Ինչո՞ւ է Ադրբեջանը սադրանքի դիմում. Ըստ քաղաքագետների` Ալիևը փորձ արեց հանդես գալ որպես «նվաճող», բայց հակառակ էֆեկտ ստացվեց

Ադրբեջանն ուզում է փոխել ստատուս քվոն Արցախի սահմանին, բայց միաժամանակ ուզում է ավելի միջազգայնացնել այս կոնֆլիկտը, այդ պատճառով սադրանքի է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Ադրբեջանի սադրանքի պատճառները շատ են։ Օրինակ՝ Ադրբեջանին ոգևորում է Թուրքիայի պահվածքն աշխարհում։ Թուրքիան այսօր պատերազմ է մղում և՛ Իրաքի հյուսիսում, և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում։

Եվ Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի փոքր եղբայր, կրկնօրինակում է նույն պահվածքը։ Շատերն ուշադրություն չեն դարձնում, բայց Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իրոք դարձավ շատ ագրեսիվ»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել։ Դրանից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ կրակելով սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ»։

Տեղի ունեցածի մասին հայկական կողմը տեղյակ է պահել միջազգային կառույցներին։ Մասնավորապես, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: 

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ նիստ է հրավիրելու ստեղծված իրավիճակը քննարկելու համար, սակայն հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվել է։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ադրբեջանական կողմից այս գործողությունների կարևոր պատճառն այն է, որ Ադրբեջանն անհամբեր ուզում է փոխել ստատուս քվոն Արցախի սահմանին։

«Բայց թե ինչո՛ւ հենց Հայաստանի սահմանին սկսեցին այս ագրեսիան, դրա բացատրությունը հետևյալն է՝ նրանք ուզում են ավելի միջազգայնացնել այս կոնֆլիկտը։ Մի բան է Արցախ-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտումը, դա Մինսկի խմբի շրջանակներում է մնում։ Հիմա իրենք հենց Հայաստանի դեմ են ակտիվ գործում, որ միջազգայնացնեն այդ կոնֆլիկտը, այսինքն՝ ուզում են դուրս բերել այդ կոնֆլիկտի հարցը միայն Մինսկի խմբից»,- նշում է Գրիգորյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունը ողջունելի է, որովհետև ոչ մի դեպքում չի կարելի միայն պաշտպանվել, ասել՝ հակառակորդին հետ շպրտեցինք և հերիք է։

«Ո՛չ, անպայման պետք է պատժել, որ ինքը էլ չգա, թե չէ նորից պատերազմ կլինի։ Նրանք կարծես կամակոր երեխա լինեն, կամակորություն են անում, մինչև ձայնդ չես բարձրացնում, հետ չեն կանգնում։ Այսինքն՝ մինչև մռութներին չտաս, չեն հանգստանա։ Դա է պատճառը, որ ես ողջունում է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը»,- ասում է Ստեփան Գրիգորյանը։

Նա նշում, է, որ ողջունելի է նաև այն, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՀԱՊԿ։

«Մերոնք միամիտ չեն, հասկանում են, որ ՀԱՊԿ-ը չաշխատող կառույց է, բայց մենք ՀԱՊԿ անդամ ենք, նրանք պարտավոր են մեզ աջակցել։ Այդ աջակցությունը թող ռազմական չլինի, բայց քաղաքական կարող է լինել՝ հայտարարության տեսքով։ Մենք այս դեպքում ևս մեկ անգամ կհամոզվենք, որ ՀԱՊԿ-ը չաշխատող կառույց է։ Բայց մենք պարտավոր էինք տեղեկացնել, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանի վրա, ոչ թե Արցախի»,- նշում է Ստեփան Գրիգորյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ վերջին տարիներին Տավուշի հատվածում լայնածավալ ենթակառուցվածքներ են ստեղծվել։ Եվ հայկական կողմն արձագանքում էր հակառակորդի այդ գործողություններին։

«Այսինքն՝ նոր ստեղծված կրակակետերը ճնշելու և սահմանին իրավիճակը վերահսկելու համար հայկական կողմն ինքն էլ հաճախ փոխում էր իր կրակակետերը, ենթակառուցվածքները։ Եվ վերջին տարիներին հակառակորդը մի փոքր շատ ինքնավստահ էր դարձել՝ պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը, գնդակոծելով մայրուղիներ։ Նրանց թիրախը ավտոճանապարհները վերահսկողության տակ վերցնելն էր»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը։

Եվ ահա այս ֆոնին բավական տհաճ անակնկալներ է ստանում հակառակորդը, քանի որ հայկական կողմը մի քանի վայրերում, մասնավորապես, Դովեղի ու Չինարիի հատվածում ամրապնդեց դիրքերը։

«Եվ հակառակորդը փորձում է դիվերսիայի դիմել, ընդ որում, բավական պարզունակ ձևով՝ հայտնվելով տխուր վիճակում, երբ հայկական կողմը ոչ միայն ոչնչացնում է ՈՒԱԶ-ը, այլ նաև այն կետերը, որտեղից սկսում են կրակի տակ վերցնել հայկական դիրքերը՝ այդ թվում՝ հընթացս զբաղեցնելով մեկ շատ կարևոր ռազմավարական դիրք Չինարի գյուղի մոտակայքում»,- նշում է Սաֆարյանը։

Ադրբեջանական կողմի գործողությունների պատճառներից մեկն էլ այն կարող է լինել, որ այդ երկրի ներքին խնդիրները սրվում են։ Ալիևը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից՝ սահմանին նման սադրանքներ հրահրելով։

Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ ներսում Ալիևն արդեն երկար ժամանակ է՝ շատ անհանգստացած է հեղափոխության վտանգից։

«Դժգոհությունները, որքան էլ տեսանելի չեն, բայց շատ մեծ են Ադրբեջանում։ Երեկ էլ մենք սոցիալական ցանցերում այդ արձագանքներում տեսնում էինք, որ սովորական ադրբեջանցի օգտատերերն ուղղակի սուր քննադատության էին ենթարկում Ալիևի բռնապետական ռեժիմը։

Այո՛, Ադրբեջանում ներքին իրավիճակը շատ լուրջ է, Ալիևի դժգոհությունները պաշտոնյաներից շատ լուրջ են։ Վերջին շրջանում մենք պարբերաբար տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ձերբակալված պաշտոնյաներ, անգամ բանը հասավ նաև արտաքին գործերի նախարարությանը, երկու աշխատակից ձերբակալվեց։

Քննդատությունները շատ մեծ էին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովից, տպավորություն կա, որ Ալիևն այլևս չի տեսնում այդ երկուսի պաշտոնավարումը, որովհետև ինքը մեղադրում է, որ Մամեդյարովն ու Հասանովը ռազմաքաղաքական առումով պարտության են գնում»,- հավելում է Սաֆարյանը։

Այս հարձակմամբ նա փորձ էր արել հանդես գալ որպես «նվաճող Ալիև», բայց հակառակ էֆեկտն ստացվեց՝ բազմաթիվ զոհեր, վիրավորներ, նաև դիրքային կորուստներ։

Անդրադառնալով այն հարցին, որ ՀԱՊԿ-ն այս դեպքում էլ կարծես ուշացնում է իր արձագանքը, Սաֆարյանն ասում է՝ ՀԱՊԿ նիստը ժամանակավորապես հետաձգվել է՝ կողմերի միջև խորհրդակցություն անցկացնելու նկատառումներով։

«Թե հիմա ո՛րն է իրական պատճառը՝ ես չգիտեմ, բայց ակնհայտ է, որ դիրքավորում է գնում այս իրադարձության շուրջ՝ Թուրքիան ակնհայտ և առանց մեզ զարմացնելու երկու հայտարարություն է թողել, երկուսն էլ՝ Ադրբեջանին սատարող։ Եվ այս կտրվածքով շատ կարևոր է, թե ռազմաքաղաքական դաշինքը, որի անդամ է Հայաստանը, ինչ գնահատական կտա»,- ասում է Սաֆարյանը։

Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am