«Ստորագրված փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը. նման բան չկա»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
Եղոյանի խոսքով՝ այս հարցում որոշիչը քաղաքական հայտարարությունները չեն, այլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ընդունված և ստորագրված փաստաթղթերը։
«Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել։ Մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն, նման տերմինով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չունի։ Հայաստանի տարածքում գոյություն ունի ԹՐԻՓՓ նախագիծը, որի տակ դրված են Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրությունները»,-ասել է նա։
Պատգամավորը նաև հիշեցրել է, որ դրանից հետո հրապարակված փաստաթղթերում, այդ թվում՝ օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով ընդունված եռակողմ համատեղ հայտարարությունում, «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը նույնպես չի օգտագործվում։
Տեղեկացնենք, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Ինչպես գիտեք, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր…»։ Նա նաև նշել էր, որ Վաշինգտոնի պայմանավորվածություններից հետո նախագիծը, որը կոչվում է TRIPP, արդեն սկսել է իրականացվել։



















