Գերեզմանները «խեղդում» են Երեւանը. «Այն, ինչի վերածվում է մայրաքաղաքը, ուղղակի այլանդակություն է»

Գերեզմանները «խեղդում» են Երեւանը. «Այն, ինչի վերածվում է մայրաքաղաքը, ուղղակի այլանդակություն է»
Գերեզմանները «խեղդում» են Երեւանը. «Այն, ինչի վերածվում է մայրաքաղաքը, ուղղակի այլանդակություն է»
Հեղինակ MediaLab

Տարիներ շարունակ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որը բանաստեղծություններում և երգերում որակվում է որպես վարդագույն քաղաք, մի քանի տասնամյակ անց հավակնություն ունի վերածվելու գերեզմանների քաղաքի տարբեր ոլորտների մասնագետների խոսքով` հայերի մեռելապաշտության և հսկայական գերեզմաններ կառուցելու մոլուցքի պատճառով:

Քաղաքային իշխանությունների պնդմամբ` այս ոլորտում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, և մինչև 2020 թ. Երևանի կարիքների համար անհրաժեշտ է 46,5 հա մակերեսով նոր գերեզմանատուն կառուցել, հակառակ դեպքում հանգուցյալների համար ուղղակի տարածք չի լինի:

«Նման տեմպերով գնալու դեպքում Երևանում արդեն 20 տարի հետո ազատ գերեզմանատարածք չի լինելու»,- ասում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանը:

Ըստ վիճակագրության` Երևանում ներկայումս գոյություն ունեցող 21 գերեզմաններից, որոնք զբաղեցնում են 540,3 հա հողային տարածք, բաց են միայն չորսը` «Աջափնյակը», «Սպանդարյանը», «Շենգավիթը», «Արին-Բերդը», սակայն շատ դեպքերում էլ հարազատին «արժանի հարգանք» մատուցելու և հսկայական դամբարաններ կառուցելու հետևանքով այդ գերեզմաններն էլ արդեն մոտեցել են բնակելի տներին: Ըստ մասնագետների գնահատականների` գերեզմանների զբաղեցրած տարածքները իրականում երկու անգամ ավելի են և զբաղեցնում են մայրաքաղաքի առնվազն 10 տոկոսը:

«Այն, ինչի վերածվում է Երևանը, ուղղակի այլանդակություն է: Եթե քաղաքին նայես մի բարձրադիր կետից, կտեսնես, որ այն չորս կողմից շրջապատված է գերեզմաններով, և այդ օղակը աստիճանաբար սեղմվում է: Այսպես շարունակվելու դեպքում կգա մի ժամանակ, երբ մայրաքաղաքն ուղղակի կվերածվի գերեզմանոցի»,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Վլադիմիր Բադալյանը:

2006-ին ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով, որի հեղինակը հենց Վլադիմիր Բադալյանն էր, իրավիճակն ինչ-որ առումով պետք է որ շտկվեր:

Օրենքը նախատեսում էր մեկ մարդու համար 2,5 քմ, իսկ ընտանեկան գերեզմանի համար 12,5 քմ անվճար տարածք տրամադրել, սակայն ստեղծված իրավիճակում, երբ քաղաքային իշխանությունները պնդում են, որ 2020-ին Երևանում հանգուցյալներին հողին հանձնելու տեղ այլևս չի լինի, գերեզմանային տարածքները շատ դեպքերում վերածվել են կոռուպցիայի առումով գրավիչ վայրերի:

Նույն օրենքի մեջ դրույթներ կային նաև դիակիզարանների մասին, որոնց առկայությունը միայն, ըստ Բադալյանի և ոլորտի մասնագետների, կարող է իրավիճակը փոխել: Թեև 2006-ին ուժի մեջ մտած օրենքը ենթադրում էր դիակիզարանի նախագծում և կառուցում, սակայն միայն վերջերս է դիակիզարանի համար 12,0 հա տարածք հատկացվել: Թեև ներկայումս խոսվում է 2014-ին Հայաստանում դիակիզարան կառուցելու մասին, այնուամենայնիվ, դարձյալ հստակ ժամկետներ չեն նշվում:

«Դիակիզարանը պարտադիր է Հայաստանի, հատկապես Երևանի համար, քաղաքը խեղդվում է,- ասում է Բադալյանը` ակնարկելով գերեզմանոցներում հատկացվող հսկայական տարածքները և կառուցվող դամբարանները,- հատկապես որ մայրաքաղաքում հողերը սահում են, այսինքն` վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Ի վերջո, Երևանը մայրաքաղաք է, իսկ դուք տեսել եք` ի´նչ է կատարվում գերեզմաններում: Ես ինքս 260 քմ տարածքով գերեզման եմ տեսել Երևանում»:

Հսկայական մարմարե արձանները, կամարաձև դամբարանները, վեր խոյացող սյուներն ու տարաբնույթ «ճարտարապետական» լուծումներով ու մինչև հարյուրավոր քառակուսի մետրեր տարածությամբ, առկա են մայրաքաղաքի գրեթե բոլոր գերեզմանատներում: Շքեղություն, փայլ, որոնք ըստ հասարակության մեջ կարծրացած մտածելակերպի` հանգուցյալի հանդեպ հարգանքի, հարազատների պատվի մասին է վկայում:

«Հայաստանում մեռելապաշտությունը հասնում է անասելի չափերի,- ասում է Երևանի բնակչուհի Թամարա Մելքոնյանը: – Իմ մոտ հարևանուհիներից մեկը կյանքի օրոք չկարողացավ քաղցկեղի բուժման համար թանկարժեք դեղեր ձեռք բերել, սակայն կնոջ մահվանից հետո ամուսինը հազարավոր դոլարներ պարտք արեց` մեծ գերեզման սարքելու և տեղը տեղին թաղում կազմակերպելու համար: Այդքան գումարով նա դեռ երկար կարող էր բուժում ստանալ»:

Մեռելապաշտության մասին, ըստ շատերի, վկայում է նաև մեռելոցի օրերը:

2008-ից ի վեր, երբ նախագահի ընտրություններից հետո վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ, Հայաստանյայց եկեղեցու հինգ տաղավար տոներից յուրաքանչյուրին` Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն (Զատիկ), Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց, հաջորդած մեռելոցի օրերը հայտարարվեցին ոչ աշխատանքային:

Նմանօրինակ որոշումը, որն ընդունվել է Մայր աթոռի առաջարկով, ոչ աշխատանքային օրը հնարավորություն է տալիս ննջեցյալների հիշատակման օրը գերեզման այցելել:

Երբեմն մեռելոցը գերեզման այցելելուց հետո շարունակվում է մեծ սեղաններով, ուր հարազատները ճոխ սեղանների շուրջը, վերջին տարիներին նաև` հատուկ սգո ճաշարաններում, հիշում են հարազատին, խոսում նրա մասին: Բացի այդ, ննջեցյալների հիշատակի օրը բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում:

Սակայն մեռելոցները ոչ աշխատանքային հայտարարելը ոչ բոլորի կողմից է ընդունվում, իսկ վարչապետը բազմիցս հայտնվել է քննադատությունների թիրախում` նմանօրինակ փոփոխությունների համար, երբ մեռելոցի փոխարեն մարդիկ ստիպված են լրացնել բաց թողածը` աշխատելով ոչ աշխատանքային օրերին:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ հայերն այս առումով «և´ նյութապաշտ են, և´ շատ զգայական»:

«Այստեղ մեծ ազդեցություն ունի նաև հասարակությունը»,- «Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը:

Ադիբեկյանը նշում է, որ Հայաստանում դիակիզարան կառուցելու մտահղացում եղել է դեռևս 1970-ական թվականներին:

«Այն ժամանակ քեռիս` հայտնի ճարտարապետ Հովհաննես Հակոբյանը, առաջին դիակիզարանի նախագծումն արել էր, սակայն Կենտկոմը հավանություն չտվեց»,- «Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը:

Գերեզմանների և դիակիզարանների մասին խոսում է նաև Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նա նշում է, որ թեև Հայ եկեղեցին պաշտոնական դիրքորոշում չի հայտնել հանգուցյալների դիակիզման վերաբերյալ, և նշյալ խնդիրը դեռևս քննության չի առնվել եպիսկոպոսաց ժողովում, դիակիզումը, սակայն, «ուղղափառ հավատի դիտանկյունից քննված` ընդունելի չէ և խորթ է քրիստոնեական մեր աշխարհայացքին»:

«Գերեզմանի կնքումը, որ կատարվում է թաղման արարողության ժամանակ, շեշտում է մեր ցանկությունը և մաղթանքը, որպեսզի հանգուցյալի գերեզմանն անշարժ մնա մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, երբ Նրան ընդառաջ կելնեն բոլոր հավատացողները նորոգված մարմնով»,-«Մեդիալաբին» ասում է Մելիքյանը:

Ադիբեկյանը պնդում է, որ տասնյակ տարիներ անց էլ Հայաստանում դիակիզարանի գաղափարն անընդունելի է, և պատճառը միայն քրիստոնեական առումով անընդունելի լինելը չէ:

«Այստեղ գործում է ոչ այնքան հավատի գործոնը, որքան սովորույթը: Մարդիկ Հայաստանում մեծ մասամբ նյութապաշտ են և զգայական առումով կապված են նյութին: Մարմինն արժեք ունի, այն վայրը, որտեղ թաղված է հարազատը ևս, այսինքն` գերեզմանները, և դիակիզարաններ կառուցելու դեպքում մանրակրկիտ աշխատանք է պետք տանել մարդկանց հետ, իսկ դա անխուսափելի անհրաժեշտություն է դարձել»,- նշում է նա:

Վլադիմիր Բադալյանը ևս նշում է, որ հասարակությանն իրազեկելը կօգնի իրավիճակը փոխելուն:

«Երևանը մեր մայրաքաղաքն է,- ասում է նա,- և ոչ թե գերեզմանների համար կոմերցիայի կենտրոն»:

© Medialab.am