«Այս պահին Երևանի կենտրոնում նորմալ բնակարան գտնելը անհնար է, վարձով բնակարան փնտրողների թիվն աճել է անգամներով». Գեւորգ Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Skyline հյուրանոցի տնօրեն Գևորգ Բարսեղյանը

Պարո՛ն Բարսեղյան, Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացիների աննախադեպ հոսք է գրանցվել դեպի Հայաստան, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով: Կներկայացնեք, թե ի՞նչ իրավիճա է անշարժ գույքի շուկայում:

– Վարձով բնակարան փնտրողների թիվը, խոսքս, բնականաբար, ՌԴ քաղաքացիների մասին է, ոչ թե տոկոսներով, այլ անգամներով է շատացել, շատ-շատ է պահանջարկը: Ես և՛ փոքր հյուրանոց ունեմ, և՛ Երևանի կենտրոնում բնակարաններ եմ վարձակալությամբ տալիս, ու չորս-հինգ օր առաջ՝ ամսի 3-4-ից սկսած, արդեն իսկ ազատ տեղեր չունեի, դրանից մեկ-երկու օր հետո արդեն ոչ մեկի մոտ ազատ տեղ չկար: Այս պահին Երևանի կենտրոնում նորմալ բնակարան գտնելն անհնար է:

Ի՞նչ ժամկետներով են բնակարանները վարձակալում:

– Մեկ շաբաթից մինչև մեկ-երկու ամիս: Նրանցից շատերը դեռ չգիտեն՝ ի՛նչ են անելու: Մարդիկ կան, որ հստակ գիտեն՝ եկել են գոնե մեկ ամիս մնան, մեկ ամսով բնակարանն ամրագրում են: Մարդիկ էլ կան, որ տոմսը մեկ ուղղությամբ առել են, ուզում են մեկ շաբաթով վերցնել հյուրանոցի համար, մինչև այդ ընթացքում հասկանան՝ իրենք մնալո՞ւ են Հայաստանում, թե՞ ուրիշ տեղ են գնալու:

Շատերի համար էլ Հայաստանը տրանզիտի հարմար տարածք է, քանի որ Ռուսաստանից եվրոպական երկրներ թռիչքներն արգելված են, շատերը գալիս են այստեղ մի քանի օր կամ մեկ շաբաթ մնում են, մինչև հարմար մի տոմս ձեռք են բերում ու գնում իրենց ցանկացած երկիրը: Մեծաթիվ են այն մարդիկ, որ մեկ-երկու օր են մնում այստեղ ու գնում են Վրաստան:

Առանձին ուղևորափոխադրումների ծառայություն էլ ունենք, էլի մեծ պահանջարկ է առաջացել միակողմանի տրանսֆեր անելու պատվերների մասով: Սա կարելի է բացատրել ինչ-որ տեղ Վրաստանում առկա անշարժ գույքի համեմատաբար էժանությամբ, որովհետև ոչ թե այս պահին մեզ մոտ շատ թանկ է, իսկ այնտեղ՝ էժան, այլ, առհասարակ, միշտ էլ վարձով բնակարանները Վրաստանում ավելի էժան են եղել, քան Հայաստանում, դա տարբեր պատճառներով է պայմանավորված:

Էժանությամբ պայմանավորված՝ զգալի մասը նախընտրում է Վրաստան գնալ, բայց ես հյուր ունեի, որ մեկ շաբաթ ինձ մոտ մնաց, հետո գնաց Թբիլիսի, հիմա ինձ ասում է, որ այնտեղ ևս արդեն վարձով բնակարաններ չկան, ու նաև վերաբերմունքից է դժգոհում՝ նշելով, որ որոշ դեպքերում շատ բացասական է ռուս ազգի նկատմամբ: Ասում է՝ փողոցում կարող է տեսնեն ու գան ուղղակի վրադ գոռան, որ դու ռուս ես, քեզ չսպասարկեն, բանկում հաշիվ բացելու համար մի հատ բլանկ են տալիս, որ ստորագրես, թե Ռուսաստանը օկուպանտ է:

Պահանջարկն ինչպե՞ս է ազդել անշարժ գույքի շուկայում գնային քաղաքականության վրա, որովհետև առօրյայում, համացանցային խոսակցությունների մակարդակում մարդիկ ասում են, որ վարձով բնակարանների գներն անասելի բարձրացել են, պարո՛ն Բարսեղյան:

– Տեղյակ եմ այդ խոսակցություններից, և դրանց մի փոքր մասը, հնարավոր է՝ օբյեկտիվ է, բայց մեծ մասն այնքան էլ օբյեկտիվ չէ, որովհետև իրենք շուկային լավ չեն տիրապետում:

Տեսեք՝ գոյություն ունի կարճաժամկետ ու երկարաժամկետ վարձակալություն, այսինքն՝ եթե կես տարով ու ավելի վարձակալում են անշարժ գույքը, դա համարվում է երկարաժամկետ վարձակալություն, վճարում են ամսական ու համեմատած ավելի էժան, քան մեկ շաբաթով կամ ամսով բնակարան վարձակալողը:

Մեկ ամիսը համարվում է կարճաժամկետ, ու մեկ ամսով բնակարան վարձակալողը վճարում է օրական գումար: Եթե, օրինակ՝ մեկ տարով վարձակալողն ամիսը վճարում է 200000 դրամ, ապա մեկ ամսով վարձակալողը չի կարող այդ գնով վերցնել, որովհետև սահմանված նվազագույն շեմ կա, որը մինչև վեց ամիսն է, իսկ դրանից պակաս վարձակալողները վճարում են օրական, ինչի դեպքում էլ, համեմատության մեջ, կարճաժամկետն ավելի բարձր է լինում:

Բայց, իսկապես, կան դեպքեր, ես եմ տեսել այդ հայտարարությունները, օրինակ՝ Մասիվում վարձով բնակարանը ամսական 2000 դոլար է: Ընդհանուր շուկան, բնականաբար, բավականին թանկացել է՝ միջինում մի 20-30%-ով, ինչը բնական է շուկայական հարաբերությունների պայմաններում, բայց որ ասում են՝ տները եռակի թանկ են տալիս, այնքան էլ այդպես չէ, չհաշված բացառիկ մի քանի դեպքերը:

Կոնկրետ դուք մեկսենյականոց բնակարանն ի՞նչ գնով եք վարձակալության հանձնում:

– Ես Երևանի կենտրոնում օրավարձով տրվող չորսսենյականոց մեծ բնակարանը հանձնում եմ մոտավորապես 40-45 հազար դրամով, սովորաբար մեկ ամսով վերցնողի համար օրական հաշվում եմ 28-30 հազար դրամ, ինչն ամսական կազմում է մոտ 900000 ՀՀ դրամ, այսինքն՝ 1800 դոլարի կարգի:

Իհարկե, մեկ տարով վարձակալողի համար բարձր գին է, բայց այդ պարագայում ես տալիս եմ 1000 կամ 900 դոլարով, բայց քանի որ ես իրենց կարճաժամկետ եմ տալիս, բարձր եմ հաշվում, որովհետև, օրինակ՝ նույն ձմռանը ես ամիսներով հաճախորդ չեմ ունեցել, մեկը մյուսին կոմպենսացնում է: Այնպես չէ, որ օդից վերցրած գներ ենք սահմանում, շահույթս ավելացել է 20%-ով, բայց, կրկնում եմ՝ բնական է:

Պարո՛ն Բարսեղյան, իսկ առանձնատներ, օֆիսային տարածքներ վարձակալելու ցանկություն ունե՞ն:

– Չէ՛, հիմնականում բնակարան են ուզում ու՝ քաղաքի կենտրոնում, առանձնատունը շատ թանկ է, բացի այդ էլ՝ իրենք բարձր պահանջներ չեն ներկայացնում, ուղղակի ուզում են նորմալ, մաքուր տուն ու քաղաքի կենտրոնում:

Ձեր գործունեության ընթացքում նման պատկեր երբևէ ունեցե՞լ եք, թե՞ սա առաջին դեպքն է, որ ՌԴ-ից այսքան մեծ հոսք կա Հայաստան:

– Այս կարգի պահանջարկ երբևէ չեմ տեսել, նույնիսկ մեծ պահանջարկ ունեցող տարիներին, իսկ ամենալավը տուրիզմի մեջ եղել է 2019-ը, նույնիսկ այդ տարի սրան անգամ մոտ վիճակ չեմ տեսել:

Ասացիք, որ ազատ բնակարաններ գրեթե չկան, ընդհանուր շուկա՞ն նկատի ունեք, թե՞ միայն ձեր մասով եք ասում:

– Չէ՛, ընդհանուրի մասով եմ ասում, որովհետև գործընկերներ ունեմ, որ նաև իրենց եմ հաճախորդներ փոխանցում, ու տեղյակ եմ, որ իրենց մոտ էլ ազատ տեղեր չկան: Հնարավոր է, որ 1-2%-ի մոտ ինչ-որ բան մնացած լինի, բայց համոզված չեմ:

Հավելենք, որ անշարժ գույքի գործակալության գրասենյակների ներկայացուցիչների մեծ մասը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ վարձով բնակարան ձեռք բերելու պահանջարկն աննախադեպ աճել է, ինչը, բնականաբար, պայմանավորված է ՌԴ-ից Հայաստան եկողների մեծ թվով: Բայց թե որքա՞ն է ավելացել վարձակալողների թիվը, ինչքա՞ն են բարձրացել բնակարանների վարձերը՝ գործակալությունները կտրուկ հրաժարվում են ասել:

Alex-R անշարժ գույքի գործակալությունից «Մեդիալաբին» տեղեկացրին, որ իրենցից օֆիսային տարածքներ չեն ուզել, հիմնականում ուզում են մեկ ամսով վարձակալել բնակարան, իսկ բնակարանի սեփականատերերը չեն համաձայնում կարճաժամկետ բնակարանը տրամադրել:

Բացի այդ, խնդիր են նաև ռուսների կենդանիները, որովհետև, ինչպես ասացին գործակալությունից, նրանք հիմնականում եկել են շների հետ, իսկ սեփականատերերը կենդանիներ ունեցող վարձակալներին բնակարան չեն տալիս: Alex-R գործակալությունից ընդգծեցին նաև, որ դժվար է բավարարել բոլորի պահանջները, բայց աշխատում են դիմողներին առանց կացարանի չթողնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am