Լրիվ 37 թիվն ա՝ վերջին շրջանում հաճախ կարելի է լսել նման հայտարարություններ: Մեղադրանք, որ գործող իշխանությունները ձգտում են բռնապետություն հաստատել: Իհարկե սա չափազանցված գնահատական է:
37 թիվը չէ առնվազն այն պատճառով, որ տոտալիտար համակարգին հատուկ զանգվածային բռնաճնշումները պահանջում են հսկայական ռեսուրսների կենտրոնացում, որոնց Հայաստանի Հանրապետությունը չի տիրապետում: Այդուհանդերձ արդի Հայաստանն ունի բավարար ռեսուրս ընտրական ավտորիտարիզմ դառնալու համար: Եվ հոդվածում կբացատրեմ, թե ինչ պատճառներ կարող են դրա համար խթան հանդիսանալ:
Ավտորիտար ռեժիմներն ուսումնասիրող մասնագետները նշում են, որ ավտորիտարիզմը թերևս ամենապարզ քաղաքական կառույցն է: Եթե հասարակությանը հանգիստ թողնել և ոչինչ չանել, ամենայն հավանականությամբ կձևավորվի հենց բուրգ, որի գլխին կլինի «ուժեղ մարդը», թագավորը, անգամ եթե նրան նախագահ կոչեն:
Ժողովրդավարությունը, հակառակը՝ պահանջում է ամենօրյա աշխատանք, ուժերի և ռեսուրսների հավասարակշռում, վիճակ, երբ ամբողջ իշխանությունը ոչ մեկի ձեռքին էլ չէ: Այն ավելի աղմկոտ է, կողքից ավելի ոչ ստաբիլ է թվում, սակայն երկարաժամկետ առումով շատ ավելի կայուն է: Հայաստանում կա ռեսուրսների սղություն, կիսելու շատ բան չկա, մեծ փողեր էլ շատ չեն հոսում, սա միշտ օգնել է քիչ թե շատ ժողովրդավարությանը մոտ լինելուն: Բայց հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ պայմանները կարող են փոխվել և փոխվում են, ի հետևանք՝ մենք կարող ենք տեսնել քաղաքական նոր տիպի ռեժիմ՝ ընտրական ավտորիտարիզմ:
Ընդունված է ասել, որ ընտրական ավտորիտարիզմը հիբրիդային քաղաքական ռեժիմ է, որտեղ պահպանվում է ընտրությունների ձևական կողմը, բայց իշխանությունը մնում է կենտրոնացված։ Պետք է նշեմ, սակայն, որ ընտրությունների ձևականությունը այնքան էլ ճիշտ չէ:
Ընտրությունները պետք են, նրանք առաջնորդի լեգիտիմության գլխավոր և հաճախ միակ ցուցիչն են: Ընտրությունների ժամանակ ժողովուրդը պետք է կրկին ու կրկին ընտրի նույն առաջնորդին՝ դրանով իսկ ցույց տալով երկրի բոլոր էլիտաներին, որ թագավորը լեգիտիմ է: Եթե ժամանակին, օրինակ՝ եվրոպական արքաների լեգիտիմությունը որոշում էր եկեղեցին, հիմա՝ ընտրությունները:
Ավտորիտարիզմը չի նշանակում զանգվածային ռեպրեսիաներ, այն ավելի շատ թիրախային բռնաճնշումների մասին է, որոնց խստությունը, ի դեպ, նույնպես շատ տարբեր է լինում: Միշտ չէ, որ խոսքը ծանր հետապնդումների կամ սպանությունների մասին է:
Երբեմն այս վարչակարգերի ներքո քաղաքացիները իրենց կյանքից շատ էլ գոհ են լինում՝ աղմուկը քիչ է, կանոնները՝ պարզ: Իսկ հիմնական կանոնը հետևյալն է՝ ամբողջ իշխանությունը մեկ ուժեղ մարդու և նրա մերձավորների ձեռքին է: Ապրեք ձեզ համար, մի խառնվեք «լուրջ մարդկանց գործերին» և գուցե անգամ հարստանաք ու գոհ մնաք ձեր կյանքից:
Այսօր Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները փոխելու կառավարման ռեժիմի տեսակը, և դրա համար ես տեսնում են հետևյալ գործոնները, որոնք կարող են դրան նպաստել:
Ժառանգություն անցյալից
Նախկիններից բաժին հասած Սահմանադրությունն իր երաշխավորված մեծամասնությամբ, որը հիմքում իրական ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ իրական ժողովրդավարությունը ենթադրում է երկխոսություն, կոալիցիա և համագործակցություն այն ուժերի հետ, որոնց գուցե չես հավանում, բայց մարդիկ նրանց ընտրել են: Սերժ Սարգսյանից ժառանգություն մնացած այդ փափուկ բարձը գործող իշխանությունները չեն ձգտում արագ հեռացնել: Յուրաքանչյուր իշխանություն ձգտում է նախևառաջ մնալ իշխանության և ձգտում է տարածել այդ իշխանությունը, եթե օրենքը կօգնի այդ գործին, իսկ լուրջ առարկողներ չկան, ինչո՞ւ ոչ:
Արտաքին ճնշման բացակայություն
Կարծում եմ՝ բոլորս ենք նկատել, որ միջազգային հանրությունը վերջին շրջանում ժողովրդավարության մասին շատ չի մտածում: «Ուժեղ տղաներ», տարբեր երկրների ավտորիտար առաջնորդները հաղթում են: Նրանց հաղթանակը հենց միջազգային դիսկուրսների մեջ փոփոխություն մտցնելն է: Այլևս չենք խոսում ոչ մարդու իրավունքներից, ոչ էլ ժողովրդավարությունից: Աշխարհը բաժանվել է տարբեր սև ու սպիտակների, կարևոր չէ, թե ո՛վ ես դու, կարևոր է, թե ո՛ւմ ճամբարից ես:
Ի դեպ, այդ նույն ճամբարային տրամաբանությունը թույլ է տալիս Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի հետ իրական կամ մտացածին կապեր ունեցող բոլոր մարդկանց կալանավորել, և դա չի առաջացնի արևմտյան աշխարհի վրդովմունքը, քանի որ այլևս ոչ ոք ձևեր չի թափում, թե «իմն ա-քոնն ա» չկա:
Այս ամբողջ նոր օրակարգի մեջ Նիկոլ Փաշինյանը հավանաբար նայում է շուրջը և տեսնում, որ «ժողովրդավարության բաստիոն» լինելուց շատ ռեալ, գետնի վրա շահում չկա, իսկ վերջում, միևնույն է, ստիպված է լինելու տարբեր ավտորիտար առաջնորդների հետ նստել ու միայնակ պայմանավորվածություն կապել, այն դեպքում, երբ Բրյուսելից «հեռախոսը չեն վերցնում»: Իսկ եթե իրավիճակն այսպիսին է, ինչո՞ւ ձևեր թափել:
Քաղաքական անապատ
Ընդդիմության բացակայություն՝ օդում, ջրում ու ցամաքում: Գործող իշխանություններն են օրակարգ թելադրում: Սպիտակները առաջինն են քայլ անում և սպիտակներն էլ հաղթում են: Ընդդիմության միակ հոդաբաշխ առաջարկությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ինչ է արվելու հետո՝ պարզ չէ: Չկան ոչ մի տեսանելի ծրագիր, գաղափար, գետնի վրա առաջարկ և, ամենակարևորը՝ Երազ: Տեսլական, որը սրտի թրթիռ կառաջացնի ընտրողի մեջ:
Հասարակության մեջ նույնպես կա որոշակի հոգնություն, քանի որ վերջին տարիներին այսքան աղմուկն ու անցած ցավերը հավանաբար քիչ ռեսուրս են թողնում այն էլ այսքան գորշ քաղաքական դաշտում ակտիվ լինելու համար:
Եվ, վերջապես, ապատիա կա նաև քաղաքական դաշտում: Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմության առաջնորդները հիմնականում ստիպված են մտել քաղաքական խաղի մեջ:
Նրանք մի տեսակ էներգիայի խնայողության ռեժիմի մեջ են: Նպատակն է՝ կուլ չգնալ, կյանքի ընթացքում հավաքած ռեսուրսներն անխոչընդոտ փոխանցել իրենց որդիներին:
Իրենն է ասում նաև տարիքը: Իսկ ընդդիմության երիտասարդ անդամները հաճախ մնում են տարիքն առած ու անհավես լիդերների շվաքում: Իշխանության լիդերը երիտասարդ է, ունի հավես, նպատակ, ցանկություն և ժողովրդին վաճառում է խաղաղության երազը:
Արդյունքում՝ ունենք հարմար օրենսդրական բազա, ունենք կիսաքանդ ինստիտուտներ, որոնք իրականում երբեք էլ կարգին չեն գործել, ունենք միջազգային հանրություն, որը աչք կփակի շատ բաների վրա, ունենք ընդդիմության առաջնորդներ, որոնց համար խաղի մեջ ակտիվ լինելը ավելի շատ ծախս է և ռեսուրսների վատնում, քան հակառակը, ունենք «ուժեղ մարդ» կարգավիճակին համապատասխանող քաղաքական խաղացող, ով գիտի՝ ինչ «վաճառել» հանրությանը և դա անում է առանձնակի ջանասիրությամբ: Ի վերջո, ունենք ավտորիտար միջավայր:
Եթե փոքր երկիրը շրջապատված է ավտորիտար մեծ տերություններով, հավանականությունը, որ այն ժողովրդավարության բաստիոն չի դառնա, շատ ու շատ մեծ է:
Կեցությունն է ձևավորում գիտակցությունը, անգամ միջազգային ասպարեզում: Եվ եթե ոչ մի լուրջ և անսպասելի փոփոխություն չլինի, ընտրական ավտորիտարիզմ դառնալու մեր երկրի շանսերն օրեցօր ավելի են աճում: Դուք հավանաբար սա կարդացիք և ոչինչ չզգացիք, գուցե միայն կրկին հոգնություն այս ամենից, եթե իրոք այդպես է, ուրեմն մենք հենց իմ նշած ուղու վրա ենք: Դանդաղ, հոգնած, դատարկված, հորանջելով…
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am