Կասկածելի ծագմամբ Periodista Digital կայքում ներկայացվածը հիբրիդային պատերազմի հերթական դրսևորումն է. ՀՀ Կառավարություն

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն տեղեկացնում է, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև .

«Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս.թ. հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։

Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Ն․ Բաղդասարյանի՝ ս.թ. հուլիսի 21-ին «Արմենպրեսին»ն տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։

Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։