«Իրավիճակը Իրանի հետ կապված շատ վատ է, բայց չի հանգեցնի բախումների». Սահակ Շահմուրադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը

– Պարո՛ն Շահմուրադյան, ինչպե՞ս եք գնահատում Իրան-Ադրբեջան հարաբերությունների՝ վերջին օրերի կտրուկ վատթարացումը: Իրանում այս առումով ի՞նչ տրամադրություններ են:

– Իրավիճակն Իրանում շատ վատ են գնահատում և անվերջ Ադրբեջանին զգուշացնում են` չգնալ սադրանքների և հատկապես Իսրայելի հետ հարաբերություններում զգույշ լինել։

Հենց երեկ, անդրադառնալով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններին, ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սեյեդ Քամալ Խառազին նշել է, որ Ադրբեջանի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրացիների վրա հույս դնելը տրամաբանական և ողջամիտ քայլ չէ: Քամալ Խառազին իր խոսքում նշել է նաև, որ արտաքին ուժերի դերի մեծացման հետ մեկտեղ երկրի կախվածությունը դրանից ավելի է մեծանում:

ԻԻՀ-ն այսօր տարածաշրջանում անվիճելի ուժ է, և դա պայմանավորված է նրանով, որ նա կախված չէ արտաքին ուժերից:

– Ինչի՞ կհանգեցնի ստեղծված իրավիճակը, արդյոք լարվածությունը կվերածվի՞ բախումների:

– Չեմ կարծում` լուրջ բախման հանգեցնի, հատկապես որ այսօր Իլհամ Ալիևը փորձեց կոծկել Իսրայելի գործակալների ներկայությունը Ադրբեջանում։

Վստահ եմ, որ կողմերը այսուհետ կփորձեն ավելի մեղմել լարվածությունը և Ռուսաստանի միջնորդությամբ մի կերպ համաձայնության գալ հարցերը այլ հարթակում լուծելու ուղղությամբ։ Մասնավորապես, Միրզոյանի հետ հանդիպումից հետո Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ անպայման կքննարկեն Ադրբեջանի հետ ստեղծված լարվածությունը մեղմելու ուղիները։

– Ի՞նչ արձագանք ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի՝ Իրան կատարած պաշտոնական այցը:

– Ինչպես գիտեք, Իրանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ համագործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բեռնատար մեքենաների այլընտրանքային երթուղու կառուցումը:

Հայաստանի և Իրանի սահմանների մոտակայքում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ուժերի համատեղ զորավարժությունների անցկացումը և ավելի վաղ Սյունիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհահատվածում իրանական բեռնատարների և իրանցի վարորդների համար ադրբեջանական օկուպանտ ուժերի ու ոստիկանության կողմից առաջացրած խոչընդոտները դիվանագիտական և քաղաքական լուրջ մտահոգություններ են առաջացրել Իրանի պետական մարմինների, քաղաքական ու ռազմական շրջանակում։

Չպետք է անտեսել այն իրողությունը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմից հետո Կովկասյան տարածաշրջանում առաջացած սահմանների փոփոխության ֆոնին և դրանից բխող թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքի» պարտադրվող գործողությունների համատեքստում, Իրանի պաշտոնյաները Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունները դիտում են նախ` Իրանի, ապա` իրենց բարեկամ երկիր Հայաստանի ազգային շահերի դեմ ուղղված սադրիչ քայլեր: Ինչպես տեսաք, անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի և թուրք-ադրբեջանական հերթական սադրանքին՝ Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասել է, որ տարածաշրջանում օտարների միջամտությունը վեճի և վնասի պատճառ է դառնում:

Այս զարգացումների ֆոնին Արարատ Միրզոյանի՝ Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ համագործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բեռնատար մեքենաների այլընտրանքային երթուղու կառուցումը:

Եվ պատահական չէ, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի գլխավորած պատվիրակությունը Երևանում քննարկեց Իրանի համագործակցությամբ ու մասնակցությամբ այս ճանապարհի կառուցման հետ կապված հարցեր: Սա իրոք դրական տեղաշարժ է հայ-իրանական հարաբերություններում, ըստ որի՝ երկու երկրների սովորական առևտրային հարաբերությունները թևակոխում են աշխարհաքաղաքական և ճանապարհների անվտանգության ապահովման նոր փուլ։

Իհարկե բոլորս էլ հիշում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհահատվածում բեռներ փոխադրող երկու իրանցի վարորդների կալանավորեց: Անկասկած այդ վարքագիծը չի կարող չանհանգստացնել իրանական հասարակությանը և պետական պաշտոնյաներին։ Իրանը չափազանց զգայուն է իր սահմանների երկայնքին տեղի ունեցող զարգացումների և անվտանգության նկատմամբ: Այդ պատճառով յուրաքանչյուր արկածախնդրություն և իսլամական ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում և Իսրայելի գործակալների ու ռազմական խորհրդականների ներկայությունը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում և հատկապես Իրանի սահմանների մոտ կարող են անմիջական ազդեցություն ունենալ Իրանի ազգային անվտանգության վրա:

Արարատ Միզոյանի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը բաց տեքստով և վճռականորեն ընդգծել է, որ հայաստանցի գործընկերոջ հետ բարձրաձայն հայտարարում են, որ որոշ օտարերկրյա միջամտողների թույլ չեն տա պատճառ դառնալ, որպեսզի Իրանի և իր հարևանների, այդ թվում` Հայաստանի նման լավ հարևանի հետ հարաբերությունները վտանգվեն:

Իրանը և Հայաստանը հոկտեմբերի 4-ին կրկին պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը տնտեսական, քաղաքական, տրանսպորտային, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում, և դա կարող է մոտ ապագայում նաև ընդգրկել անվտանգության համագործակցությունների խիստ կարևոր և անհրաժեշտ ոլորտները, որի բացը լրացնել հատկապես ներկայիս պայմաններում խիստ անհրաժեշտ է երկու երկրի համար։

Մանե Հարությունյան

MediaLab.am