«Պետությանը ծառայելու տենչանքով եմ գալիս». գործարարը մտնում է քաղաքականություն

«Սարգիս Կարոլինա» ընկերության գործադիր տնօրեն Երվանդ Թարվերդյանը որոշել է կուսակցություն ստեղծել և մասնակցել ընտրություններին: Կուսակցությունը կոչվելու է «Միացյալ Հայաստան», որի հիմնադիր համագումարը կայանալու է ապրիլին:

«Մեդիալաբը» մի քանի հարցեր է ուղղել Երվանդ Թարվերդյանին:

– Պարո՛ն Թարվերդյան, որոշել եք մտնել ընտրապայքարի մե՞ջ: Մամուլն այսօր գրել էր՝ կուսակցություն եք ստեղծում:

– Որոշել եմ առաջին հերթին մտնել քաղաքականություն, երկրորդ հերթին՝ ընտրապայքարի մեջ:

– Գործարար աշխարհն այլևս ձեզ չէ՞ր հետաքրքրում, թե՞ այլ խնդիր կա լուծելու:

– Գործարար աշխարհն ինձ միշտ է հետաքրքրել: Քաղաքականություն մտնելու հիմնական նպատակներից մեկը պետությանը ծառայելն է, որպեսզի գործարար աշխարհը ավելի արդյունավետ աշխատի: Պետության հիմքը լավ տնտեսություն ունենալն է: Եթե մենք չունենանք լավ տնտեսություն, չենք կարող ո՛չ պետություն ունենալ, ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն: Բոլորն ասում են՝ պետք է պատրաստ լինես պատերազմի, որ խաղաղություն ձեռք բերես, եթե չունենաս տնտեսություն, չես կարող ունենալ լավ բանակ, լավ ռազմարդյունաբերություն, լավ ռազմական տեխնիկա: Երկար մտորումներից հետո եմ կայացրել այս որոշումը: Լինելով մի շարք հաջող պրոյեկտներ, ծրագրեր իրականացնող՝ ինձ վրա մեծ պարտավորություն եմ վերցրել մտնել քաղաքականություն և սպասարկել պետության շահերը, ծառայել պետությանը, որպեսզի պետությունն ավելի պրակտիկ, փորձառու մարդկանցով համալրվի ու իրականացնի երկիրը հզորացնող քաղաքականություն: Պետությանը ծառայելու տենչանքով եմ գալիս քաղաքականություն:

– Դուք ակտիվ գործարար եք, ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսական վիճակը: Ի դեպ, այսօր էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, թե տնտեսությունը «համարյա վերականգնվում է»: Դուք էդպիսի նշաններ տեսնո՞ւմ եք:

– Մենք այսօր ունենք ոչ կայուն իրավիճակ հանրապետությունում: Հետպատերազմյան շրջանում, երբ քաղաքական վիճակը անկայուն է, ոչ մի կոպեկ ներդրում չի լինի, անգամ երկրի տնտեսվարողները, որոնք նաև իմ ընկերներն են և որոնք մտածում էին խոշոր ներդրումներ անել, էսօր մտածում են արտագաղթելու մասին, ուրիշ պետությունում սկսեն իրենց անվտանգ գործունեությունը: Իսկ ես չեմ ուզում հեռանալ, ես ամեն օր 10-20 մարդու համոզում եմ, որ չլքեն երկիրը: Երիտասարդները, լավ մասնագետները, ովքեր ունեն պոտենցիալ գտնել լավ աշխատանք այլ երկրներում, լքում են երկիրը:

Այդ դեպքում մենք ինչպե՞ս ենք ունենալու անվտանգ երկիր, եթե մեր լավ դաստիարակված, կրթված երիտասարդներն ուզում են գնալ այլ երկրներ: Իսկ անվտանգությունը առաջին հերթին կայունություն է: Հա, մեր նախարարը հայտարարել է, որ տնտեսությունը վերականգնվում է: Քանի՞ ամիս է անցել պատերազմից հետո, ե՛րբ պետք է քայլեր կատարվեին վերականգնման ուղղությամբ:

