Փաշինյանը Քոչարյանին մեղադրեց Արցախի առաջին պատերազմի հաղթանակի քաղաքական արդյունքը ոչնչացնելու մեջ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ 1998-ին Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելով՝ ոչնչացվել է Արցախի առաջին պատերազմում տարած հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը նման տեսակետ հայտնեց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը

Փաշինյանն Արցախի առաջին պատերազմի ամենակարևոր քաղաքական և դիվանագիտական արդյունքը համարեց այն, որ 1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի փաստաթուղթը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: 

«Կարևոր քաղաքական արձանագրումը հետևյալն էր, որ փաստաթուղթը ստորագրվեց եռակողմ ֆորմատով՝ Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան: Սրանով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղը՝ այս նշաձողի մեջ դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետև երկու միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ ստորագրել է փաստաթուղթ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա 1996-ի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը համարեց ամենաառաջին մեծ ահազանգը՝ ՀՀ-ի համար: «Այդ գագաթաժողովում նախագիծ դրվեց շրջանառության մեջ, որի էությունը հետևյալն էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակներում: Այսինքն՝ միջազգային հանրությունն ասում է՝ կոնֆլիկտ ունեք, գնացեք լուծեք, բայց, մեծ հաշվով, ինչ կարգավիճակ էլ ունենա Ղարաբաղը, պետք է լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, սակայն, վետո է դրել փաստաթղթի վրա, այդպիսով այն չի ընդունվել, որից հետո դա դարձել է ԵԱՀԿ նախագահի հայտարարություն:

Նա հավելեց, որ մինչև 1997 թվականի  ապրիլը բանակցային գործընթացը շարունակվել է եռակողմ ձևաչափով: Ղարաբաղը, որպես ինքնուրույն կողմ, նստել է բանակցային սեղանի շուրջ:

«1997-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է վարչապետ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, 1998-ին դառնում է Հայաստանի նախագահ և առաջին բանը, որ տեղի է ունենում, այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից:

Սա պետք է արժանանա ճշգրիտ գնահատականի, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը ոչնչացվում է»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը կարևոր արձանագրում համարեց՝  Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին եռակողմ հանդիպումը՝ Հայաստան, ԼՂ, Ադրբեջան, տեղի է ունեցել 1997-ի ապրիլին Մոսկվայում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրն իր մայրաքաղաքում ընդունում է պատվիրակություն, որի կազմում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ է:

Սա, ըստ էության, Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորության անկյունաքարն է, սա չի նշանակում, որ պարտադիր կճանաչեն, բայց արդեն ճանաչված, որոշակի կարգավիճակ ունի»,-ասաց նա ու հավելեց, որ 1998-ից հետո ոչ մի այդպիսի հանդիպում տեղի չի ունեցել:

Փաշինյանը մեջբերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ 2009-ին Ստեփանակերտ այցելության ընթացքում հնչեցրած հայտարարությունը, թե Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ: «Կայացվել է որոշում, որով պատերազմի արդյունքները ոչնչացվել են»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը մեջբերեց նաև 2004-ին Ռոբերտ Քոչարյանի՝ «Голос Армении» թերթի ընթերցողների հարցերին տրված պատասխաններից մի հատված, որում նա անդրադարձել է Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելուն: «Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ՝ Ղարաբաղի ղեկավարությունը:

Հարց է առաջանում՝ միթե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետն ու փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել՝ խնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումն ու մոտեցումները մշակելու համար:

Այսինքն ՝ոչ թե մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևին, որին կհամաձայնի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»,-Քոչարյանի խոսքերը մեջբերեց Փաշինյանը:

«1998 թվականին Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից՝  Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ»,-նշեց նա: