Հրապարակված տեղեկությունները պարունակում են անճշտություններ, թերի են և կրում են ուղղորդող բնույթ. Կենդանաբանական այգի

Հրապարակված տեղեկությունները պարունակում են անճշտություններ, թերի են և կրում են ուղղորդող բնույթ. Կենդանաբանական այգի
Հրապարակված տեղեկությունները պարունակում են անճշտություններ, թերի են և կրում են ուղղորդող բնույթ. Կենդանաբանական այգի

Երեւանի կենդանաբանական այգու հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայտնում ենք, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ ղեկավարության հայտարարությունները և ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները պարունակում են անճշտություններ, թերի են և կրում են ուղղորդող բնույթ՝ փորձ անելով կասկածի տակ դնել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ կողմից ներկայացված տեղեկատվությունն առ այն, որ ԵԿԱ-ում վերջին երկու օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքերի հետևանքով անկած կենդանիները վնասվել են թափառող կենդանիների կողմից։

Ընդգծենք, որ ինչպես «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը, այնպես էլ  «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը հանդիսանում են համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, ուստի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներ են, ինչը ենթադրում է, որ դրանք պետք է առաջնորդվեն հստակ, ճշգրիտ և հավաստի տեղեկություններով, փաստերով, այլ ոչ թե՝ վարկածներով, կասկածելի և չճշտված տեղեկություններով։

Անկած կենդանիների մարմինների ուսումնասիրությունը, դիահերձումը, տեղանքի զննությունը, առկա հետքերի արձանագրումն ու հետազոտումն իրականացվել է ոչ միայն ԵԿԱ աշխատակիցների, այլև՝ Երևանի քաղաքապետարանի, ՍԱՏՄ, Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կենդանիների դիահերձման և հետագա ուսումնասիրման մասին համալիր տեղեկություններ կհրապարակվեն, երբ դրանք կլինեն ամբողջական։

Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատվում է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ «անտուն շների խումբը հարձակվել և հոշոտել է այգու երեք կենգուրուներին․․․ Այգու գրեթե 4 կիլոմետրանոց եզրագծով տարածքը չունի ցանկապատ, չկան տեսանկարահանող սարքավորումներ և պարբերաբար թափառող շները մուտք են գործում տարածք, այն դեպքում, երբ այգու կենգուրուներն ապրում են ազատավանդակներում»։ Նշենք, որ ԵԿԱ են այցելել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը։

Ուստի, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ ղեկավարության կողմից արված հայտարարությունները և տրված հարցազրույցները առաջին հերթին հակասում են Երևանի քաղաքապետարանի կողմից արված պաշտոնական հայտարարությանը, բացի այդ՝ պարունակում են ոչ ճշգրիտ և թերի տեղեկություններ, ինչպես նաև արատավորում են ԵԿԱ ամբողջ անձնակազմի ամենօրյա նվիրված աշխատանքը։

Այս պարագայում նման հայտարարությունները ոչ մասնագիտական են, քանի որ տարածքում չեն իրականացվել համալիր և ամբողջական ուսումնասիրություններ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ կողմից, բացի այդ՝ համապատասխան մարմինների կողմից դեռևս չեն հրապարակվել կենդանիների դիահերձման արդյունքները։ Հորդորում ենք «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ ղեկավարությանը հետևել Երևանի քաղաքապետարանի ընդհանուր գաղափարախոսությանը, չառաջնորդվել ոչ հստակ տեղեկատվությամբ, չհնչեցնել մեղադրանքներ պարունակող ոչ հիմնավոր հայտարարություններ և դրսևորել աշխատանքային սոլիդարություն»։