Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը»․ հույզեր, վախեր և «վաճառվող» երազներ

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Քաղաքագետները սիրում են կրկնել, որ իրենց համար քաղաքական գործչի խոսքը կարևոր չէ, կարևոր է, թե ով է ասում և ինչ պայմաններում։ Մինչդեռ լրագրողների համար կարևոր է բուն հնչած խոսքը։ Քանի որ խոսքը քարոզչության հիմքն է, իսկ քարոզչությունը՝ լեգիտիմության։ Յուրաքանչյուր տեսակի լեգիտիմության հետևում դրված է տեքստ՝ գրավոր կամ բանավոր։ 

Դա է պատճառը, որ անհրաժեշտ է խոշորացույցի տակ դիտարկել քաղաքական ուժերի առաջարկած գաղափարական տեքստերը։ Այսօր կդիտարկեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստանի» գաղափարը։ Այն իր մեջ պարունակում է երեք հիմնական մեսիջ՝ «Իրական Հայաստան», «Խաղաղության խաչմերուկ», ինքնիշխանություն։ Այս երեք բանալի սկզբունքները իրար հետ կցված են և միահյուսված։ 

Իմ պատկերացմամբ՝ աշխատող քաղաքական գաղափարը պետք է ունենա երեք սյուն՝ արժեքային հիմք, երազ կամ տեսլական, սպառնալիք, վտանգ՝ նախընտրելի է՝ արտաքին։ «Իրական Հայաստանը» այս երեք հիմքերն էլ ունի։ Վերլուծենք դրանցից յուրաքանչյուրը։ 

«Իրական Հայաստան» 

Քաղաքական քարոզչության, հոգեբանության և ժամանակաշրջանի տեսանկյունից բավականին գրագետ հավաքված կոնցեպտ։ Գրագետ ոչ թե խոհափիլիսոփայական, այլ ընտրողին գրավելու, սեփական քայլերի լեգիտիմությունն ապահովելու իմաստով։

Սոցհարցումների ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի, պատասխանելով իրեն ուղղված հարցին, արտահայտվում է իր կարծիքով հանրության կողմից ընդունելի ձևաչափով։ Եվ հաճախ յուրաքանչյուր հարցի պատասխան ունենում է ֆորմալ և ոչ ֆորմալ շերտ։ Օրինակ՝ քաղաքացին ասում է՝ թիվ մեկ խնդիրը երկրում անվտանգությունն է։ Սա ֆորմալ շերտն է։ Այս պատասխանի ոչ ֆորմալ հատվածը հնչում է հետևյալ կերպ․ «Ես չեմ ուզում իմ որդին զոհվի կամ վիրավորվի պատերազմում»։ Կամ քաղաքացին ասում է՝ կարևոր է տնտեսական զարգացումը։ Անձնական մակարդակում նա ի նկատի ունի՝ «Ես ուզում եմ լավ ապրել»։ 

Նիկոլ Փաշինյանը իրեն ներկայացրել և ներկայացնում է որպես ժողովրդի ծոցից ելած զավակ։ «Իրական Հայաստանի» կոնցեպտով նա մի կողմ է նետում հայտնի մտահոգությունների բոլոր ֆորմալ կողմերը և առաջին պլան է քաշում անձնական, հուզական մակարդակը։ 

Նա չի ասում՝ տնտեսական զարգացում, նա ասում է՝ լավ ապրենք։ Նա ընտրողին դիմում է «դու»-ով։ Չի ասում գրագիտության զարգացում, ասում է՝ մեզ վրա պիտի աշխատենք։ 

Այս ձևաչափը օգնում է Նիկոլ Փաշինյանին թե՛ հակադրվելու հաճախ ֆորմալ լեզվով խոսող ընդդիմությանը և թե՛ մեկ անգամ ևս հաստատելու իր՝ ժողովրդից լինելը։ Իզուր չէ, որ նա բազմիցս նշում է, որ ի տարբերություն այլ գաղափարախոսությունների, «Իրական Հայաստանը» եկել է ժողովրդի ծոցից։ Այն լավ ապրելու և, ժողովրդի լեզվով ասած՝ «ոտքերը սեփական վերմակի երկարությամբ» մեկնելու մասին է։ 

Սա գաղափարախոսության արժեքային բազան է։ 

«Խաղաղության խաչմերուկ» 

«Իրական Հայաստանի» երկրորդ, իսկ երբեմն անգամ թիվ մեկ կոնցեպտը։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է խաղաղություն և առևտուր։ Այսինքն՝ անվտանգություն և տնտեսական աճ, այսինքն՝ քո որդին չի զոհվելու, և դու լավ ես ապրելու։ Սա գաղափարի շատ կարևոր բաղադրիչ է՝ տեսլականը, երազը, նպատակը, որին պետք է ձգտել։ 

«Խաղաղության խաչմերուկը» եթե ստացվի, իր հետ կբերի թե՛ անվտանգություն, թե՛ տնտեսական աճ։ Բայց դրա համար պետք է ուշադիր աշխատել, քանի որ այս երազը ունի թշնամի, «չուզողներ», որոնք ամեն ինչ անելու են, որպեսզի այն չիրագործվի։ Եվ այստեղ է գլուխ բարձրացնում վարչապետի գաղափարախոսության երրորդ հենասյունը։ 

