Հրանտ Բագրատյան. «Ընտրե՛ք ինձ, եւ ես ձեզ կոնկրետ ցույց կտամ ճիշտ ճանապարհը»

Հրանտ Բագրատյան. «Ընտրե՛ք ինձ, եւ ես ձեզ կոնկրետ ցույց կտամ ճիշտ ճանապարհը»
Հրանտ Բագրատյան. «Ընտրե՛ք ինձ, եւ ես ձեզ կոնկրետ ցույց կտամ ճիշտ ճանապարհը»

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը այցելեց Գյումրի քաղաք: Պարոն Բագրատյանը լրագրողների և Գյումրիի բնակիչների հետ հանդիպեց «Հոկտեմբեր» կինոթատրոնի սրահում:

Հրանտ Բագրատյանը նախ պատասխանեց լրագրողների բազմազթիվ հարցերին: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, Բագրատյանն ասաց. «Իրականության մեջ նա ձայներ չունի: Նա հինգ տարի ձախողել է, նրա կատարած գործը լավը չէ, եւ ես ասում եմ՝ ընտրե՛ք ինձ, եւ ես ձեզ կոնկրետ ցույց կտամ ճիշտ ճանապարհը»:

Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դրանք պատվիրված են իշխանությունների կողմից: Նա նշեց, որ ինտերնետային կայքերում անցկացվող սոցիոլոգիական հարցումներում Սերժ Սարգսյանի վարկանիշը 8-10 տոկոսից չի անցնում: Շարունակելով սոցոլոգիական հարցումների թեման Բագրատյանն ասաց. «Պետությունը հայտարարում է, որ 30 տոկոս աղքատություն ունենք, մենք Գյումրիում 47 տոկոս աղքատություն ունենք, պատկերացնո՞ւմ եք, որ էստեղ՝ Գյումրիում, ուր յուրաքանչյուր 2-րդ մարդը աղքատ է, 70 տոկոս Սերժը քվե տանի… Սա նշանակում է, որ անբարո ձևով Հայաստանում փող են աշխատում: «Գելափ», «Եվրոպայի բարեկամներ»՝ իրանց մարդիկ են, իշխանությունների վճարած: Իրենց ասելով՝ աղքատներն էլ են ասում, որ կընտրեն Սերժ Սարգսյանին»: Նախագահի թեկնածուն ասաց, որ իրականում Սերժ Սարգսյանը վարկանիշով երրորդ տեղն է զբաղեցնում:

Այնուհետև Հրանտ Բագրատյանը զրուցեց դրսում խմբված գյումրեցիների հետ: Անդրադարձավ ավանդների վերադարձի խնդրին: Գյումրեցիներին հետաքրքրում էին նաև մաքսատան անցկացվող բարեփոխումների, մենաշնորհների վերացման խնդիրները: Հրանտ Բագրատյանը նշեց, որ միայն իր ծրագրում կա այլընտրանքային առաջարկ` մասնավոր մաքսատուն բացելու գաղափարը:

Այնուհետև Հրանտ Բագրատյանը ոտքով շրջեց քաղաքում և մտավ եկեղեցի:

Հաջորդ կանգառը ժուռնալիստների Ասպարեզ ակումբն էր, որտեղ հարցազրույց եղավ Գյումրիի մտավորականության ներկայացուցիչների հետ: Հրանտ Բագրատյանը պատասխանեց նրանց հարցերին, ներկայացրեց Հայաստանի զարգացման իր տեսլականը: