ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ տեսաուղերձով, որտեղ խոստովանեց, որ ՔՊ-ն այնքան էլ ուրախ չէ որոշ տեղերում ստացած 90-ից բարձր տոկոսների և առհասարակ այլընտրանքի բացակայության համար: Նա պնդեց, որ շարունակելու է պայքարել «լրտեսական ընդդիմության» դեմ, բայց առողջ քաղաքական միջավայր կառուցելու համար մեզ պետք է «նոր, պետականակենտրոն ընդդիմություն»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իհարկե իշխանությունները չեն օգնի, բայց նաև չեն խանգարի նման ուժի կայացմանը:
Իհարկե հարց է ծագում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ խոսում «պետականամետ ընդդիմության» անհրաժեշտության մասին: Եվ արդյոք պարզապես «չխառնվելը» հերիք է ընդդիմության ձևավորման համար:
Ընդդիմություն՝ լրտեսական և իրատեսական
Քանի որ մենք գաղափար չունենք, թե ինչ է կատարվում քաղաքական գործիչների գլխում, եկեք ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը ազնիվ ցանկություն էր: Հատկապես որ դրա պատճառները կան: Նա, լինելով հեղափոխական, լավ գիտի, թե ինչ արդյունքների է բերում քաղաքական մաքրած դաշտը: Սերժ Սարգսյանի սարքած քաղաքական անապատում գրեթե ոչինչ չկար, և հենց դա օգնեց նրան իշխանության գալու:
Եթե շատ պարզունակ և մի քիչ կոպիտ խոսենք, ընդդիմությունը մեծ հաշվով լինում է երկու տեսակի՝ համակարգային և ոչ համակարգային: Այս դեպքում մենք «համակարգային» կանվանենք այն ընդդիմությանը, որ ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ, ինչպես նաև ապրում և արարում են քիչ թե շատ անկախ ու կայացած ինստիտուտների պայմաններում:
Սա նրանց թույլ է տալիս գեներացնել կապիտալ, ստեղծել տեղական մասնաճյուղեր, վարձել մասնագետներ և այլն, և այլն: Անկախ ինստիտուտները հենց ռեսուրսով ընդդիմության և իշխանության հավասարակշռության պայմաններում են հաճախ առաջանում: Քանի որ եթե քո քաղաքական հակառակորդը վաղը կարող է քեզ հաղթել, դու շահագրգռված ես, որ դատարանդ արդար լինի: Քանի որ վաղը Հակակոռուպցիոնը կարող է գալ հենց քո հետևից:
«Ոչ համակարգային» պայմանական անվանենք ընդդիմության բոլոր այն տեսակները, որոնք փաստացի զրկված են ամեն տեսակ ռեսուրսից կամ կարող են զրկվել, եթե զբաղվեն քաղաքական գործունեությամբ: Նրանք չեն ապրում անկախ ինստիտուտների պայմաններում, հետևաբար յուրաքանչյուր պահի ինչ-որ մեկի հրահանգով նրանց դուռը կարող են թակել հատուկ ուժայինները կամ մեկ այլ վերահսկող կառույց, խաթարել նրանց աշխատանքը, ձերբակալել անդամներին և այլն, և այլն:
Փաստացի նման պայմաններում ընդդիմությունը չի կարողանում աշխատել և կամ վերանում է, կամ դառնում է խամաճիկային: Հետևաբար նման իրավիճակում իրական ընդդիմադիր հայացքներն անցնում են ընդհատակ՝ փողոցային ցասման կամ, ավելի վատ՝ զինված պայքարի տեսք են ստանում:
Եթե երկրում ընդդիմության կապիտալը վերահսկվում է, եթե թափ առնելուց հետո նրա հեռախոսազրույցները ձայնագրվում են, իսկ Հակակոռուպցիոնը կամ Ոստիկանությունը սկսում է շուտ-շուտ այցելել նրան սատարողներին, ապա մնում է ռեսուրսների մեկ այլ տարբերակ՝ «դուրսը»:
Հայաստանի դեպքում դա կարող է լինել սփյուռքը կամ այլ երկրներից եկող ֆինանսավորումը։ Եվ հենց այստեղ էլ առաջանում է պարադոքսը․ իշխանությունը, սահմանափակելով ընդդիմության ներքին ռեսուրսները, նրան մղում է արտաքին աջակցություն փնտրելու, իսկ հետո այդ նույն արտաքին կապերը ներկայացնում է որպես «լրտեսական ընդդիմության» ապացույց։ Սա իր հերթին հանգեցնում է ընդդիմության նկատմամբ ճնշումների ուժեղացմանը, ինչի հետևանքով ընդդիմությունն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում արտաքին ռեսուրսներից։ Ստացվում է փակ շրջան։
Սերժը ճիշտ էր, ես՝ սխալ…
2018 թվականին հնի և նորի առճակատման առաջին փուլում հաղթեց Նիկոլ Փաշինյանը: Նա, սակայն, երկու ոտքով ընկավ հին իշխանությունների գծած ծուղակը: Դա արեց կամավոր, թե ստիպված կամ սխալմունքից՝ կրկին դժվար է ասել:
Փաստը մնում է փաստ, որ վաղ թե ուշ նոր իշխանության վարկանիշը պիտի ընկներ: Վաղ թե ուշ նոր իշխանությունները պիտի սովորեին ապրել ցածր վարկանիշի պայմաններում: Վաղ թե ուշ պետք է օգտվեին այն նույն գործիքակազմից, ինչ նախկինները: Վերահսկվող ինստիտուտներ, կիսանկախ արդարադատություն, թաղային և համայնքային «լավ տղերքի» վրա հենվել, պրոֆեսիոնալներին փոխարինել միջակ, բայց վստահելի, ասել է թե՝ կախյալ կադրերով:
Եվ հենց սա էր պայմանական «Սերժի» հաղթանակը: Որովհետև քաղաքական այն ֆենոմենը, որը պայմանական կոչվում էր «ավազակապետություն», խորհրդային կայսրության փլուզման և դրա արդյունքում թույլ մասնագիտական, թույլ կադրային քաղաքականության բնական հետևանքն էր:
Հեղափոխությունից հետո կամ կադրային ծայրահեղ ու անհանդուրժող քաղաքականությամբ պետք էր ներսից ջարդել այս համակարգը, ինչը հղի էր խորքային ցնցումներով, կամ էլ տեղավորվել դրա մեջ:
Ինչպես հասկանում ենք, մեր հեղափոխության պահապանները նախընտրեցին «շուխուր չանել» և տեղավորվել հին համակարգի մեջ: Իսկ այսօր արդեն պարզապես այլընտրանք էլ չունեն: Մարդկանց, իհարկե, կարելի է փոխել, բայց համակարգը՝ այլևս շատ բարդ է:
Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ նման իրավիճակում անսպասելի բողոքի ալիքների հավանականությունն աճում է: Յուրաքանչյուր պահի իրադարձությունների անհասկանալի կասկադը կարող է երևան բերել մի նոր ընդդիմադիր լիդերի: Ու ցավն այն է, որ նրան նախապես հնարավոր չէ նշմարել: Դա կարող է այժմ լիովին անհայտ մարդ լինել:
Շատ ավելի անվտանգ կլիներ թե իշխանության, թե երկրի համար, եթե երկրում լիներ համակարգային ընդդիմություն: Բայց ինչպե՞ս դա անել: Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ այս նոր ընդդիմությանը չի խանգարի: Գիտի՞ արդյոք, որ չխանգարելու մեջ են մտնում նաև այդ ընդդիմությանը սատարող բիզնեսների պոչից չբռնելը, մարդկանց վրա անիմաստ քրեական գործեր չկարելը, կապիտալը չվերահսկելը, պարտվելու դեպքում այդ պարտությունն ընդունելը… Եվ կկարողանա՞ արդյոք չտրվել արդեն իսկ աշխատած և արդյունք ցույց տված գործիքակազմը օգտագործելու գայթակղությանը…
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am