Ինքնիշխանություն 

Ինչպես թշնամու բանակից պաշտպանվելու միակ միջոցը քո բանակն է, այնպես էլ այլ չկամ երկրներից ու չուզողներից պաշտպանվելու լավագույն միջոցը ինքնիշխանությունն է, սուվերենությունը։ 

Բաց տեքստով իհարկե չի ասվում, բայց ինքնիշխանություն ասելով Նիկոլ Փաշինյանն ի նկատի ունի նախևառաջ «անկախացում» Ռուսաստանից։ Հիշենք ԱԺ-ում իր աղմուկ հանած ելույթը, երբ նա ընդդիմությանը մեղադրեց «գուբերնիայում» խունկը ծխելու ցանկության մեջ։ 

Անկախ գետնի վրա տնտեսական պատկերից՝ քարոզչական իմաստով «ինքնիշխանության» գաղափարը երեք կարևոր կետ ունի․

ա․ այն խորապես հակառուսական է, ինչը իշխող ուժի շահի տեսանկյունից շատ ճիշտ քաղաքական որոշում է՝ հաշվի առնելով պատերազմից հետո Ռուսաստանի հանդեպ անվստահության, դժգոհության և անգամ թշնամանքի աճը։ Հանրությունն իրեն մեծ եղբոր կողմից դավաճանված ու լքված է զգում։ Նիկոլ Փաշինյանը վերցնում է այս զգացումը ու ասում՝ մի՛ նեղվիր, մեզ ոչ ոք պետք չէ, մենք կփորձենք ինքներս մեր գլխի ճարը տեսնել։ Իր բնույթով պարզ և անգամ մանկական նեղացկոտությունն առ Ռուսաստան վերածվում է՝ «չնեղվես, հետդ եմ» մեսիջի․ 

բ․ երկրորդ կետը, որի վրա հիմնվում է ինքնիշխանության գաղափարը, ընդդիմության դեմ պայքարն է։ Բոլոր ակտիվ ընդդիմադիր ուժերը, անգամ Եկեղեցին, հայտարարվում են ինքնիշխանության գլխավոր վտանգի՝ Ռուսաստանի կամակատարներ և ծառաներ։ Հետևաբար վտանգ են մեծ երազի համար։ Նպատակն էլ, դե, արդարացնում է միջոցները․ 

գ․ երրորդ կետը․ ինքնիշխանության միակ ձգտող և ուզող քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիրն» է։ 

Իսկ հիմա ամենակարևորը․ նշված այս բոլոր երեք կետերի գլխավոր պատասխանատուն, մեղավորը, հովանավորն ու երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է։ Բոլոր երեք կոնցեպտներն էլ ունեն մի գլուխ, հյուսված են մի անձի հետ, ներկայացվում են մեկ անձի տեսքով։ Սա շատ կարևոր է իշխանությունը պահելու տեսանկյունից։ 

«Իրական Հայաստանի» գաղափարն ունի նաև բացահայտ թույլ կետեր։ Օրինակ՝ որքան էլ փորձեն դա հերքել, «Իրական Հայաստանը» մի տեսակ հակադրվում է պատմական հայրենիքին, որը այս քաղաքական քարոզչության աքիլեսյան գարշապարներից է։ Ի վերջո պետք է հաշվի առնել այն փաստը, որ մինչև օրս Երևանում մարդիկ, հարցնելով որտեղից ես, հաճախ ի նկատի ունեն՝ որտեղից են քո պապերը։ Այսինքն՝ պատմականության շերտը նույնպես խոր հուզական է և մնայուն։ 

Ինչպես նաև այս գաղափարախոսությունն անտեսում է Արցախը և արցախցիներին։ Մի տեսակ՝ չտեսնելու է տալիս հինգ տարի առաջ եղածը, Եռաբլուրը, բռնի տեղահանվածներին։ Այս թեմաներին անդրադառնում է հպանցիկ, երբեմն՝ սայթաքելով։ 

Այն, որ լեզուն պարզունակ է, հասկանալի է և լայն առումով նպատակահարմար, բայց գաղափարախոսությունը ծվեն-ծվեն ու ցաքուցրիվ է ներկայացվում։ Թերևս մի քանի ամիս հետևելուց հետո եմ վերջապես կարողացել հավաքել այն մտքում և համակարգի տեսք տալ Նիկոլ Փաշինյանի ասածներին։ Ինքը՝ վարչապետը, կարծես թե դրա կարիքը չի տեսնում։ 

Ինչևէ, հիմնական հետևությունս այն է, որ այս պահին՝ ընտրություններից մոտ մեկ տարի առաջ, իշխող ուժը ձևավորել է հստակ մեսիջ, որով փորձելու է ոչ միայն առաջ շարժվել, այլ նաև լեգիտիմացնել իր բոլոր վատ ու լավ քայլերը։ 

Ընդդիմությունն այս իմաստով շատ ավելի թույլ է, մասնատված, անհավես ու ամենակարևորը՝ առանց երազի։ Փորձը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանին հանելը՝ որպես տեսլական, այլևս չի վաճառվում։ Իսկ ապագայում գաղափարական իմաստով կհաղթի նա, ով ավելի շատ մարդու կվաճառի իր քաղաքական երազը։ 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am