Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ընդունված որոշումները, նշել է, որ այսօր զեկուցվող հարցերը տեղավորվում են նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ: «Եվ նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ունենք այդպիսի հարցեր, որոնք ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ են, և այս ուղղությամբ մենք աշխատանքները պիտի շարունակենք»,-ասել է վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է չզեկուցվող հարցերում ներառված երկու կարևորագույն փաթեթներին՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքներին: «Այդ օրինագծերը մեծ ռեֆորմների փաթեթներ են: Դրանք չեն զեկուցվել նիստի ընթացքում, քանի որ քննարկվելու են Ազգային ժողովում, բայց հընթացս անպայման հանրությունը կտեղեկանա բովանդակությանը»,– ասել է Տիգրան Ավինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով:

Մասնավորապես, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը և Հակակոռուպցիոն ռազմավարությունը, առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կոմիտեն, որը ստեղծվելու է որպես քննչական մարմին, կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթը։

Նախատեսվում է, որ Կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն։

Այս լիազորությունների ամբողջությունը հնարավորություն է տալու Կոմիտեին իրականացնել կոռուպցիոն հանցագործությունների ամբողջական և արդյունավետ քննություն: Կոմիտեն կազմված է լինելու կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանումներից (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներից) և աջակցող ստորաբաժանումներից:

Կոմիտեի կազմում գործելու են օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու է մրցութային կարգով: Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվում է նաև երեք միջազգային փորձագետ։

Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձինք: Միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Խորհրդի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար նիստերը կանցկացվեն բաց. քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել նիստերին: Խորհրդի նիստերը կտեսաձայնագրվեն: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում կհրապարակվի յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը:

Հավանությանն են արժանացել նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Օրինագծերի նպատակն է բարձրացնել կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես, կսահմանվեն բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները՝ ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների, կրթության որակի բարելավման նպատակով, պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի փոխհատուցում, մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով։

Անհրաժեշտ հիմքեր կդրվեն գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։

Օրինագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով:

Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը)՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով:

Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։

Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը բուհի ներկայացուցիչներից (այդ թվում մեկը՝ ուսանող), իսկ մյուս 6-ը գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։

Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը կարգելվի։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։