Պետական բաժնետոմսերով առողջապահական ինստիտուտը պայմանագիր է կնքել «սև ցուցակում» հայտնված ՍՊԸ-ի հետ

Պետական բաժնետոմսերով առողջապահական ինստիտուտը պայմանագիր է կնքել «սև ցուցակում» հայտնված ՍՊԸ-ի հետ
Պետական բաժնետոմսերով առողջապահական ինստիտուտը պայմանագիր է կնքել «սև ցուցակում» հայտնված ՍՊԸ-ի հետ

Գնումների մասին ՀՀ օրենքով նախատեսված է պետական մարմինների գնումներ կատարելու կարգն ու չափանիշները։ Ամենից տարածված և նախընտրելի ճանապարհը մրցույթն է՝ տենդեր, սակայն կան նաև մեկ անձից կատարվող գնումներ։

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, որը պետական բաժնետոմսերով գործող ընկերություն է, 2018 թվականին տարակուսելի մի շարք գնումներ է իրականացրել։ Խոսքը մասնավորապես գնում է ընկերության կայքի ձևավորման, սպասարկման և կառավարման վրա ծախսված գումարների մասին։

ՓԲԸ-ն պայմանագրեր է կնքել «Մեգապոլիս լաբ» ՍՊԸ-ի հետ, որը և իրականացնում է ինստիտուտի վեբ կայքի ձևավորման աշխատանքները։ Նկատենք, որ «Մեգապոլիս լաբ» ՍՊԸ-ն գտնվում է «պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցուցակում» և չէր կարող ոչ մասնակցել, ոչ էլ հաղթել ՓԲԸ-ի հայտարարած մրցույթում։ ՓԲԸ-ն, սակայն, այլ կերպ է վարվել և ընտրել է պետական գնման «մեկ անձի» ճանապարհը։ Այս դեպքում պետական մարմինն է ընտրում, թե ումից կատարի անհրաժեշտ գնումը, այն կարող է լինել անգամ «սև ցուցակում» գտնվող ընկերություն։

Մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է գնման ընթացակարգը ընտրվել «մեկ անձ», և  ինչպե՞ս է կնքվել պայմանագիր մի ընկերության հետ, որը իրավունք չունի մասնակցել պետական գնումների գործընթացին, ՓԲԸ-ից պատասխանեցին, որ օրենքը դա թույլ է տալիս՝ հղելով համապատասխան կետերին։

Գնումների մասին օրենքն իսկապես թույլ է տալիս գնում կատարել մեկ անձից, եթե գումարը չի գերազանցում բազային մեկ միավորը՝ 1 մլն դրամը։ Նկատենք, որ կայքի ձևավորման, սպասարկման և կառավարման թվով 4 պայմանագրերը կնքվել են գրեթե նույն օրը (դրանցից երկուսը` նույն օրը)։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է 1,270,000 դրամ։

Այսպիսով, եթե ՓԲԸ-ի կայքի ձևավորման աշխատանքները իրականացվեին մեկ պայմանագրով, ապա վերջիններս ստիպված էին լինելու տենդեր հայտարարել և ընտրել նվազագույն գին առաջարկած մասնակցին։ Ընդ որում, այդ մրցույթին տվյալ ընկերությունը չէր կարողանա մասնակցել։

Հատկանշական է, որ ընկերությունը որի հետ առողջապահական ինստիտուտը պայմանագիր է կնքել «սև ցուցակում» է հայտնվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի  6-րդ կետի «ա» ենթակետի հատկանիշներով՝ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը։

Աղբյուրը՝ sut.am