Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի բանակի նկատմամբ

Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի բանակի նկատմամբ
Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի բանակի նկատմամբ

Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում հայկական բանակի աշխատանքը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման ընթացքում մասնակիցների ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք է արտահայտել բանակի նկատմամբ: Բանակին հաջորդում են ՀՀ նախագահի աշխատակազմը և վարչապետի աշխատակազմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցների 91 տոկոսը դրական է արտահայտվել բանակի նկատմամբ, 8 տոկոսը՝ բացասական, 1 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:

ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատանքը դրական է գնահատել հարցման մասնակիցների 82 տոկոսը, 15 տոկոսը՝ բացասական, 3 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:

ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 76 տոկոսը, 22 տոկոսը բացասական է գնահատել, 1 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:

Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ դրական վերաբերմունք է արտահայտել հարցվածների 74 տոկոսը, 21 տոկոսը բացասական է արտահայտվել, 5 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը դրական է գնահատել հարցման մասնակիցների 63 տոկոսը, 24 տոկոսը բացասական, 13 տոկոսը նշել է «պատասխան չունեմ» տարբերակը:

Հարցվածների 63 տոկոսը դրական են գնահատել Ազգային ժողովի և կառավարության աշխատանքը: 34 տոկոսը բացասական է գնահատել կառավարության աշխատանքը, 35 տոկոսը՝ խորհրդարանի աշխատանքը:

Հարցման մասնակիցների մեծ մասը բացասական գնահատական է տվել դատախազության և դատարանների աշխատանքին: Դատախազության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 38 տոկոսը, բացասական՝ 55 տոկոսը: Դատարանների աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 36 տոկոսը՝ բացասական՝ 57 տոկոսը:

Հարցվածների մեծամասնությունը բացասական վերաբերմունք է արտահայտել նաև քաղաքական կուսակցությունների նկատմամբ. 42 տոկոսը քաղաքական կուսակցությունների նկատմամբ դրական վերաբերմունք է արտահայտել, 52 տոկոսը՝ բացասական: