«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը
– Պարո՛ն Արզումանյան, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումները չեն դադարում, տարբեր հայտարարություններ, հոդվածներ ու տեղեկություններ են հնչում՝ ԱՄՆ-ի կողմից այն վարձակալելու վերաբերյալ: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում:
– Առաջինը պետք է հասկանալ, որ այս ամենը լոկ հայտարարություններ ու խոսքեր են ու չարժի միանգամից լուրջ ընդունել: Հայաստանին պետք չեն հռչակագրեր կամ խոստումներ, այլ՝ ծրագիր, Հայաստանը պետք է խոսի ուրիշ լեզվով, ուրիշ տրամաբանությամբ ու այդ տրամաբանության մեջ Հայաստանը պետք է հրաժարվի միջանցքի մասին խոսելուց:
Հայաստանի համար միջանցքի խնդիր չէ, առնվազն հաղորդակցությունների խնդիր է: Հայաստանի համար այս գործընթացները զարգանում են մի քանի ասպարեզներում՝ աշխարհաքաղաքական, ինքնիշխանության, որը խիստ կարևոր է մեզ համար, անվտանգային ասպարեզը, հաղորդակցությունների ու տնտեսության:
Աշխարհաքաղաքական մասով. այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, Ռուսաստանի թուլության հետևանքն է, Ռուսաստանը օբյեկտիվորեն դուրս է գալիս Մերձավոր Արևելքից ու Կովկասից, Հարավային Կովկասից՝ հաստատ: Ռուսաստանը թուլանում է, հետ է քաշվում, դա նորմալ գործընթաց է, բացի դրանից՝ Իրանի՝ որպես տարածաշրջանի ուժային կենտրոնի դերը ևս թուլացել է պատերազմի հետևանքով: Այսպիսով, Հարավային Կովկասում առաջացել է աշխարհաքաղաքական վակուում, ինչն օբյեկտիվ գործընթացների հետևանք է, ու ԱՄՆ-ն երևի մտածել է, որ կարելի է լրացնել այդ վակուումը, ԱՄՆ-ն տեսել է, որ կա հնարավորություն, Ռուսաստանը դուրս է գալիս, իրենք են մտնում:
Ռուսաստանի թուլությունը բերեց հնարավոր փոփոխություններ մեր տարածաշրջանում, ու այս ամենի մեջ մենք պետք է հասկանանք, որ գլխավոր խնդիրը ինքնիշխանության խնդիրն է, ու Հայաստանը պետք է հստակ հայտարարի այս գործընթացին մասնակցող բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, որ Սյունիքի տարածքը, Հայաստանի տարածքը զիջման ենթակա չեն, պետք է հստակ ասել ո՛չ, դա պետք է անել, եթե չես անում՝ պարտվում ես աշխարհաքաղաքական ասպարեզում, եթե փորձես այս հարցում ինչ-որ փոխզիջումների գնալ, քեզ ուղղակի կոչնչացնեն:
Հստակ պետք է հայտարարել, որ Սյունիքը չի կարող հատուկ կարգավիճակ ունենալ, դա Հայաստանի տարածքն է, որտեղ գործում են ՀՀ օրենքները: Պետք է հստակ հայտարարել, որ ինքնիշխանությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են, եթե ոչ, մենք մտնում ենք պատերազմի մեջ՝ պաշտպանելու Սյունիքն ու Հայաստանը։
Հետո գալիս է հաղորդակցության խնդիրը, Հայաստանի համար հիմնական խնդիրն այն շրջափակումն է, որի մեջ գտնվում ենք Թուրքիայի պատճառով, սա պետք է հաղթահարվի, պետք է ապաշրջափակում տեղի ունենա: Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է միջազգային հաղորդակցություններ կազմակերպելու, եթե միջազգային հանրությունն ու ուժային կենտրոնները ապահովեն Հայաստանի ապաշրջափակումը: Եթե ապաշրջափակում չի լինելու, ապա անիմաստ է խոսել որևէ բանի մասին: Չես կարող տարածաշրջանային լուծում ունենալ, դա պետք է լինի աշխարհաքաղաքական կոմունիկացիոն լուծում, ու երկրները, որոնք ստորագրում են այդ փաստաթուղթը, պետք է հստակ ասեն՝ ով ի՛նչ պարտավորություն է վերցնում: Եթե Հայաստանը ստանում է նման երաշխիքներ, ապա կարելի է գործը գլուխ բերել:
Բացի դա՝ այն ընկերությունը, որն աշխատանքի կազմակերպման պատասխանատվություն է ստանձնում, անպայման պետք է նաև դա իրականացնի Ադրբեջանի տարածքում, ոչ միայն Հայաստանի տարածքում: Հաջորդ ամենակարևոր կետը՝ այդ ամենից ստացվող ֆինանսական օգուտից քանի տոկոս բաժին պետք է ունենա Հայաստանը, այս հարցը ևս պետք է հստակ լուծում ստանա:
Այսպիսով, Հայաստանը պետք է փաթեթային լուծում ընդունի ու պարտադրի, որ ամեն ինչ հստակ նկարագրված լինի: Այս պարագայում Հայաստանը կարող է մեծ օգուտ ստանալ ապաշրջափակումից: Ես չգիտեմ իհարկե, թե ինչ մոտեցում ունի ՀՀ իշխանությունը, նրանք իհարկե հայտարարություններ անում են, բայց այս յոթ տարվա ընթացքում ցույց են տվել, որ իրենց հայտարարություններին չպետք է հավատալ, ես չեմ վստահում այս իշխանությանը, խորհրդարանին ու այսպես կոչված ընդդիմությանը: Ես վստահ չեմ, որ Թուրքիան համաձայնելու է Հայաստանի ապաշրջափակման տարբերակին, ու կկարողանա՞ ԱՄՆ-ն ստիպել Թուրքիային՝ չեմ կարող վստահ ասել:
– Ձեր գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական կենտրոնները հիմա նախընտրում են միջանցքայի՞ն տարբերակը:
– Իմ ասած փաթեթային տարբերակը որոշ չափով խնդիրներ է ստեղծում այս կամ այն կենտրոնի համար, բայց Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը լուրջ է տրամադրված այս հարցի վերաբերյալ, որովհետև եթե դու ստանում ես միջանցք, ապա չես ստանում կայունություն: Եթե աշխարհաքաղաքական կենտրոններին այստեղ կայունություն պետք չէ, ապա դու պետք է ցույց տաս, որ հակառակ պարագայում դու պատրաստ ես մտնել պատերազմի մեջ: Թուրքիան պետք է տեսնի, որ Հայաստանը պատրաստ է Սյունիքի, Հայաստանի համար պատերազմի, որովհետև դա միայն Սյունիքի հարց չէ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















