Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների՝ «ցանկացած վայրում և ձևաչափով»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար առաջնայինը պատերազմի դադարեցումն ու խաղաղության հաստատումն են։
Ինչպես հոկտեմբերի 17-ին գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում, Ուկրաինան պատրաստ է շարունակել բանակցություններն ԱՄՆ միջնորդությամբ։ «Մենք պատրաստ ենք բանակցել ցանկացած վայրում և ցանկացած ձևաչափով՝ եռակողմ, երկկողմ, քառակողմ կամ հինգ և ավելի մասնակիցներով։ Կարևորը խաղաղությունն է»,-նշել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ ակնկալում է Վաշինգտոնի ավելի մեծ ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք հույս ունենք, որ նրանք ավելի մեծ ճնշում կգործադրեն Պուտինի, այլ ոչ թե մեզ վրա։ Հակառակ դեպքում դա պարզապես անարդար է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն առաջարկել է արդեն հաջորդ շաբաթ կազմակերպել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում։
Զելենսկին նաև հայտնել է, որ Վաշինգտոնն աշխատում է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Հնարավոր վայրերից են Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, եվրոպական երկրներից մեկը կամ ԱՄՆ-ը՝ դեկտեմբերին նախատեսված G20 գագաթնաժողովի ընթացքում։
Սակայն Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ եռակողմ հանդիպման վերաբերյալ դեռ հաստատում չկա ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Միացյալ Նահանգներից։
Զելենսկին կարևորել է նաև Եվրոպայի մասնակցությունը բանակցային գործընթացին՝ առաջարկելով Ռուսաստանի հետ բանակցությունների առանձին եվրոպական ուղի ստեղծել։



















