Դադարեցվել են ԱՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է արձանագրություն՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի՝ Արթուր Իվանի Հարությունյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես էր եկել Արթուր Իվանի Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությամբ: