Հայաստանի ԱԺ-ն հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ հոբելյանական նիստը Երևանում անցկացնելու առաջարկով

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին:

ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին Երեւանում անցկացնելու առաջարկով:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:

Քննարկման առանցքում են եղել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր: