Ալիևի կեղծ պնդումները interfax-ին տված հարցազրույցում

Ռուսական interfax-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենց ենթադրությունների համաձայն սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմում հայկական կողմը կրել է ավելի քան 5000 մարդկային կորուստ։ Խոսելով ադրբեջանական բանակի կորուստների մասին՝ վերջինս շեշտում է, որ հայկական բանակում մարդկային զոհերի քանակը շատ ավելի մեծ է։

Հայտնում ենք, որ Ադրբեջանի նախագահի «ենթադրությունները» աղերս չունեն իրականության հետ։ Ի տարբերություն Ադրբեջանի կառավարության, որն իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պատճառաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք» է, հայկական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնում է սեփական կորուստների մասին։ Ներկայումս մեր զոհված զինծառայողների թիվը 1065 է։

Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե ադրբեջանական բանակի զոհված զինծառայողների թիվն ավելի փոքր է՝ հայկական կողմի համեմատությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է նաև հակառակորդի կրած տեխնիկական և մարդկային կորուստները։ Ըստ հրապարակված վերջին տվյալների՝ հակառակորդն ունի 6749 զոհ։

Տեղեկատվության ստուգման կենտրոն