Հիմա եթե վարչապետը մինչև 2050 թվականը իր խոստումները չկատարի, ո՞նց է լինելու. Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Պարո՛ն Պապյան, Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ ներկայացրեց մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը, ըստ որի 2050-ին ՀՀ բնակչությունը պետք է լինի 5 մլն, աշխատավարձը պետք է աճի 7 անգամ, պետք է ստեղծվի 1,5 մլն աշխատատեղ:

Ինչպե՞ս եք գնահատում ներկայացված ռազմավարությունը, և արդյո՞ք հասարակությունը մինչև 2050 թվականը սպասելու ուժ ունի:

– Սա ոչ թե ռազմավարական ծրագիր է կամ անգամ ուղենիշներ չեն, սրանք ցանկություններ են: Երկրորդ՝ եթե 2050 թվականի վերաբերյալ նման թվեր են հնչեցվում, ապա պետք է հարց առաջանա, թե ո՛վ է ստուգելու, ինչպե՛ս է ստուգելու և, ամենակարևորը՝ ո՛վ է լինելու պատասխանատու դրա համար: 

Այսինքն՝ եթե չի լինում, ի՞նչ պատասխանատվություն է հաջորդելու: Հետևաբար, վարչապետը նման կարգի հայտարարություններ չպետք է անի, պետք է հստակ ծրագրերով հանդես գա, այդ թվում՝ ռազմավարական: Այսինքն՝ պետք է նշվի ոչ միայն, թե ինչի՛ ենք ուզում հասնել, այլ նաև՝ ինչպե՛ս ենք ուզում հասնել: 

Այստեղ այդ «ինչպես»-ի պատասխանը չկար, որը կարևորագույն մասն է: Թե չէ մնացած մասով բոլորն էլ, բնականաբար, ցանկանում են հասնել բարձր արդյունքների, բայց դա քիչ է: 

– Երբ խոսում եք պատասխանատվության մասին, նկատի ունեք, որ 2050 թվականին այս կառավարությունը չի լինի իշխանության, չի կրի պատասխանատվություն, եթե այդ տեսլականներն իրականություն չդառնա՞ն:

– Իհարկե: Տեսեք՝ այսօր վարչապետը բաներ է խոստանում, և այդտեղ բարոյական պատասխանատվության պահ կա: Հիմա եթե նա իր խոստումները չկատարի, ո՞նց է լինելու:

Նա արդեն իսկ տվել է բազմաթիվ խոստումներ և չի կատարել, դրա պատասխանատվությունը կարող է լինել հաջորդ ընտրություններում քվեներ չստանալու ձևով:

Իսկ եթե 2050 թվականի խոստումները չի կատարում, ո՞նց է որոշվում պատասխանատվությունը: Եթե հիշում եք՝ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը 2020 մի ծրագիր ունեին, էլի էսպես հեռանկարային՝ 20-30 տարվա տեսլական էր: 

Սա էլ դրա պես մի բան է, սակայն նշված գործարարների դեպքում տարբերությունն այն է, որ իրենք մասնավոր անձինք են, պետության բյուջեից փող չեն ծախսում դրա վրա, իսկ այս դեպքում դա անընդունելի է, որովհետև վարչապետը պետք է հանդես գա հստակ ծրագրերով և դրանց իրականացման ուղիները նշի:


– Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ առաջիկա տարիներին իրենց նախընտրական ծրագրում նշվածը պետք է կյանքի կոչեն, իսկ սա ավելի հեռահար տեսլական է: 

– Նախընտրական ծրագրում նշվածն էլ չեն արել, որի համար պատասխանատվության հարցը կա, խոսքը դրա մասին է: Հետո, ի՞նչ է նշանակում՝ հեռահար: Ախր այստեղ որևէ հիմնավորում չկա:

Անգամ հեռահարը պետք է լինի որոշակի փաստարկված: Այստեղ շատ բաների որևէ հիմնավորում չկա: Հենց էն գլխից պարզ է, որ դա չի կարող այդպես լինել: Տպավորությունն այն է, որ սա պարզապես սիրուն քաղաքական PR է: 

– Առհասարակ իրատեսակա՞ն է, որ 2050-ին ՀՀ բնակչությունը լինի 5 մլն:

– Ո՛չ, իրատեսական չէ, որովհետև 5 բնակչության հասնելու համար պետք է ամեն օր, ներառյալ այսօր, ՀՀ բնակչությունն ավելանա 185 մարդով: Այսինքն՝ պետք է արտագաղթ չլինի, պետք է մահացածների և ծնվածների տարբերությունը 185 մարդ լինի, և այդպես ամեն օր մինչև 2050 թվականը: Մենք դա չունենք: 

Մեզ մոտ տարեկան ծնվում է 30-32 հազար երեխա, որն ավելի է կրճատվելու: Բայց մի այդքան էլ մահանում է: Մեզ մոտ ծնելիության ցուցանիշը բավարար չէ անգամ վերարտադրության համար:

Մեզ մոտ ծնելիության ցուցանիշը 1,4 է, մինչդեռ վերարտադրության համար 2,1 է պետք: Այսինքն՝ եթե մենք չխրախուսենք ներգաղթը և ծնելիության ցուցանիշը չբարձրացնենք, այս թիվն անգամ չենք կարող պահել: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2050 թվականին ՀՀ բնակչությունը 1,5 մլն է լինելու: 

– Նույնիսկ Լիբանանում առկա իրավիճակի պայմաններում մենք տեսնում ենք, որ լիբանանահայերի շրջանում զանգվածային ցանկություն չկա գալ, տեղափոխվել Հայաստան բնակության: Մեր կառավարությունը ծրագրեր է մշակում, բայց չեն գալիս: Ի՞նչն է պատճառը:

– Պատճառը տնտեսական վիճակն է: 2 օր առաջ ինձ մոտեցավ մի սիրիահայ, որը տեղափոխվել է Հայաստան և փոքր բիզնես ունի: Ասում էր, որ մաքսազերծման կարգը կտրուկ փոխվում է, և գները մի քանի անգամ բարձրանալու են, մինչդեռ Սիրիայում երբ մի բան թանկացնում էին, 5-6 տոկոսով էին անում, որ աստիճանաբար լինի:

Ասում էր՝ հազիվ ենք դիմանում, այս վիճակի փոփոխությունը ընդհանրապես մեզ զրկում է ապրելու հնարավորությունից: Հայրենասիրությունը՝ հայրենասիրություն, բայց մարդիկ պետք է կարողանան ապրել: 

– Քաղաքական երեք ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Վանեցյանի «Հայրենիքը», որոշել են հոկտեմբերի 8-ին հանրահավաք անել: Նրանք դեռ չեն հստակեցնում՝ կպահանջե՞ն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ ոչ: Այս ուժերը, ձեր կարծիքով՝ որևէ շանս ունե՞ն հաջողելու, ո՞վ կգնա նրանց հանրահավաքին:

– Կգնան իրենց հետևորդները: Ամեն ուժ ունի իր հետևորդները տարբեր պատճառներով: ՀՅԴ-ի պարագայում դա ավանդական անդամներն են, որոնք միշտ հավատարիմ են: 

«Հայրենիքը» շատ ակտիվ է աշխատում, լուրջ փող է ներդնում: ԲՀԿ-ն կառույցներ ունի և էլի փող է օգտագործելու: Կգնան մարդիկ, նրանք էլ գուցե հնչեցնեն հրաժարականի պահանջ, բայց անպայման չէ, որ դրանից հետո վաղը հրաժարականը լինի: 

Մարդիկ պետք է վարժվեն նման մտքերի, դրա համար էլ այդ մտքերը հնչեցնում են: Սա ազդանշան է նաև դրսի ուժերին, որ տեսեք, այստեղ կան ուժեր, որոնք նման պահանջներով են հանդես գալիս: Ընդհանրապես, շատանալու են նման ցույցերն ու պահանջները: 

– Հայտնի «Դոսյեում» կային տվյալներ նույն Ծառուկյանի մասով, Վանեցյանի մասով: 

– Այսինքն՝ եթե չտեսնեինք, մենք չգիտեի՞նք այդ բաները: Առանց տեսնելու էլ գիտեինք, այդտեղ նորություն չկար: Մենք, այսպես թե այնպես, գիտենք, թե ով ում շահերն է պաշտպանում: Ի վերջո, այդտեղ այնպես չէ, որ մարդիկ անպայմանորեն հավաքագրված են կամ ոչ: Որոշակի շահեր են պաշտպանում, և ամբողջը դրա շուրջն է գնում:

Մանե Հարությունյան

MediaLab.am