ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն ու գյուղի բնակիչները համատեղ ուժերով մաքրել է Ձորագլուխի հուշարձանի վրա արված գրառումները

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության և համայնքի պատասխանատուների նախաձեռնությամբ, ինչպես նաև Ձորագլուխ գյուղի բնակիչների աջակցությամբ այսօր մաքրվել են համայնքի հուշարձանի վրա կատարված գրառումները։ Այդ մասին տեղեկացնում են ՊՈԱԿ-ից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ համայնքի հուշարձանի վրա անհայտ անձը գրառում է կատարել։

«Մարզային ծառայության պատասխանատուները, ՊՈԱԿ-ի աշխատակազմը պարբերաբար հանդես են գալիս հուշարձանները չվնասելու կոչով, խնդրանքով, հորդորով։ Մշակութային ժառանգության պահպանությունը մեր ինքնության, մեր պատմության մի մասնիկն է։ Հուշարձանին վնաս հասցնելը ոչ այլ ինչ է, քան թշնամական պահվածք հայկական մշակույթի հանդեպ։

Հարգելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել մեր մշակութային ժառանգությանը, չվնասել այն, զերծ մնալ հուշարձանի վրա գրառումներ կատարելուց։ Հայրենիքը սեր է, մշակույթը սեր է։ Մենք պարտավոր ենք անմնացորդ նվիրումով սիրել մեր հայրենիքի ու մշակույթի ամեն մասնիկը», -հորդորում են ՊՈԱԿ-ից: