«Աննախադեպ մրցակցային ընտրություններ էին, և դա միմիայն թավշյա հեղափոխության արդյունքն է»․ Տիգրան Գրիգորյան

«Աննախադեպ մրցակցային ընտրություններ էին, և դա միմիայն թավշյա հեղափոխության արդյունքն է»․ Տիգրան Գրիգորյան
«Աննախադեպ մրցակցային ընտրություններ էին, և դա միմիայն թավշյա հեղափոխության արդյունքն է»․ Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Մի քանի կետով ամփոփեմ ՏԻՄ ընտրությունները Արցախում:

1. Աննախադեպ մրցակցային ընտրություններ էին, և դա միմիայն Թավշյա հեղափոխության արդյունքն է: Եթե Հայաստանում հեղափոխությունը տեղի չունենար, հերթական անգամ կունենայինք 1 իշխանական թեկնածու ու մի քանի ստատիստներ:

2. Ընտրությունները խիստ ապաքաղաքականացված էին: Ստեփանակերտում 5 թեկնածուներից 4-ը ինքնաառաջադրվել էր: Դժվար էր հասկանալ, թե թեկնածուներից ով է իշխանական, իսկ ով՝ ընդդիմադիր: Նույն կուսակցության տարբեր թևեր աջակցում էին տարբեր թեկնածուների: Կային նաև զավեշտալի դեպքեր, երբ թեկնածու առաջադրած կուսակցության առաջնորդներից մեկը հրապարակայնորեն աջակցում էր այլ թեկնածուի: Քաղաքականը մի կողմ էր մղվել, առաջին պլան էին եկել ընկերական ու ազգակացական կապերը:

3. Մի շարք խոշոր համայնքներում անկախ կամ
ընդդիմադիր թեկնածուները կարողացան հաղթել: իշխանական թեկնածուները մեծ ռեսուրսներ էին օգտագործել, բայց պարտվել: Սա հույս է ներշնչում, որ վարչական ռեսուրսի ու փողի կուսակցություններին հնարավոր է լինելու հաղթել: Հատկապես ոգևորիչ է իշխանությունների պարտությունը Հադրութ քաղաքում և շրջանի մի շարք այլ համայնքներում: Մինչև հեղափոխությունը Հադրութի շրջանը Արցախի ամենաանազատ շրջաններից էր: Իրավիճակը այնքան անհույս էր, որ ընտրությունների ժամանակ որոշ կուսակցություններ նույնիսկ անիմաստ էին համարում քարոզարշավ անել այնտեղ: Հադրութում այս մասշտաբի փոփոխությունները լավ ցուցիչ են, թե Արցախը ինչքան ավելի ազատ է դարձել հայաստանյան հեղափոխությունից հետո: Հուսանք, որ Հադրութի օրինակը վարակիչ կլինի այլ շրջանների համար:

4. Մասնակցությունը իրականում բավականին բարձր էր: ՏԻՄ ընտրություններում ավանդաբար մասնակցությունը ավելի ցածր է լինում, քան համապետական ընտրություններում: Արևմուտքի խոշոր քաղաքներում տոկոսային առումով միշտ սրանից 2-3 անգամ քիչ մարդ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին: Օրինակ, երեկ Մոսկվայում մասնակցությունը 21 տոկոս էր»: