««Սևան» ազգային պարկ»-ը և «ԱրմԴայվինգ» ակումբը հուշագիր ստորագրեցին

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև օգոստոսի 27-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

«Այսուհետ երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման ուղղությամբ», – հայտնում են նախարարությունից:

Ըստ հուշագրի՝ աշխատանքների արդյունավետ իրականացման համար կողմերը կաջակցեն միմյանց համապատասխան սարքավորումներով, տեխնիկական միջոցներով:

Բացի այդ, հուշագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում էկոտուրիզմի խթանման, էկոզբոսաշրջային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ համատեղ քայլեր անել: