«Անեծք երկու տների վրա». քաղաքական անապատի քարտեզը 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Ըստ վերջին հարցումների՝ կարծես թե մեր երկրում մեծ հաշվով ոչինչ չի փոխվել: Թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը, իսկ ներքաղաքական առումով ամեն ինչ եկել է ի շրջանս յուր՝ ցածր վարկանիշով իշխանություն և ընդդիմության գրեթե բացակայություն: Նման պատկեր էր նաև 2018 թվականին ու առհասարակ նախկին իշխանությունների կառավարման տարիներին: 

Թվում է, թե այս վիճակը հենց այն իրական նորման է, որին անընդհատ վերադառնում ենք՝ անկախ հեղափոխություններից, անկախ պարտություններից և կորցրածից: 

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնը (Center for Insights in Survey Research) և ԲՐԵՎԻՍ ընկերությունը իրականացրել են հարցում, որի տվյալները ձեռք են բերվել 2025 թվականի հունիսի 16-26-ը հեռախոսային հարցման մեթոդով: Հրապարակված արդյունքները բացահայտում են Հայաստանում առկա հիմնախնդիրների և քաղաքական գործիչների վարկանիշի վերաբերյալ հանրության ընկալումները։ 

Հարցման արդյունքները հստակորեն ցույց են տալիս՝ Հայաստանի բնակչության համար թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ ազգային անվտանգության և սահմանային հարցերը: Սա հարցվածների 35%-ի համար հիմնական խնդիրն է՝ ընդհանուր 44%-ի համար առաջին կամ երկրորդ կարևորության խնդիր։ 2024-ի սեպտեմբերի (41%) և 2023-ի դեկտեմբերի (43%) համեմատ այս ցուցանիշը փոքր-ինչ նվազել է, սակայն մնում է առաջատարը։

Անվտանգության խնդրի ֆոնին հետաքրքիր են հարցման արդյունքները քաղաքական գործիչների վարկանիշի վերաբերյալ: Հարցին՝ «Ո՞ր քաղաքական գործչին եք ամենաշատ վստահում: Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելի քաղաքական գործիչը», պատասխանները հետևյալն են.

  • Նիկոլ Փաշինյան՝ ընդհանուր 13%
  • Արարատ Միրզոյան՝ ընդհանուր 5%
  • Ռոբերտ Քոչարյան՝ ընդհանուր 5%
  • Արամ Սարգսյան՝ ընդհանուր 3%
  • Ալեն Սիմոնյան՝ ընդհանուր 3%։

Ամենաուշագրավ ցուցանիշը, սակայն, հետևյալն է՝

  • Ոչ ոքի՝ 61%․
  • Դժվարանում եմ/հրաժարվում եմ պատասխանել՝ 10%։

Փաստացի ստացվում է, որ բնակչության ավելի քան 60%-ը չի վստահում որևէ քաղաքական գործչի: Հետևաբար մենք գործ ունենք քաղաքական ամբողջ համակարգի ոչ պոպուլյար լինելու, քաղաքական ապատիայի, հիասթափության, ճգնաժամի և իհարկե քաղաքացիական ներգրավվածության պակասի հետ: 

Այս ամենի արմատները խորն են: Նախ՝ քաղաքական էլիտաները փաստացի ոչ մի գաղափար չեն առաջարկում հանրությանը, կտրված են հանրային իրական պահանջներից, առկա չեն հանրության կյանքում անընդհատ, այլ հայտնվում են դեպքից դեպք, ընտրությունից ընտրություն, քրգործից քրգործ: Սա հանրության շրջանում ստեղծում է զգացողություն, որ կանք ՄԵՆՔ, ու կան ՆՐԱՆՔ, և նրանք իրար մեջ կռիվ են անում իրենց մեծ ու փոքր գործերի համար՝ երբեմն մեր օգնությամբ փորձելով հասնել իրենց նպատակներին: Նման պարագայում իհարկե հանրությունը շեքսպիրյան հայտնի հերոսի պես փաստացի ասում է. «Անեծք երկու տների վրա»: 

Նման վերաբերմունքի համար կան նաև հստակ տեխնիկական պատճառներ, որոնք հիմնականում օրենսդրական են: Սահմանադրությունը, որը համառորեն չի փոխվում 7 տարի շարունակ, փաստացի մեկուսացնում է հասարակ քաղաքացուն և փոքր կուսակցություններին քաղաքական պայքարից՝ իշխող ուժի համար թողնելով մանևրելու լայն հնարավորություններ:

Հաշվի առնելով «Ոչ ոքի» և «Դժվարանում եմ/հրաժարվում եմ պատասխանել» պատասխանների ընդհանուր ցուցանիշը (71%)՝  կարելի է եզրակացնել, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը իր քաղաքական էլիտաների հետ ոչ մի կապ չի զգում: Գրեթե նույն պատկերն ենք տեսնում նաև ընտրությունների հետ կապված հարցերի արդյունքները դիտելիս: Մեծ մասը կամ չէր մասնակցի, կամ կփչացներ քվեաթերթիկը: 

Վարչապետի աշխատակազմի նկատմամբ վստահության անկումը և դատարանների նկատմամբ ցածր վստահությունը և բարձր անվստահությունը հուշում են կառավարական և դատական համակարգերի նկատմամբ հանրային դժգոհության մասին։ Միաժամանակ, զինված ուժերի և Եկեղեցու նկատմամբ վստահության բարձր մակարդակը ցույց է տալիս, որ հասարակությունն ավելի շատ հենվում է ավանդական կամ ոչ քաղաքական ինստիտուտների վրա։ Եվ սա կրկին պետական ինստիտուտների ձախողման հետևանք է: Քաղաքականության ձախողման հետևանք: Քաղաքական էլիտաների ձախողման հետևանք: 

Սա նույն՝ «Բոլորին դեմ» վիճակն է, որն ավելի վատ է, քան իշխող կամ այլ ուժի վարկանիշի անկումը: Սա քաղաքական դատարկության, անջրդիության նշան է, որտեղ ցնցումները և մրրիկները լինում են հազվադեպ, բայց շատ անսպասելի: 

1988 թվականի շարժումից հետո մեր հասարակությունը դուրս եկավ ԽՍՀՄ-ից ու շարունակում է դեգերել քաղաքական անապատում: Սա այն է, ինչ մենք փաստացի կարողացել ենք կառուցել 34 տարվա ընթացքում: Գաղափարական ու քաղաքական անապատով քայլող ազգ՝ առանց առաջնորդի, առանց պատվիրանների, առանց նպատակների…

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am