«Շատերն այսօր շվարած են. մրցակցության մեջ մտած ուժերից որևէ մեկի մեջ չեն տեսնում արժանիք, որ ձայն տան». Աղասի Թադեւոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ խոսքն էլ ավելի է արժեզրկվել, մենք արդեն կոնկրետ հայհոյանքներ ենք լսում քաղաքական ուժերի ու դաշինքների առաջին դեմքերից, նախկին ղեկավարներից: Ինչպե՞ս եք սա գնահատում, ինչո՞ւ է մեր հասարակությունում խոսքի արժեքն այսքան իջել:

– Իհարկե ես համաձայն եմ, որ խոսքը, ըստ էության, չափազանց արժեզրկված է այն իմաստով, որ մենք խոսք բառի տակ նկատի ունենք ոչ թե պարզապես բառերի շարք, որի միջոցով կարելի է հոդաբաշխ ինչ-որ բան արտահայտել, այլ խոսք, որն իմաստ կրող միտք է արտահայտում: 

Դա գալիս է մեր քաղաքական իրողության սնանկությունից և քաղաքական վերնախավերի սնանկությունից: Սնանկություն ասելով՝ ես բոլորովին նկատի չունեմ այն, որ այդ մարդիկ բավականաչափ կրթված չեն, ունակ չեն մտքեր արտահայտելու: 

Բոլորովին, որովհետև բոլորն էլ ցանկության դեպքում կարող են բավականին հետաքրքրող խոսք ունենալ հանրության համար: Սնանկ ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ հենց քաղաքական պայքարում նրանց դրած նպատակների սնանկությունը, որտեղից էլ գալիս է խոսքի սնանկությունը: 

Միմյանց հետ մրցող ուժերի նպատակը ոչ թե Հայաստանում ստեղծված ծանրագույն ճգնաժամի հաղթահարման ուղիները գտնելն է, ցուցադրելը, ինչ անել և ինչպես անել հարցերի պատասխանները տալը, այլ միմյանց հանդեպ ոչ միայն պարզ հաղթանակ տանելը, այլ նաև հնարավորինս հակառակորդին ստորացնելը, ոչնչացնելը, հակառակորդի կարևորությունը մարդկանց աչքում արժեզրկելը: 

Երբ քաղաքական պայքարի նպատակը դառնում է մրցակցին պարզապես ոչնչացնելը, երբ դու ձգտում ես գալ իշխանության՝ նաև այդ ոչնչացնելու գործը շատ ավելի հաջող կազմակերպելու համար, այդ դեպքում քո բառապաշարը, հռետորաբանությունը և հասարակությանը ներկայացրած քո խոսքը դառնում են փաստացի հայհոյանք: 

Դրա համար մենք չենք լսում խոսք բառիս բուն իմաստով, խոսք, որն իմաստ արտահայտող միտք է, և այդ իմաստը կարող է վերաբերել մեր պետության ներկային, այնուհետև մեզ կառաջարկի՝ ինչ անել մեր ազգի առջև ծառացած դժվարագույն խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: 

– Պարոն Թադևոսյան, որտեղի՞ց եկավ այս ատելությունը և դարձավ դոմինանտ քաղաքական կյանքում: 

– Իհարկե խնդիր է, երբ մեր հասարակությունը ծանրագույն պատերազմական այդ փուլից հետո հայտնվել է մի քաղաքական իրադրության մեջ, որը ստեղծել են այսօրվա քաղաքական ագրեսիվ էլիտաները: 

Այդ ագրեսիան այս դեպքում ուղղված է ոչնչացմանը, բնաջնջմանը: Այստեղ արդեն կարևոր չէ, թե ում են ուզում բնաջնջել, որովհետև, վերջին հաշվով, մենք հասկանում ենք, որ միմյանց բնաջնջել ցանկացող քաղաքական այս վերնախավերը իրենք այն աստիճան են կենտրոնացած դեստրուկցիայի, բնաջնջման վրա, որ երկիրն են նաև տանելու կործանման, ով էլ լինի:

Իրենք պարզապես չունեն ստեղծված այս ծանրագույն իրավիճակի պատասխանատվության այդ խոր զգացումն ու գիտակցումը: Ըստ էության, այսօր իրար հոշոտող, իրար ատող, հասարակության մեջ ատելություն տարածող բոլոր քաղաքական վերնախավերը դրանով իրենց շատ-շատ հեռու են դնում հասարակության բավականին լուրջ հատվածից: 

Մենք այսօր շատ-շատ մարդկանց ենք հանդիպում, որոնք շվարած են ոչ միայն այն պատճառով, որ երկիրն է այս վիճակում, այլ նաև այն պատճառով, որ մրցակցության մեջ մտած ուժերից որևէ մեկի մեջ չեն տեսնում արժանիք, որ ձայն տան: 

Բայց մարդիկ ուզում են ձայն տալ մեկին, որովհետև բոլորը հասկանում են, որ քաղաքական իշխանության փոփոխության միջոցով է, որ Հայաստանը պետք է դուրս գա այս վիճակից: Միաժամանակ չեն տեսնում այդ փոփոխություն կատարելու իրենց տրված հնարավորությունը հենց այդ խոսքի սնանկության պատճառով:

– Ինչո՞ւ հասանք նրան, որ մեր հասարակության համար սովորական դարձավ բանավեճի, այս հայհոյանքի լեզուն, որը տեսնում ենք: Ի՞նչ պետք է լսի մարդը, որ հավատա: 

– Այնպես չէ, որ դա մեր հասարակության համար սովորական է դարձել, ամենևին սովորական չի դարձել: Ես շատ ավելի շատ մարդկանց գիտեմ, որոնց համար դա սովորական չի: Սա սարսափելի անսովոր է նաև անընդունելիության տեսանկյունից: 

Այդ իրար հայհոյող քաղաքական ուժերը հավանաբար լավ չեն հասկանում, որ հասարակության մի զգալի հատվածը պարզապես իրենցից հեռանալու է, իրենց որևէ կերպ չի արձագանքելու: 

Հետաքրքիրը գիտե՞ք ինչն է, որ բավականին բարձր է ընտրություններին մասնակցելու ցանկությունը, բայց քաղաքական ուժերի վարքագիծը աստիճանաբար տանում է նրան, որ մարդիկ չեն մասնակցի ընտրություններին, որովհետև արդեն չեն տեսնում որևէ արժանիք, ինչի համար արժի մասնակցել և ձայն տալ: 

Այսինքն՝ ցանկացած դեպքում քո մասնակցությունը բերելու է բացասական հետևանքի, որովհետև դու ձայն ես տալու իրենց բացասաբար դրսևորող ուժերից որևէ մեկին՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ ուժերը:

– Սոցցանցերում վերջին օրերին Փաշինյանին աջակցող գյուղացիների լուսանկարներ են տեղադրում և ծաղրում են նրանց, կարծես դրանով փորձում են վիրավորել հասարակությանը, ասում են՝ նայեք նրանց դեմքերին, տեսեք՝ ովքեր են ընտրելու Փաշինյանին: Սա ինչի՞ դրսևորում է:

– Ֆեյսբուքը չի արտահայտում հայաստանյան այսօրվա հասարակության պատկերը: Ամբողջ խնդիրը դա է: Այդ սոցիալական ցանցում գնալով ավելի ու ավելի է նեղանում այդպես հանդես եկող մարդկանց թիվը: 

Ես ինքս վերջին երեք ամսում Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքական բովանդակությամբ որևէ ստատուս չեմ գրել: Այսինքն՝ ես գիտեմ շատ-շատ մարդկանց, որոնք պարզապես անտեսում են այսօր այդ հարթակը, որովհետև այդտեղ հավաքված օգտատերերի մի զգալի հատվածը ֆեյքեր են, որոնք այդպիսի վարքագիծ են դրսևորում, որոնք նույն ատելության, անհանդուրժողականության, հայհոյանքի մթնոլորտ են ստեղծում այնտեղ: 

Ֆեյսբուքում և կյանքում մենք նույն բանին ենք հանդիպում, այսինքն՝ մարդկանց մի զգալի հատված պարզապես ոչ Ֆեյսբուքին է արձագանքում, ոչ էլ կյանքում այդ ատելություն տարածող, այսպես կոչված, քաղաքական էլիտաներին, որովհետև դու այդպես իրենց պահողներին այլևս էլիտա չես կարող ասել:

Մեր առջև կանգնած են շատ լուրջ խնդիրներ, բայց մենք չենք տեսնում այդ լուրջ խնդիրների հանդեպ լուրջ մոտեցումներ: Ֆեյսբուքը նույն վիճակում է գտնվում, ինքն արտացոլում է այն իրականությունը, որը Ֆեյսբուքից դուրս ստեղծված է որոշ խմբերի կողմից: 

Իրականությունն այն է, որ հասարակության մի հատվածը մտել է այդ տուրուդմփոցային ասպարեզ, իսկ մի զգալի հատվածն ընդհանրապես անտեսում է այդ պրոցեսը՝ իր արժանապատվությունից ցածր համարելով մասնակցել այդ ամենին: 

Մարդիկ իրենց արժանապատվությունից ցածր են համարում մասնակցել նման տիպի քարկոծումների, հայհոյախառն բանավեճերի, ստորագույն պիտակավորումներով հագեցած խոսքի: 

Մարդիկ փորձում են մեկը մյուսին ստորացնել, արժանապատվությունը վիրավորել: Շատերը հենց դրա համար էլ անտեսում են: Տպավորություն է, թե ամբողջ հասարակության մասին է, բայց դա շատ կեղծ տպավորություն է: 

Պարզապես արժանապատիվ մարդը այդ ասպարեզը թողել է հայհոյողներին: Վերջիններս իրար ինչ ասես չեն ասում, գիտեն, թե ամբողջ հասարակությունն իրենց նման վարգաքծի դրսևորումների մեջ է: Դա այդպես չէ: 

Մյուս կողմից՝ ականատես ենք լինում, որ կոնկրետ ուժի առաջին համարը հայերեն խոսել չգիտի և անգամ հումորի առարկա է դարձել: Բայց ես մեծ ցավ եմ ապրում, որ այդ թեկնածուն հայերեն գրված տեքստը չի կարողանում նորմալ կարդալ: Բարեբախտաբար, երեկ իմացա, որ նրա գրանցումը ուժը կորցրած են ճանաչել: 

Անկախ դրանից, նման անձանց ի հայտ գալը քաղաքական պայքարում արդեն ցուցիչ է, որ այդ մարդը մտածում է, որ կարող է քաղաքական էլիտա ներկայացնել, եթե բախտի բերմամբ փող ունի: 

Մենք շատ ենք ուզում իրականություն համարել այն, ինչ տեսնում ենք, բայց չենք համարում իրականություն այն, ինչը չենք տեսնում: Հասարակության զգալի մասը մակերեսին նկատելի չէ, բայց պետք է նկատի ունենալ, որ այդպիսի իրականություն էլ կա, որը ևս շատ ազդեցիկ է լինելու ընտրություններում: 

Այդ չերևացող իրականությունը ստեղծում են արժանապատիվ մարդիկ: Իսկ անարժանապատիվ մարդիկ ստեղծել են այն իրականությունը, որի մասին դուք ասացիք: 

Մանե Հարությունյան

MediaLab.am