Բայց մի հատ եկեք անդրադառնանք Լարսի խնդրին: Ասում են՝ 500 մեքենա կանգնած է: Եթե ապրանքաշրջանառություն չի իրականացվում, ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսության գոյատևում, ուր մնաց՝ վերականգնում: Անցյալ տարվա մարտից քննարկվում էր լաստանավով փոխադրման տարբերակը, ավիափոխադրումների միջոցով բեռներ փոխադրելու հարցն էր նաև քննարկվում: Կարելի էր Ռուսաստանի հետ բանակցել և լուծել նման խնդիրները: Ես լավ հարաբերություններ ունեմ նախարարի հետ, և մենք միասին քննարկում ենք բազմաթիվ ծրագրեր: Բայց նախարարը միայնակ ոչինչ չի կարող անել:

– Ո՞վ չի օգնում՝ վարչապե՞տը, կառավարությո՞ւնը:

– Չէ՛, չեմ ասում վարչապետը խանգարում է կամ չի օգնում, ուղղակի ծրագրեր են պետք: Պետք է իմանանք՝ ուր ենք գնում, մենք հստակ չգիտենք՝ այս իրավիճակից ինչպե՛ս դուրս գալ:

– Իսկ դուք կհասցնե՞ք մշակել ձեր նախընտրական ծրագիրը՝ հաշվի առնելով, որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել:

– Մենք ունենք 87 օր, որը ահավոր մեծ ժամանակահատված է: Այս պահին մշակում ենք ծրագրեր տնտեսական բլոկի վերաբերյալ, քննարկումներ ենք իրականացնում մասնագետների հետ: Այսինքն՝ ես ավելի շատ գործարարների հետ եմ քննարկումներ իրականացնում: Գիտեք՝ տնտեսության տեսությունը գրում են մարդիկ, իրականացնում են գործարարները: Այսօր կան առաջարկներ թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ ռազմաբժշկության ոլորտների վերաբերյալ, և այդ մարդիկ ասում են՝ մենք առաջարկել ենք, բայց ծրագիրը կանգնել է: Ես չեմ ասում, որ էսօրվա էկոնոմիկայի նախարարը մեղավոր է, քանի որ ընդամենը մի քանի ամիս է աշխատում: Բայց գլոբալ առումով մարդկանց ցանկություններից չպետք է կախված լինի ինչ-որ ծրագրի իրականացումը. եթե կա խելոք ծրագիր, պետք է իրականացվի: Չէ՞ որ դա պետությանն է անհրաժեշտ և ոչ թե անձանց, հասկանո՞ւմ եք՝ պետք է անձերից վերանալ:

– Ճի՞շտ է, որ դուք, ձեր կուսակցությունը պրոռուսական ուղղվածություն եք ունենալու: Եվ ընդհանրապես, ո՞ր դաշտում եք գործելու:

– Ես պրոհայկական ուղղվածություն եմ ունենալու: Բոլոր իմ ընկերները, մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես բացառապես պրոհայկական եմ: Ես և՛ ռուսների հետ եմ շատ լավ շփվում, և՛ Ամերիկայի, և՛ Գերմանիայի, և՛ Ֆրանսիայի, և՛ Պարսկաստանի հետ եմ շատ լավ շփվում:

– Լավ, ի՞նչ մարտավարություն եք որդեգրել, քննադատելո՞ւ եք իշխանություններին, ի՞նչ դաշտում եք գործելու:

– Հերիք չի քննադատենք ինչ-որ մեկին, միգուցե առաջարկենք մի լավ բան: Մեր կուսակցության նպատակը զուտ պետության շահերը պահելն է, ազգին ծառայելն է: Ամբողջ սփյուռքին: Մեր թիրախը լինելու է՝ պայքար հանուն պետության և պետականության: Այդ դաշտում մենք մրցակից չենք տեսնում, քանի որ կարծում եմ՝ բոլորը սիրում են իրենց հայրենիքը ու բոլորը ձգտում են ծառայել իրենց հայրենիքին: Սա բիզնես չի, և այստեղ մրցակցություն չի կարող լինել: Այս պահին մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ՝ բաժանվել սևերի, սպիտակների, դավաճանների ու մարդասպանների: Մենք բոլորս հայ ենք ու բոլորս պետք է համախմբվենք:

Հասմիկ Համբարձումյան