Թշնամին պատերազմում է ոչ միայն զենքով, այլ նաև խորամանկությամբ։ Թշնամին վախկոտ է, բայց նրանք շատ են, և դա է նրանց առավելությունը։ Թշնամին բարոյական ոչ մի արժեք չունի․ նրա արժեքը փողն է, իշխանությունն է, կուշտ փորն է։ Նա չունի ոչ մի սրբություն։ Թշնամին նենգ է, թշնամին նաև թաքնված է։ Նա միայն սահմանի այն կողմում չէ։ Նա կարող է լինել մեր շրջապատում՝ լատենտ, աննկատ, ծպտված․․․
Սա արտաքին թշնամու դասական նկարագրություն է։ Այսպիսի լեզու օգտագործել են և շարունակում են օգտագործել բազմաթիվ քաղաքական առաջնորդներ՝ հանրությանը մոբիլիզացնելու համար։ Երբեմն դա կարող է լինել պատերազմի ժամանակ, բայց ավելի հաճախ այս լեզուն օգտագործվում է որպես քաղտեխնոլոգիա՝ իշխանությունը պահելու համար։
Բայց իրական վտանգը սկսվում է այն պահին, երբ արտաքին թշնամու մասին լեզուն տեղափոխվում է երկրի ներս։ Երբ այդ նույն նկարագրությամբ սկսում են խոսել ոչ թե օտար բանակի, այլ սեփական քաղաքացիների մասին։
Պատմությունը նման դեպքեր գիտի։ Սովորաբար ներքին թշնամու կերպարը կառուցվել է երկրի ներսում ապրող այլ էթնիկ, կրոնական կամ գաղափարական խմբերի նկատմամբ։ Բայց այսօր մենք տեսնում ենք ավելի տարօրինակ և ավելի վտանգավոր մի բան․ նույն երկրի, նույն ժողովրդի, նույն լեզվով խոսող, նույն կրոնական և մշակութային միջավայրից եկող մարդիկ սկսում են ներկայացվել որպես թշնամի միայն այն պատճառով, թե ում են ընտրում կամ ում չեն ընտրում։
Վերջին քարոզարշավները Հայաստանում եկան ապացուցելու, որ մեր քաղտեխնոլոգիաների մեջ գերակշռում են երկու հիմնական գործիք՝ վախը և ատելությունը։
Ատելությունը հենց այն է, ինչ նկարագրեցի սկզբում։ Դիմացինը այլևս քաղաքական մրցակից չէ։ Նա մարդ չէ, որի հետ կարելի է վիճել, որի փաստարկները կարելի է հերքել, որի ծրագիրը կարելի է մերժել։ Նա վերածվում է բարոյապես փչացած, ծախված, նենգ, վտանգավոր էակի, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունը վերացնելն է։
Եվ այստեղ երկու կողմերն էլ զարմանալիորեն նման են իրար։
Իշխանական ճամբարում ընդդիմադիր ընտրողը հաճախ ներկայացվում է որպես մեկը, ով գիտակցաբար կամ անգիտակցաբար ուզում է Հայաստանը վերադարձնել Ռուսաստանի ազդեցության գոտի, դարձնել գուբերնիա, վերացնել ինքնիշխանությունը, փակել խաղաղության հնարավորությունը և երկիրը կրկին գցել պատերազմի մեջ։ Այդ խոսույթում ընդդիմադիր ուժերը ոչ թե պարզապես այլ քաղաքական պատկերացում ունեցող ուժեր են, այլ Ռուսաստանի կամ նախկին համակարգի «հինգերորդ շարասյունը»։
Ընդդիմադիր դաշտում, հակառակը, Նիկոլ Փաշինյանին ընտրողը ներկայացվում է որպես մեկը, ով պատրաստ է Հայաստանը հանձնել Թուրքիային և Ադրբեջանին, բերել հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, կառուցել մզկիթներ, զիջել տարածքներ, վերացնել հայկական պետականությունը։ Այդ խոսույթում իշխանությունը ոչ թե սխալ քաղաքականություն վարող է, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ուժ, իսկ նրա ընտրողը՝ այդ ծրագրի մասնակիցը, կամ լավագույն դեպքում՝ միամիտ գործիքը։
Երկու կողմում էլ նույն մեխանիզմն է աշխատում։ Կա արտաքին մեծ թշնամի՝ մեկի համար՝ Ռուսաստանը, մյուսի համար՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Եվ կա ներքին թշնամի՝ այն քաղաքացին, որը համաձայն չէ մեզ հետ։ Այդ քաղաքացին այլևս պարզապես ուրիշ կարծիք ունեցող մարդ չէ։ Նա ներկայացվում է որպես արտաքին թշնամու տեղական ներկայացուցիչ, որպես դուռ բացող, որպես ներսից պետությունը քանդող։
