Տոնից տոն են կանանց հիշում և մեծարանքի խոսքերի հնչեցմամբ փորձում են կոմպենսացնել ամբողջ կյանքի ընթացքում կնոջը չգնահատելու ամբողջ ծավալը. Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

Տիկի՛ն Հովհաննիսյան, կանանց միամսյակն ավարտվում է, այսօր ապրիլի 7-ն է, կխնդրեմ, նախ՝ օրվա խորհրդի մասով ձեր խոսքը, և Հայաստանում այսօր կանանց իրավունքների պաշտպանվածության առումով ի՞նչ իրավիճակ է:

– Օրվա խորհրդի մասով, թույլ տվեք, որևէ բան չասել, իսկ իրավունքների մասով՝ բարդ իրավիճակ է հիմա, որովհետև կանանց դերի բարձրացման համար բավարար պայմաններ չկան ո՛չ քաղաքական, ո՛չ աշխարհաքաղաքական իմաստով: Հատկապես պատերազմական իրավիճակները բավական սրում են իրադրությունն ու թուլացնում կանանց մոտեցումների տեսանկյունից փոփոխությունները:

Կանայք, այնուամենայնիվ, մշտապես ավելի շատ են ձգտում խաղաղության, իսկ այսօր չունեն այդ հիմնական իրավունքը, և դրանից բխող բոլոր իրավունքների խախտումները ուղիղ առնչվում են կանանց հետ: Այն, որ տղամարդիկ բախվում են բռնության բավական բարձր տեսակի՝ պատերազմների հետ, հետո այդ տրավմաները, իսկ նրանց զոհվելու դեպքում՝ կանայք են ամբողջովին կրում ընտանիքի հոգսն ու բեռը և այլն:

Եթե տղամարդիկ վերադառնում են պատերազմից այդ տրավմատիկ իրավիճակում, այդ տրավմաները փոխանցում ու պրոյեկտում են իրենց ընտանիքներում, և այդ ամեն ինչի կրողը փաստացի կանայք են՝ այս բարդագույն իրավիճակում, երբ աշխարհում օրեցօր մեծանում է գլոբալ պատերազմների վտանգը:

Վերջին տարիներին Հայաստանում կնոջ դերի արժևորման ի՞նչ փոփոխություն է եղել, և իրավունքների պաշտպանության ուղղությամբ նոր աշխատանքներ արվե՞լ են:

– Իրականում օրենսդրական դաշտում կան որոշակի փոփոխություններ, որոնք, կարծես թե, պետք է նպաստեին, որ կանանց իրավունքների առումով տեղաշարժ լիներ, կինն առավել պաշտպանված լիներ, նրա դերը հասարակության մեջ բարձրանար, հատկապես երբ ավելանում են քվոտաներ տարբեր մարմիններում՝ կանանց մասնակցության տեսանկյունից:

Բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ այս պարագայում կանայք, այնուամենայնիվ, բախվում են բազմաթիվ խոչընդոտների իրենց իրավահավասար զգալու, բոլոր կարծրատիպերը կոտրելու և տարբեր խնդիրների վերաբերյալ հավասարի դիրքերից խոսելու:

Եթե վերանանք օրենսդրական դաշտի կարգավորումներից, կանանց տրվող քվոտաներից՝ սովորական կյանքում, իրենց ընտանիքում, շրջապատում, մեզանում կինը որքանո՞վ է արժևորված, նրան որքանո՞վ են արժանվույն գնահատում, թե՞ միայն հիշում են տոնից տոն ու ուռճացած, պաթոսախեղդ տեքստերով շնորհավորելով են սահմանափակվում:

– Իրավացի եք, իսկապես տոնից տոն են կանանց մեզանում հիշում, որովհետև կնոջը կարևորել և ըստ արժանվույն գնահատել՝ նշանակում է կնոջը իր կյանքի, որոշումների կայացման, իրավունքների իրացման տեսանկյունից ազատություն տալ, և քանի դեռ կնոջն այդ ազատությունը տրված չէ, փաստացի ստանում ենք որոշակի տոներին մեծարանքի հնչեցում, որոնք փորձ են անում կոմպենսացնել ամբողջ կյանքի ընթացքում տեղ գտած բացթողումները, անտեսումները, կնոջը չգնահատելու ամբողջ ծավալը:

Տիկի՛ն Հովհաննիսյան, որպեսզի Հայաստանում քիչ թե շատ վերանան ձեր նշած խնդիրները, ու կինը ստանա այդ ազատությունը, ի՞նչ է անհրաժեշտ:

– Իրականում անհրաժեշտ է հասարակության ներսում մարդկանց դիտարկել որպես արժանիքներ կրող հավասար էակների, այսինքն՝ սեռայնացված պատկերացումները, սեռային կարծրատիպերը, որոնք վերագրվում են տղամարդկանց ու կանանց, պետք է իրականում բավական մեղմվեն:

Դրա համար անհրաժեշտ գործիքներն առաջին հերթին կրթությունն է, երկրորդը՝ զանգվածային լրատվության միջոցները, որոնց միջոցով հնարավոր է փոխել մարդկանց պատկերացումներն ու բերել նոր տիպ, ապրելակերպի որակ: Ի վերջո՝ բացատրել, թե հասարակությունն ինչ նոր կառուցվածք կունենա ու որքանո՞վ ավելի ապահով, հանգիստ ու ազատ կապրի, եթե այդ պայմանականություններից ձերբազատվի: Սա կարևոր է նաև տղամարդկանց համար, որովհետև այն դերերը, որոնք վերագրվում են նրանց, ևս շինծու են ու չափազանցված: Իրականում նրանք ևս փորձում են մտնել բռնարարի կերպարի մեջ ու դրանից կառչած՝ փորձում են վերարտադրվել:

Պետք է նաև վերացնել մեզանում արտոնյալների և ոչ արտոնյալների բաժանումը: Մեր հասարակության մեջ այդ արտոնությունից օգտվելու մարմաջը շատ մեծ է. մարդիկ խոնարհվում են իշխանություն ունեցողների առջև, հարստություն ունեցողների առջև, և այդ հիերարխիկ պատկերացումն ուղիղ համեմատական է նաև տղամարդու և կնոջ միջև անհավասարության պատկերացումներին, որովհետև տղամարդիկ, այսպես կոչված, արտոնյալներ են ի ծնե:

Երբ մենք մերժում ենք այն երեխաներին, որոնք իգական սեռի են, մենք առաջին հերթին ընդգծում ենք, որ արտոնյալը տղամարդիկ են, նրանք իրավունք ունեն ծնվելու, նրանք են ցանկալի այս հասարակության մեջ ապրելու համար: Սրանով իսկ ֆիքսում ենք, որ մենք սիրում ենք արտոնյալներին ու նրանց էլ տալիս ենք նախապատվությունը: Սա շատ ցցուն կերպով զգացվում է կին-տղամարդ հարաբերություններում, կինը ենթակա է, տղամարդը՝ արտոնյալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am