«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք կազմակերպող խմբավորումների կողմից ակնհայտ բռնություն գործադրելու և ՀՀ ոստիկանության անգործության վերաբերյալ.

Երեք ամիս շարունակ Երևանի կենտրոնական փողոցներում՝ Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի շենքի դիմաց սեղանիկներ տեղադրած և դրանց շուրջ կանգնած մարդիկ, որոնք հավաքում են ստորագրություններ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, ագրեսիվ բառապաշարով և բռնության կոչերով են ուղեկցում այդ տարածքներում հայտնվող իրավապաշտպաններին ու իրենց կարծիքը չկիսող անցորդներին։

Դեռևս երկու ամիս առաջ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը  պաշտոնապես դիմել էր Երևան քաղաքի Կենտրոնի ոստիկանության բաժին, պահանջելով անհապաղ հեռացնել առանց համայնքի ղեկավարի թույլտվության տեղադրված սեղանները, որոնց շուրջ հավաքված մարդիկ քաղաքում հանգիստ ու հրապարակային ոտնահարում են երևանցիների, և Երևան ժամանած օտարերկրյա քաղաքացիների արժանապատվությունը: Նման դիմումները ՀՀ ոստիկանության կողմից մնացել են  անպատասխան և պարարտ հող նախապատրաստել հանրային վայրերում տարբեր խմբերի նկատմամբ, այդ թվում Հայաստանի ամերիկյան համալսարանի երեք ուսանողի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու համար։

Այդ առիթով Հայաստանի ամերիկյան համալսարանի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հավատարիմ մնալով մարդու հիմնարար իրավունքներին դատապարտել է բռնության ցանկացած դրսևորում՝ լինի դա ֆիզիկական, վերբալ, թե՝ վիրտուալ տիրույթում:

Մեզ հաճախ ահազանգում են նաև Հայաստանի տարբեր մարզերից, տեղեկացնելով, որ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արշավ կազմակերպողները տարբեր մարզերում ևս հավաքում են ստորագրություններ, կազմակերպում հանրային միջոցառումներ, որոնք ուղեկցվում են բռնության ու ատելության քարոզով ու կոչերով՝ վերածվելով հաճախ ֆիզիկական բռնությունների։ 

Նման ակնհայտ բռնության դրսևորումներից հետո անգամ ՀՀ ոստիկանությունը որևէ գործուն միջոց չի ձեռնարկում՝ նշված ծայրահեղական խմբերին օրինականության շրջանակներում սահմանափակելու և հետագա բռնությունները կանխելու ուղղությամբ։

Ըստ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի՝ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Իսկ ոստիկանության խնդիրներն են ապահովել հասարակական կարգի անվտանգությունն ու պահպանությունը։

Այսպիսով, արձանագրում ենք, որ որոշ ծայրահեղական խմբավորումներ՝ ազգային արժեքների պաշտպանության քողի ներքո, Երևանի կենտրոնում իրականացնում են ատելության ակնհայտ քարոզչություն և բռնության թիրախավորված գործողություններ, որոնք սպառնում են ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը։ Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք․

ՀՀ ոստիկանությունից՝ իրականացնել գործողություններ, որոնք կբացահայտեն անցած երեք ամիսների ընթացքում կատարված ակնհայտ ապօրինի գործողությունների հանցավորությունը։

Տվյալ խմբավորումների գործողությունները չդադարեցնելու դեպքում ոստիկանական հերթապահող խմբեր տրամադրել՝ տեղում վերբալ և ֆիզիկական բռնությունը կանխարգելելու, ինչպես նաև անմիջապես քայլեր ձեռնարկելու իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանից՝ պարզաբանել, թույլտվության բացակայության պարագայում ինչպես է տվյալ խումբը Երևանի կենտրոնում սեղանիկներ տեղադրել և մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին հակասող գործունեություն, այդ թվում նաև բռնության քարոզ իրականացնում։ 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա