Էջմիածնում կատարված ավազակության գործով հետախուզում է հայտարարվել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 52-ամյա բնակիչը մուտք էր գործել «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, հետևից ծածկել խանութի մուտքի մետաղյա դուռը և վաճառողուհու նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ դանակով և ձեռքերով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարաբնույթ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցրել էր գումար և դիմել փախուստի՝ իր հետ վերցնելով նաև աշխատակցուհու բջջային հեռախոսը:

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Էջմիածնի 52-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: