Դավիթ Հարությունյան. ուղիղ եթերը նվազեցնում է երկխոսության արդյունավետությունը

Դավիթ Հարությունյան. ուղիղ եթերը նվազեցնում է երկխոսության արդյունավետությունը
Դավիթ Հարությունյան. ուղիղ եթերը նվազեցնում է երկխոսության արդյունավետությունը

Այսօր կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցած ընդդիմություն-իշխանություն երկրորդ հանդիպումից հետո` իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունները մտահոգված են Կոնգրեսի վերջին գրավոր հայտարարությամբ, որովհետեւ, նրա խոսքով, «եթե սկսված է երկխոսություն, ապա կողմերը պետք է իրար հետ չխոսեն գրավոր լեզվով»:

«Դա կարծես թե հարցականի տակ է դնում այն ներկայացուցիչենրի լիազորությունները, ովքեր մասնակցում են երկխոսությանը: Կարծես թե մենք այդ հարցի շուրջ հանգեցինք ընդհանուր եզրակացության, որ այսուհետ կողմերը բոլոր հարցերը ներկայացնելու են երկխոսության սեղանի շուրջ եւ մենք հնարավորություն կունենանք արձագանքնելու բարձրացված հարցերին»,- հայտարարեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին կայացած ընդդիմություն-իշխանություն առաջին հանդիպումից հետո Կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մի շարք պահանջներ էր ներկայացրել երկխոսության ընթացքի հետ կապված` այդ թվում եւ ուղիղ եթերով հեռարձակել երկխոսության ընթացքը:

Իշխող կոալիցիան, սակայն, մերժեց այդ առաջարկը:

«Մեր խորին համոզմամբ երկխոսության ուղիղ եթերով հեռարձակումը կնշանակի ավելի շատ տեսանկյան ներկայացում հանրությանը, յուրաքանչույւր կողմի, քան` բուն երկխոսություն: Եւ հայտնի է, որպես կանոն, երկխոսությունների ժամանակ ուղիղ հեռարձակում չի իրականացվում, որովհետեւ դա անմիջապես նվազեցնում է արդյունավետությունը»,- ակդ կապակցությամբ հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց նաեւ, որ մեկ այլ հարցի շուրջ կողմերը պայմանավորվածության չեկան` այն է, տեսակետները եթերում ներկայացնելու հավասար հնարավորությունների մասին:

Ու չնայած իշխանությունները չեն կիսում այդ հարցում ընդդիմության մտահոգությունները, այդուհանդերձ իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ ինքը կոչով դիմել է ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին`եթեր ունենալու հարցում ապահովելու նույնպիսի հնարավորություններ նաեւ կոնգրեսի ներկայացուցիչների համար, ինչպես իշխող կոալիցիայի ներկայացուցիչների համար:

«Ավելին, մենք միակողմանիորեն հայտարարեցինք, որ եթե մեզ` վեցից որեւէ մեկին հրավիրեն որեւէ եթեր, ապա մենք առաջինը հարց կուղղենք համապատասխան հեռուստաընկերությանը` արդյո՞ք նրանք համապատասխան հրավեր ուղարկել են նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչներին: Մենք կհամաձայնվենք եթերով հանդես գալու միմիայն այն դեպքում, եթե Կոնգրեսի ներկայացուցիչները ունեցել են նման առաջարկ եւս»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

© Medialab.am