Բերձորի և Աղավնոյի բնակիչների և ճանապարհի համար լուծումներ գտնելու մասով մոտավորապես 1,5 տարի ունենք. ԱԽ քարտուղար

Բերձորի և Աղավնոյի հետ կապված հարցերը նոյեմբերի 9-ից սկսած քննարկվել են Արցախի գործընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ Արցախի իշխանություններն այդ մասով  աշխատանքներ են տանում։

«Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու մասով: Մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», – նշեց նա:

Խոսելով խաղաղության օրակարգից՝ ԱԽ քարտուղարն ասաց՝ այնպես չէ, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու:

«Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովելու  հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք  շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված»,-ասաց Գրիգորյանը: