«Քոչարյանի փաստաբանները պետք է հաշվի նստեն այն իրողության հետ, որ մարդիկ չեն կարող մոռանալ կատարվածը». Ժաննա Ալեքսանյան

Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն անձամբ իր հասցեին որևէ սպառնալիք չի ստացել: «Իմ գործընկերները, որոնք սոցիալական ցանցերում էջեր ունեն, նրանք են սպառնալիքներ ստանում։ Ես բոլոր դեպքերում որևէ տեղ չեմ դիմել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն անձամբ իր հասցեին որևէ սպառնալիք չի ստացել: «Իմ գործընկերները, որոնք սոցիալական ցանցերում էջեր ունեն, նրանք են սպառնալիքներ ստանում։ Ես բոլոր դեպքերում որևէ տեղ չեմ դիմել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Քոչարյանի մեկ այլ փաստաբան՝ Հայկ Ալումյանը, օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել էր իր և մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվող վիրավորանքներին, սպառնալիքներին և անեծքներին, ընդգծելով, որ պատճառը իշխանությունների հանդուրժողականությունն է նման երևույթի հանդեպ: «Ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն: Սա է ցավալի, այլ ոչ թե վիրավորանքները…»- գրել էր փաստաբանը։

Արամ Օրբելյանի կարծիքով՝ համացանցում հնչող սպառնալիքները կարող են ազդեցություն ունենալ փաստաբանների գործունեության վրա: Ըստ փաստաբանի՝ ազդեցության երկու սեգմենտ կա: «Օրինակ՝ իմ ծնողներն ինձ ասում են՝ զգույշ եղիր։ Խոսքը պետության կողմից սպառնալիքների մասին չէ, բայց պետությունը չի արձագանքում մասնավոր անձանց կողմից սպառնալիքներին։ Ես այդքան մտավախություն չունեմ, որ պետությունը կարող է ինչ-որ բան անել փաստաբանի հանդեպ, որքան իրականում մասնավոր անձինք կարող են համարել, որ ինչ-որ բան այն չէ, և իրենք փորձեն գործողություն իրականացնել»,- ասաց նա։

Եթե ինքն ստանար նման սպառնալիքներ, ըստ Օրբելյանի, դա որոշակիորեն կշեղեր իրեն աշխատանքից. «Դա էլ մարդուց, տարիքից է կախված։ Ամեն մեկը կարող է տարբեր ձև ընդունել»։

Օրբելյանի խոսքով՝ պետությունը պետք է շատ հստակ ազդակ տա, որ ինքն անընդունելի է համարում այդպիսի որևէ սպառնալիք կամ վիրավորանք. «Այս պահին, ցավոք, անհատներից բացի, ինստիտուցիոնալ որևէ արձագանք չենք տեսել։ Սպասում ենք, թե երբ կառավարությունից կլինի այդ ինստիտուցիոնալ արձագանքը»։

Այսքան մեծ թվով փաստաբանների ներգրավումը գործում Արամ Օրբելյանը բացատրում է գործի մեծ ծավալով: Փաստաբանի խոսքով՝ 30-ից ավելի քննիչ է զբաղվում այդ գործով. «Այս գործով ընդամենը 4 փաստաբան է զբաղվում։ Փաստաբանները միայն հայտարարություն անելու համար չեն։ Մենք վերլուծում ենք հսկայական ծավալի ինֆորմացիա, տեղեկացնում ենք միայն դրա փոքր ծավալի մասին»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ թեև բացասական է գնահատում պաշտպանների հասցեին հնչող սպառնալիքները, սակայն վստահ է, որ դրանք զուտ խոսքեր են՝ պայմանավորված Քոչարյանի անձի հանդեպ վերաբերմունքով:

«Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարում է, որ որևէ այլ գործով չի ստացել սպառնալիքներ։ Բայց դա կանխատեսելի էր, քանի որ հասարակության մեջ ատելությունը շատ մեծ է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Այդ ձևով մարդիկ իրենց զայրույթն են արտահայտում Քոչարյանի նկատմամբ։ Մարդիկ չեն մոռացել այդ արտառոց իրավիճակները, դաժան վերաբերմունքը, ծեծն ու ջարդը, որ ժամանակին իրականացրել է Քոչարյանն իրենց հանդեպ։ Ժամանակին արյունլվիկ էին արել Ազատության հրապարակը, Հյուսիսային պողոտան, դրանք մարդկանց արյունով ողողված էին։ Բնական է, որ այդպիսի ռեակցիա կարող է լինել։ Ես չեմ արդարացնում սպառնալիքները, բայց նաև կարծում եմ, որ դրանք տեղ չհասնող սպառնալիքներ են։ Մարդիկ պարզապես այդպես արտահայտվել են»,- ասաց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ փաստաբանները պետք է հաշվի նստեն այն իրողության հետ, որ մարդիկ չեն կարող մոռանալ կատարվածը:

«Մարդիկ տառապանք են կրել, ես էլ եմ այդ ամենին այդպես վերաբերվում։ Ես չեմ պատրաստվում որևէ մեկին սպառնալ, բայց կարծում եմ, որ փաստաբաններն էլ պետք է պահպանեն կոռեկտությունը։ Պետք է չափի մեջ լինեն, քանի որ սա հանրության ցավն է։ Այսպես միանշանակ մեղադրել մարդկանց ես չեմ պատրաստվում։ Թող լինեն հսկողություն, զգուշացում, բայց փաստաբանների համար դա կանխատեսելի էր։
Հարգարժան Հայկ Ալումյանը, որ սրանից առաջ պաշտպանում էր Բուդաղյանների շահերը, իմ ընկերն է։ Ես տեսել եմ, թե այդ ժամանակ ինչպես էր հանրությունը մեկ մարդու նման աջակցում Հայկ Ալումյանին, երբ նա դեմ էր դուրս եկել Լիսկային ու ընդհանրապես ստեղծված իրավիճակին։ Իսկ հիմա հակառակ իրավիճակն է։ Ակնհայտ է, որ Հայկ Ալումյանն այս դեպքում հանրային աջակցություն չի ստանա»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը վստահ է, որ Մարտի 1-ի ամբողջական բացահայտում է լինելու, իսկ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է համարում:

«Թող Քոչարյանը որքան ուզում է փաստաբաններ վարձի, բայց կարծում եմ, որ նա պետք է մնա կալանքի տակ։ Ես կարծում եմ՝ ՀՔԾ-ն կունենա այն հիմնավորումները, որ կալանքի տակ պահի Քոչարյանին, քանի որ նրա ազդեցիկ լինելը, նախկին նախագահ լինելը ուղղակի նշանակություն ունեն, և կարող են գործի վրա ներգործություն ունենալ։ Դրա համար կարծում եմ՝ կալանքը ճիշտ որոշում է։ Մենք նախկինում տեսել ենք, թե ինչպես էր Քոչարյանը միայնակ լուծում նման հարցերը։ Հիմա ընդամենը պետք է հիմնավորել այդ ամենը, որ կալանքը դատարանը վերահաստատի»,- նշեց նա:

Մանե Հարությունյան

Medialab.am