջ վրա: Եթե կնոջը վիրավորում են՝ մեղավոր է կինը:
Այսինքն՝ հասուն տղամարդը, որն օգտվել է ընտրվելու իրավունքից, պատասխանատվություն է ստանձնել մի ամբողջ երկրի կառավարման մասը լինելու համար, չի կարողանում սեփական բառերի համար պատասխանատվություն վերցնել: Չի կարողանում պատասխանատվություն վերցնել սեփական հույզերը չզսպելու համար: Իր խոսքերին չհետևելու համար մեղքը բարդում է դիմացինի վրա:
Մեկ այլ հետաքրքիր հարց էլ է բարձրացնում պարոն Հովհաննիսյանի հնչեցրած խոսքը՝ «իրեն կնոջ նման պահեր»: Ներողություն, դա ի՞նչ է նշանակում: Ընդդիմադիրների գրառումների տակ անեծքներ գրե՞լը, տարբեր մտավորականների թիրախավորե՞լը, խաբե՞լը… Չէ, լավ, երևի պատերազմի մասնակից լինելը: Օրինակ՝ լինել դիպուկահար, գերի ընկնել, դաժանաբար մորթվել ու հետո «վայելել» սեփական երկրում քո մասին տարածվող քար լռությունը: Հավանաբար այսպես: Այս դեպքում «իրենց իսկական տղամարդու նման պահող» պարոնայք գուցե չհանդգնեն վիրավորել կանանց:
Բնականաբար, վիրավորանքների այս տեղատարափը մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում: Վրդովմունքը դուրս եկավ քաղաքական դաշտից և հասավ հասարակ քաղաքացիներին, որոնց մի մասը, մեղմ ասած, արդեն վաղուց հոգնել է փոխադարձ վիրավորանքներից, առավել ևս՝ կանանց թիրախավորելուց:
Սա նոր խնդիր չէ: Սա մեր հասարակությանը վաղուց թունավորող ախտ է, որի վրա մենք հետևողականորեն աչք ենք փակում: Մեդիայում աշխատող յուրաքանչյուր կին լրագրող, որը քիչ թե շատ երևում է որևէ տեսանյութում, լավ գիտի, որ անկախ հնչեցրած նյութի բովանդակությունից, միշտ կգտնվի մեկը, ով մեկնաբանություններում կթիրախավորի իր արտաքինը, հագուկապը, խոսելաձևը, խելքը: Սրա հետ կարծես արդեն համակերպվել ենք ու մեզ հույս ենք տալիս, որ այդ չարիքը միայն առանձին հարթակներում է, առանձին ձևաչափում, բայց փորձը և իհարկե քաղաքական սանձարձակ հռետորաբանությունը ցույց են տալիս, որ սա մի ախտ է, որը պարուրել է հասարակության բոլոր շերտերը և, ի դեպ, սեռ չի ճանաչում:
Հասարակական-քաղաքական դաշտում կանայք թիրախավորում են կանանց, տղամարդիկ՝ կանանց և բոլորը միասին՝ տղամարդկանց: Բայց կա մի առանձին «ձևաչափ» էլ, երբ ուզում են ստորացնել ինչ-որ տղամարդու, կարող են թիրախավորել նրա մորը, կնոջը, դստերը: Ընդդիմության շատ խոսող գլուխներ, օրինակ, այս «հնարքն» օգտագործում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստորացնելու իրենց փորձերում: Մինչ օրս պարբերաբար կարելի է կարդալ սարսափելի գրառումներ վարչապետի կնոջ, դուստրերի և որդու հասցեին ուղղված՝ լի սպառնալիքներով և սեռական բնույթի վիրավորանքներով:
Իրենց հերթին հետ չեն մնում նաև իշխանությունը և մերձիշխանական խոսող գլուխները: Վիրավորանքների տարափից անմասն չեն մնում նաև մարդկանց առանձին խմբերը, որոնց վիրավորելը նույնպես հասարակական տաբու է համարվել երկար տարիներ, օրինակ՝ եկեղեցական այրերը կամ տարիքով մարդիկ, հիշենք վարչապետի «կոչերը» արքեպիսկոպոսին կամ առաջին տիկնոջ «միջատային» թիրախավորումը Հանրապետության հիմնադիր նախագահին, որ, ի դեպ, բացի իր հատուկ դերակատարումից նաև պարզապես տարիքն առած մարդ է:
Ստորացման այս տոնավաճառի գլխավոր վաճառականը և աստղը բնականաբար Դոգ մականունով հայտնի բլոգե Վարդան Ղուկասյանն էր, «մարդ-հասարակական ախտ», որի դեմ պայքարի արդյունքում քաղաքական գործիչները կարծես թե իրենք իջան վերջինիս տիրույթ, հագան նրա շորերը: Այսօր բլոգերը լուռ է, բայց ինչպես ասում են՝ «նրա գործն ապրում է»:
Այս ամենից թերևս կարելի է եզրակացնել, որ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ նախկին լեզվական տաբուներն այլևս չեն գործում և չեն գործելու: Հին բարքերը չկան, նոր կանոնակարգ դեռևս չի հաստատվել: Որոշ ժամանակ դեռ տուրբուլենտ բարոյական վիճակում ենք գտնվելու, և լավ կլինի հենց հիմա սկսել ուրվագծել նոր աշխարհում ապրելու մեր կանոնները, որոնց մեջ թերևս արժի մտցնել միմյանց նենգաբար չթիրախավորելու սովորությունը՝ անկախ սեռից, տարիքից, վաստակից:
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am