Սա արդեն քաղաքական բանավեճ չէ։ Սա ներքին թշնամու արտադրություն է։
Երբ իշխանությունն ասում է՝ եթե նրանք գան, Հայաստանը կդառնա Ռուսաստանի մաս, ու կլինի պատերազմ, մարդիկ այլևս չեն մտածում հարկային քաղաքականության, կրթության, դատական համակարգի, բանակի բարեփոխումների մասին։
Երբ ընդդիմությունն ասում է՝ եթե Փաշինյանը մնա, 300 հազար ադրբեջանցի կգա, մարդիկ այլևս չեն մտածում ծրագրերի մասին։
Հենց այստեղ է, որ վախը դառնում է քաղաքականության հիմնական լեզուն։
Վախի քաղաքականությունը շատ հարմար գործիք է, որովհետև վախեցած մարդը լավ ընտրող է։ Վախեցած մարդը չի համեմատում ծրագրեր։ Չի կարդում փաստաթղթեր։ Վախեցած մարդը փնտրում է փրկիչ։ Նա խոցելի է և հեշտ մանիպուլացվող։
Սրա հետևանքով քաղաքական դաշտում գաղափարների մրցակցությունը փոխարինվում է ապոկալիպսիսի մրցույթով։ Ով ավելի սարսափելի ապագա նկարագրեց, նա ավելի հայրենասեր է։ Սա ունի գին։
Հոգեբանության մեջ վախի հիմնական արձագանքները հայտնի են՝ կռվել, փախչել, սառել։ Երբ մարդը վտանգ է զգում, նրա նյարդային համակարգը փորձում է ընտրել՝ հարձակվել, հեռանալ, թե քարանալ։ Եվ մենք Հայաստանում այսօր տեսնում ենք այդ երեք արձագանքն էլ։
Հասարակության մի մասը դարձել է չափազանց ագրեսիվ։ Այս մարդիկ ամեն տեղ թշնամի են տեսնում։ Քաղաքական այլ կարծիքը նրանց համար այլևս տեսակետ չէ, այլ դավաճանության նշան։ Նրանց հետ վիճելն անիմաստ է, որովհետև նրանք իրականում չեն վիճում։ Նրանք պաշտպանվում են։
Մյուս մասը մտածում է փախչելու մասին։ Ոչ միայն ֆիզիկապես՝ երկրից հեռանալու իմաստով, թեև դա էլ կա։ Այլ նաև հոգեբանորեն։ Փախչել լուրերից, փախչել քաղաքականությունից, փախչել ընտրություններից, փախչել բոլոր քաղաքական խոսակցություններից։
Եվ կա երրորդ խումբը՝ սառած մարդիկ։ Ապատիկ մարդիկ։ Նրանք արդեն այնքան են լսել, որ վաղը վերջն է, մյուս օրը վերջն է, ընտրություններից հետո վերջն է, պայմանագրից հետո վերջն է, սահմանազատումից հետո վերջն է, իշխանափոխությունից հետո վերջն է, որ այլևս չեն արձագանքում։ Նյարդային համակարգը չի կարող անվերջ ապրել տագնապի ռեժիմում։ Ինչ-որ պահից սկսած այն անջատվում է։ Մարդը դառնում է անտարբեր ոչ թե որովհետև նրան չի հետաքրքրում պետությունը, այլ որովհետև այլևս չի կարողանում դիմանալ մշտական ահազանգին։
Սա է վախի և ատելության քաղաքականության ամենավտանգավոր հետևանքը։ Ընդհանրության, մեկ ազգ լինելու զգացողությունը քանդվում է, ընտրությունները դառնում են ոչ թե իշխանություն ձևավորելու մեխանիզմ, այլ քաղաքացիական սառը պատերազմի հերթական փուլ։ Քվեաթերթիկը դառնում է ոչ թե քաղաքական որոշում, այլ բարոյական դատավճիռ։
Սարսափելին այն է, որ արտաքին վտանգներն էլ իրականում կան։ Ռուսաստանն էլ կա, Թուրքիան էլ կա, Ադրբեջանն էլ կա, պատերազմի վտանգն էլ կա, ինքնիշխանության խնդիրն էլ կա։ Բայց հենց այդ պատճառով ներքին դաշտը թշնամացնելուն միտված այս քայլերը դառնում են շատ ավելի վտանգավոր։ Մենք միմյանց ատելու շռայլություն չունենք։ Մեր ռեսուրսը պարզապես չի հերիքի համ իրար ատել, համ պայքարել արտաքին վտանգի դեմ։ Այդուհանդերձ ատելության և վախի մեծ խրախճանք ենք սկսել՝ ցուցադրական ճոխության համար ժամանակի բանկից պարտքով գումար վերցրած աղքատի պես։ Բայց գալու է պարտքերը մարելու օրը։ Ու մենք ստիպված վճարելու ենք։
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am