«Մարտի դաշտում այն պայմանները չեն ստեղծվել, որ խոսելու բան լինի, Ալիևին ու Էրդողանին մեր հակահարվածը կկանգնեցնի». Սուրեն Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ պետք է այս կառավարությունը հրաժարական տա, իշխանությունը փոխանցի բանակին, որն էլ կստեղծի պաշտպանության կոմիտե, որն էլ կգնա բանակցությունների: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի պայմաններում հրաժարականի պահանջ ներկայացնելը: 

– Մի զավեշտալի իրականություն կա, որ մեր արտագաղթած հայրենակիցների մտքում Հայաստանի մասին պատկերացումները մնում են մինչև այն հատվածը, որից նրանք արտագաղթել են։ Հայաստանում միտումները, պատկերները, տեսլականները փոխվում են, իսկ նրանց մոտ Հայաստանի բնակչության խնդիրները մնում են այն պահի դրությանը համահունչ, որ պահին իրենք արտագաղթել են։ 

Հիմա նույնը պարոն Մանուկյանի դեպքում է։ Նա, կարծես, մնացել է իր վարչապետ եղած ժամանակներում։ Անցյալը նրան չի թողնում ներկային ու ապագային պարզ մտքով ու հայացքով նայել։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ պետություն ու բանակ չկային, դրա համար ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Հիմա նա նորից առաջարկում է եղած պետությունը քանդել ու կառավարումը հանձնել պաշտպանության կոմիտեին։ 

Ենթադրում եմ՝ նրան թվում է՝ եթե մի բան էֆեկտիվ է եղել 30 տարի առաջ, հիմա էլ էֆեկտիվ կլինի։ Մինչդեռ ամեն ինչ փոխվել է։ Փոխվել է պատերազմի բնույթը։ Մեր առաջին անհաջողությունները երևի թե հենց դրա հետ էին կապված, որ շատերն այս պատերազմն ընկալեցին այնպես, ինչպես առաջին պատերազմը։ Մենք պատրաստ ենք աջակցել, համագործակցել և համագործակցում ենք պետական ինստիտուտների հետ, այդ թվում՝ բանակի։

– Նախկին իշխանությունների ներկայացուցիչները ևս ակտիվացել են և առաջին պլան են բերում վարչապետի հրաժարականի հարցը: Կարծում եք, որ նրանք փորձում են օգտվել ներկա իրավիճակից և հասնել իշխանափոխությա՞ն: Որքանո՞վ է իրատեսական նման սցենարը: 

– Կարծում եմ՝ բանակին պետք է ամուր թիկունք, ոչ թե այնպիսին, ինչպիսին կուզեին տեսնել նախկին քաղաքական համակարգի որոշ ներկայացուցիչներ։ Եթե ցանկություն կա նպաստել մեր հաղթանակին, ապա լավագույն լուծումը եղած կառավարման համակարգը ամրացնելն է։ Դա կարող է նրանց ներման հարցում լրացուցիչ փաստարկ լինել, որ կարող են ժամանակին մեջբերել։ 

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, թե մենք պատրաստ ենք անգամ ցավոտ փոխզիջումների, սակայն մեկ օր անց իր ուղերձում կարծես սրբագրեց իրեն՝ փոխելով հռետորաբանությունը և նշելով, որ պայքարելու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք: Ինչպե՞ս եք գնահատում նրա երկու ելույթները, նրանց միջև հակասություն չկա՞ր:

– Ինձ ավելի հոգեհարազատ էր վարչապետի երկրորդ ուղերձը։ Ես համաձայն եմ, որ իդեալականին մոտ պայմաններ են ստեղծվել հայկական այնպիսի հակահարձակման համար, որն ունակ կլինի փլուզել թե՛ ադրբեջանական բանակը, թե՛ հանրության հոգեբանությունը։ Կարևոր եմ համարում նաև առաջինի մեջ հնչած շատ դրույթներ։ Ըստ էության, ստացվում է, որ Հայաստանը ինչ-որ պահի պատրաստ է եղել փոխզիջումների, որոնք մերժվել են՝ պահանջելով միայն կապիտուլյացիա։ Փլուզող ուժ ունեցող հակահարձակումից հետո, եթե մե՛զ խնդրեն կանգնել, խնայել Ադրբեջանը, այդ հանգամանքը էական կռվան կարող է լինել, քանի որ Հայաստանին մեկնած ձեռքը հիմա մնացել է օդում։

– Արդեն երրորդ անգամ հակառակորդը չի պահպանում հրադադարը, այսօր էլ Ժնևում նախատեսված երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է: Ընդհանրապես, ակնկալիք կա՞, որ հրադադար կլինի: Ի վերջո, ո՞վ կարող է զսպել Էրդողանին և Ալիևին և ի՞նչ ձևով: 

– Հանդիպումը հետաձգվել է վաղը, բայց մարտի դաշտում էլ այն պայմանները չեն ստեղծվել, որ խոսելու բան լինի։ Ենթադրում եմ՝ Ալիևին ու Էրդողանին կկանգնեցնի մեր հակահարվածը։ Պետք է մեր բանակի գործունեությունը ամեն գնով պաշտպանվելու տրամաբանությունից փոխել դեպի նախապես հռչակվածը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։

– Նախօրեին Ալիևը հայտարարել էր, թե պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Փաշինյանի հետ Մոսկվայում: Սա ինչպե՞ս եք գնահատում, երբ մի կողմից հրթիռակոծվում են մեր քաղաքները, մյուս կողմից՝ նման բան է հայտարարվում: Ո՞րը պետք է լինի հայկական կողմի արձագանքը: 

– Ալիևի այդ խոսքերը կտրված են նրա ելույթի համատեքստից։ Մինչ այդ նախադասությունը, նա տասնյակ նախապայմաններ էր առաջարկել ու կասկած հայտնել, թե դրանք իրականություն կդառնան։ Հետո՝ պետք չէ առանձնակի ուշադրություն դարձնել Ալիևի խոսքերին։ 

Վերջին օրերին Թուրքիայի պաշտոնյաների հետ հեռախոսազրույցից հետո նա երեք անգամ խախտել է հրադադարի մասին իր տված խոստումը։ Դա արվում է հրապարակային։ Ստորագրվում է հրադադարի մասին համաձայնությունը, հետո զանգ է գալիս Թուրքիայից, և ստորագրված համաձայնությունը խախտվում է։ Այդ դեպքերից հետո չգիտեմ, թե որքան լուրջ պետք է վերաբերվել Ալիևի խոսքերին։

– Ընդհանրապես, կա տեսակետ, որ մեզ ձեռնտու չէ զինադադարը, քանի որ կորցրել ենք որոշակի տարածքներ, որոնք դեռ պետք է վերադարձնել: Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է այս հարցում:

– Ինչպես ասացի, եկել է մեր հաղթանակների ժամանակը։ Ադրբեջանա-թուրքական բանակը հասել է այն բնագծերին, որոնցով առաջանալը մեծ բարդություններ է ունենալու։ Այստեղ նրանց բանակը կկորցնի մարտունակ վերջին ստորաբաժանումները, ինչից հետո մեր դիմաց կանգնած լուրջ ուժ չի լինելու։

Այդ ժամանակ մենք կարող ենք հեշտորեն վերականգնել կորցրածը։ Չպետք է նաև մոռանալ, որ զինադադարի մասին այսօր խոսք չկա։ Նույնիսկ եթե մենք պատրաստ լինենք, Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ չեն։ Խոսքն առայժմ միայն ժամանակավոր մարդասիրական հրադադարի մասին է։

Մանե Հարությունյան

MediaLab.am